ԱԺ-ում պարտադրված ընդմիջում է. Խմբակցությունները մտածելու բան ունեն
ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը խմբակցության անունից 20 րոպե ընդմիջում վերցրեց, որպեսզի բոլոր խմբակցությունները ևս մեկ անգամ քննարկեն «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի նախագիծը: Այն, ըստ պատգամավորի, ունի բազմաթիվ հոդվածներ, որոնք խնդրահարույց են և այդ իսկ պատճառով նախագծին անհրաժեշտ է հստակ դեմ արտահայտվել:
«Ուզում եմ, որ բոլոր խմբակցությունները ևս մեկ անգամ քննարկում կազմակերպեն այս նախագծին դեմ լինելու հաստատմանը, որովհետև բազմաթիվ հոդվածներ, օրինակ` ֆիզիկական անձանց կողմից մարդու մասին տվյալներ հավաքելը կամ օտար երկրներին մարդու տվյալները տրամադրելը և այլն խնդրահարույց են»,- հայտարարեց նա` հորդորելով այդ 20 րոպեների ընթացքում խմբակցությունների ևս մեկ անգամ հետևություններ անել:
Նշենք, որ նախագծի քննարկումը մեկնարկել է նախօրեին, պատգամավորների մեծամասնությունը քննադատորեն մոտեցան դրան, քանի որ շատերի համար անհասկանալի է, թե ինչ խնդիր է լուծելու նախագիծը: Մասնավորապես, ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանը հայտարարել էր, որ այս օրենքը աղավաղում է ՀՀ Սահմանադրությունով ֆիքսված մարդկանց իրավունքների պաշտպանությունը, մինչդեռ պետք է միտված լիներ դրանց ապահովմանը:
Նշենք նաև, որ նախագիծը կարգավորում է պետական կառավարման կամ ՏԻՄ-երի, պետական կամ համայնքային հիմնարկների կամ կազմակերպությունների, իրավաբանական կամ ֆիզիկական անձանց կողմից անձնական տվյալները մշակելու, դրանց նկատմամբ պետական հսկողություն իրականացնելու կարգն ու պայմանները:
Պետական և ծառայողական, բանկային, նոտարական, փաստաբանական ապահովագրական գաղտնիք համարվող, ազգային անվտանգությանը կամ պաշտպանությանը առնչվող գործողությունների ժամանակ օգտագործվող, ինչպես նաև փողերի լվացման և ահաբեկչության դեմ պայքարի, օպերատիվ-հետախուզական գործունեության ընթացքում և դատավարություններում օգտագործվող անձնական տվյալների հետ կապված առանձնահատկությունները կարգավորվում են այլ օրենքներով:
Թեմային առնչվող`
Ի՞նչ խնդիր է լուծելու «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքը