Վերամշակված թռչնամսի փորձաքննությունը մի շարք հարցերի պատասխան դեռ չի տվել
Մանկապարտեզներին մատակարարած վերամշակած հավի մսի փորձաքննությունն ավարտվել է: Այս մասին Panorama.am-ին հայտնեց Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մամուլի խոսնակ Արմինե Սուքիասյանը:
Նրա խոսքով, այս պահին ծառայությունը ձեռնպահ է մնում արդյունքները հրապարակելուց՝ առաջնորդվելով հարուցված քրեական գործի շրջանակում ընթացող նախաքննության շահերը չվնասելու սկզբունքով:
Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը Panorama.am-ի հետ զրույցում մանրամասնեց, որ իրենք Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից ստացել են անասնաբուժասանիտարական փորձաքննության արդյունքները, որոնք փաստել են, որ թռչնամսի թարմությունը կասկածելի է:
Տռուզյանի խոսքով, այդ եզրակացությունը չի տվել մի շարք հարցերի պատասխաններ և լրացուցիչ պարզաբանման համար նշանակվել է նոր փորձաքննություն՝ դատասննդային ու դատաքիմիական: Դրանք հնարավորություն կտան պարզելու թռչնամսի բաղադրությունը, թե որքանով է այն համապատասխանում տեխնիկական բնութագրերին ու կանոնակարգերին: Փորձաքննությամբ պետք է պարզվի նաև արտադրամասում կատարած ստուգումների ընթացքում թուջե վանաներից ու սրվակներից նմուշառված նյութերի բաղադրությունը, դրանց վնասակար ազդեցությունը մարդու կյանքի և առողջության վրա, որքանո՞վ է թույլատրելի դրանցով թռչնամսի վերամշակումը, ինչ վտանգավոր ազդեցություն կարող է ունենալ դրանցով վերամշակված թռչնամիսը:
«Այս փորձաքննության եզրակացությունը մենք դեռ չենք ստացել: Հուսով ենք, որ սեղմ ժամկետներում կստանանք այս հարցերի պատասխանները, որը թույլ կտա վարույթն իրականացնող մարմնին գնահատական տալ»,-ասաց Ս. Տռուզյանը:
Հիշեցնենք, ոստիկանությունը օպերատիվ տեղեկություններ էր ստացել, որ «Ե.Է.Ռ.ԸՆԴ.ՔՈ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հիմնադիր-տնօրեն և անհատ ձեռներեց Էդվարդ Մխիթարյանը Երևանի Դուշանբեի 11/8 հասցեում կազմակերպել է հավի մսի մշակման և փաթեթավորման գործունեություն, որտեղ քացախի, կալիումի պերմանգանատի և այլ քիմիական նյութերի միջոցով մշակվում է անհայտ ծագում ունեցող, փչացած, օգտագործման համար ոչ պիտանի հավի միս: Օգոստոսի 11-ին ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության և Նոր Նորքի բաժնի աշխատակիցների իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում առգրավվել են «Ալավերդու թռչնաֆաբրիկա» ապրանքանիշով և արտադրության ամսաթվերի վերաբերյալ կասկածելի տվյալներով հավի մսի խմբաքանակներ: Շուրջ 10 տոննա նմանատիպ հավի միս էլ հայտնաբերվել է Փարաքարում և «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ բեռնային համալիրում գտնվող` Մխիթարյանի կողմից վարձակալված պահեստարաններում: Պարզվել է, որ Էդվարդ Մխիթարյանը ոչ պիտանի հավի միս է մատակարարել Նոր Նորքի թիվ 101, 116 և 118 մանկապարտեզներին:
ՍԱՊԾ պետի հրամանով «Էդվարդ Մխիթարյան» Ա/Ձ-ում իրականացվում է ստուգում: Ստուգման ընթացքում իրականացվել է նմուշառում, և նմուշը տրվել է փորձաքննության: Ծառայությունից նաև հայտնել էին, որ «Էդվարդ Մխիթարյան» Ա/Ձ Ծառայությունում գրանցված չէ, և այս մասով հարուցվել է վարչական վարույթ: Փաստի առթիվ հարուցված է քրեական գործ: Քննության առջև խնդիր է դրված պարզելու, թե որտեղից է ձեռք բերվել թռչնամիսը, ի՞նչ որակի է այն եղել, անհատ ձեռներեցը իրավունք ունեցե՞լ է մատկարարելու, թե՞ ոչ, ինչպե՞ս է ստացվել, որ մրցույթում այդ ձեռնարկատերն է հաղթող ճանաչվել, և ընդհանիրապես թռչնամիսն առաքվել է միայն այդ երեք մանկապարտեզների՞ն, թե՞ նաև այլ օբյեկտների ու խանութների:
Նախորդող հրապարակում՝
Նոր մանրամասներ փչացած հավի մսի գործից