Սամվել Ֆարմանյանն ընդունեց Վլադիմիր Կարապետյանի առաջարկը
Թիվ 2 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված ՀԱԿ թեկնածու Վլադիմիր Կարապետյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ հրապարակավ բանավեճի է հրավիրում իր մրցակցին` Սամվել Ֆարմանյանին:
Ֆարմանյանը «Ֆեյսբուքի» իր անձնական էջում, արձագանքելով Կարապետյանի առաջարկին, գրել է. «Հեռուստատեսային քաղաքական բանավեճը քաղաքակիրթ ընտրապայքարի կարևոր ու ստանդարտ բաղադրիչներից մեկն է: Ավելորդ է ասել, որ ես պատրաստ եմ նման բանավեճի: Քաղաքացին, ընտրողը նաև համեմատության մեջ ընտրություն կատարելու հնարավորություն պետք է ունենա: Բայցև, չեմ էլ կարծում, որ նույնիսկ մեր օրերում ու քաղաքական մեր մշակույթի պայմաններում քաղաքական հեռուստատեսային բանավեճին մասնակցությունը դա ասպետության պես մի բան է: Ինձ համար դա շատ ստանդարտ, սովորական նախընտրական քաղաքական բաղադրիչ է: Ընդամենը»:
Անդրադառնալով Հայաստանի հանրային հեռուստաընկերության կողմից մրցակցության անհավասար պայմաններ սահմանելու վերաբերյալ Կարապետյանի հայտարարությանը` Սամվել Ֆարմանյանը գրել է. «Հատուկ չեմ անդրադառնում պարոն Կարապետյանի կողմից հնչեցված այլ գնահատականներին, քանի որ այդ ամենի ժամանակը կլինի: Միայն հավելեմ, որ ես երկար ժամանակ է չեմ այցելում հեռուստատեսություն, գտնվում եմ արձակուրդում, ինչն, ի դեպ, ոչ թե օրենքի պահանջ է, այլ իմ կողմից կայացված քաղաքական որոշում, և զբաղվածության թելադրանքով նույնիսկ տեղյակ չեմ ինչ լուրեր են հեռարձակվում Առաջին լրատվականի եթերում: Անկեղծորեն խոստովանեմ, նույնիսկ չեմ հասցնում նայել: Եթե պարոն Կարապետյանը խոսում է Հ1-ի կողմից անհավասար պայմանների մասին, ապա ես ենթադրում եմ, որ Առաջին լրատվականի եթերում ինձ լուսաբանել են, իրեն՝ ոչ: Գուցե ե՞ս էլ իմանամ, թե ինձ երբ են լուսաբանել»:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը