Իզաբելա Մուրադյան. «Արմավիա»-ի սնանկացումը ոլորտի չկարգավորված լինելու հետևանք է
Ինքն իրեն սնանկ հայտարարծ «Արմավիա» ընկերությունը ոչ թռիչքներ է իրականացնում, ոչ էլ դատարան է դիմում: Ընկերության, նրա աշխատակազմի հետագա ճակատագրի, անելիքների մասին լռում են թե ընկերությունը, թե ՔԱԳՎ-ն, թե կառավարությունը: Հանրային խորհուրդը պատրաստվում է օրերս քննարկում հրավիրել խնդրի վերաբերյալ, մտադիր են հրավիրել ու լսել շահագրգիռ բոլոր կողմերին, քննարկել իրավիճակից դուրս գալու ուղիները:
Հանրային խորհրդի օդային տրանսպորտի հաղորդակցության ենթահանձնաժողովի փոխնախագահ Իզաբելլա Մուրադյանը Panorama.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ «Արմավիա» ընկերության սնանակացումը ոլորտի չկարգավորված լինելու, ինչպես նաև ժամանակին կառավարության կողմից քայլեր չձեռնարկելու հետևանք է: Դրա համար անհրաժեշտ է «Օդային օրենսգրքի» ընդունում:
«Պետք է բոլոր հարցերն ու խնդիրներն օդային օրենսգրքով նախատեսվեն և ոլորտը կարգավորվի վերջապես, այսօր որևէ կերպ չեն կարգավորվում այդ ոլորտում գործող սուբյեկտների հարաբերությունները»,-ասաց Մուրադյանն ու հիշեցրեց անցած տարվա դեպքերը, երբ «Զվարթնոց» պարտքի պատճառով հրաժարվեց ավիաընկերության օդանավերը սպասարկելուց: ՀԽ ներկայացուցչի կարծիքով, եթե լիներ նման օրենսգիրք, ապա նման դեպքերում ոչ թե թռիչքներ չէին իրականացվի ու արդյունքում էլ կտուժեին մեր քաղաքացիները, այլ խնդիրը կլուծվեր դատարանում:
Մուրադյանի խոսքով, այսօր ՔԱԳՎ-ն ոլորտը զարգացնելու որևէ գործառույթ չունի: «Հիմա հստակ կարելի է ասել, որ վարչությունը չի զարգացրել ոլորտը, բայց օրենք էլ չի խախտել: Դրա համար պետք է հստակեցվեն պարտականությունները, փոխհարաբերությունները, պատասխանատվությունը: Հիմա մենք ունենք «Ավիացիայի մասին» օրենքը, սակայն անհրաժեշտ է փաթեթ, այդ բարդ փոխհարաբերությունները չեն կարող կարգավորվել մեկ օրենքով, եթե նույնիսկ դա շատ լավ օրենք է»,-ասաց Իզ. Մուրադյանը: Նրա գնահատմամբ, եթե նույն վիճակում մեկ ուրիշ ընկերություն մտնի շուկա, ապա վաղ թե ոիշ կբախվի նույն խնդիրներին:
ՀԽ-ում նախնական քննարկումների արդյունքում եկել են եզրակացության, որ վարչպետին կից պետք է ստեղծվի հանձնաժողով, որտեղ ընդգրկված կլինեն ՔԱԳՎ, օդանավակայանի, ազգային փոխադրողի, ՀԽ, «Ավիացիոն միավորում ՀԿ-ի ներկայացուցիչներ, որպեսզի հարցերի լուծման ճիշտ ուղիներ ուվագծվեն:
Ի. Մուրադյանը նշեց, որ այս պահին ավելի ռեալ է «Արմավիա»-ի վերականգնումը, քան նոր ընկերության մուտքը շուկա:
«Երբ զրոյից սկսում եք, միշտ չէ, որ հաջողվում է նորի աճեցումը: Ավելի հեշտ է եղածը վերաձևավորել, քան ամեն ինչ նորից սկսել»,-ասաց նա: Բացի այդ, նրա կանխատեսմամբ, իրավիճակին հետևելու է ընկերության աշխատակիցների մի մասը հայրենիքից հեռանալը, մյուս մասն էլ կորցնելու է հմտությունները:
Սակայն ով էլ գա շուկա, Մուրադյանի համոզմամբ, պետությունը պետք է ընկերությունից բաժնեմաս ունենա:
«Դա պետք է լինի 26 տոկոսից ավելին: Դա արգելակող փաթեթն է, որպեսզի հսկելու հնարավորություն ունենա: Եթե խոսում ենք ազգային ավիափոխադրողի մասին, ապա պետք է այդպես լինի»,-ասաց ենթահանձնաժողովի նախագահը:
Նրա խոսքով, այս իրավիճակում պետությունը պետք է բանակցություններ վարի ավիաընկերության հետ, ձեռք բերի բաժնեմաս: Մուրադյանն ասում է, ուսումնասիրէլ է ուրիշ երկրների փորձը, ազգային ավիափոխադրողների բաժնեմասերում պետության մասնակցությունն էլ կա:
«Օրինակ, «Թուրքիշ էյրվեյսի դեպքում դա 49 տոկոս է, «Աէրոֆլոտի» դեպքում` 51 տոկոս, Չեխական ավիաուղիների դեպքում` 97 տոկոսն է»,-ասաց նա, հիշեցնելով, որ ճգնաժամի պայմաններում Ավստրիական ավիաուղիներին փրկեց պետության ցուցաբերած աջակցությունը:
Մուրադյանն արձանագրում է, որ այս պահին լռություն է, բայց մի բան հստակ է, պետք է լինի պետության մասնակցությամբ ազգային ավիափոխադրող, քանի որ Հայաստանի գեոստրատեգիական դիրքն է պարտադրում:
Նախորդող հրապարակումներ`
Արմավիան»` օդից կախ
«Արմավիան» ռուսական ընկերություններին պարտք է մոտ 54 միլիոն ռուբլի
«Արմավիա»-ի պատճառով թոշակառու ծնողները չեկան որդու գերեզմանին
«Արմավիա». Տոմս գնած բոլոր մարդկանց գումարները կվերադարձվեն
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները