«Գետը» հետաձգել է Երևանյան կրկեսի նոր շենքի կառուցման աշխատանքները
Թեև նախորդ տարվա կեսերից արդեն հաստատվել է Երևանյան կրկեսի նոր շենքի նախագիծը, մակետը ներկայացվել է հանրությանը, սակայն շատ երևանցիներ դեռևս թերահավատ են` մտածելով, որ, այնուամենայնիվ, կրկեսի շենքի փոխարեն կամ բացի կրկեսի շենքից այդ տարածքում այլ շինություններ են նախատեսված: Հասկանալի է նրանց մտավախությունները, քանի որ աչքը տեսածից է վախենում:
Panorama.am-ի հետ զրույցում «Երևանյան կրկես» մշակութային կենտրոնի գեղարվեստական ղեկավար Սոս Իոսիֆ Պետրոսյանը վստահորեն հայտարարեց, որ ներկայացված նախագծից ոչ մի շեղում չի լինելու:
«Ինչպես ներկայացվել է նախագիծն, այդպես էլ լինելու է կրկեսի նորակառույց շենքը: Շինարարությունն ընթանում է շատ լավ տեմպերով: Նույնիսկ ձմռան այն ցուրտ օրերին չի դադարեցվել: Ճարտարապետը, շինարարներն ասում են, որ միջև հաջորդ տարվա առաջին եռամսյակ կրկեսի շենքը պատրաստ կլինի»:
Պատասխանելով հարցին, թե նախապես հայտարարված էր որպես վերջնաժամկետ 2014-ի ավարտը, ինչո՞ւ են ձգձգվում աշխատանքները, նա ասաց, որ «շենքի տակն ամբողջությամբ ջուր է եղել, ոնց որ գետ լիներ, հատուկ մասնագետներ են հրավիրվել, այսօր այդ ջուրը հատուկ տեխնիկայի միջոցով հեռացվում է»:
Ս. Պետրոսյանը նշեց, որ կրկեսի վերաբացումը նշանավորվելու է հատուկ կազմակերպված ճոխ ծրագրով. բացի հայ դերասաններից, լինելու են նաև օտարազգի անվանի դերասաններ:
Հիշեցնենք, որ դեռևս 2011 թվականի ապրիլին Երևանի քաղաքապետարանը հայտարարել էր, որ «Տաշիր Գրուպ»-ի հետ կնքած պայմանագրով վերջինս պետք է վերանորոգի Երևանի կրկեսը: Երևանի կրկեսի շենքը որոշվեց քանդել, երբ փորձագետները հանգեցին եզրակացության, որ աննպատակահարմար է վերակառուցել եղած հին շինությունը։ 2011թ. օգոստոսի 1-ից սկսվել են Երևանի պետական կրկեսի հիմնանորոգման աշխատանքները: Կրկեսի շենքը 1962թ. հիմնադրման օրվանից հետո չի վերանորոգվել:Նոր շենքի նախագծի հեղինակն է ճարտարապետ Վահագն Վերմիշյանը: Կրկեսի նոր շենքը կրկնելու է հնի արտաքին տեսքի ճարտարապետական որոշ տարրեր: Իսկ շենքը լիովին համապատասխանելու է նման կառույցների համար սահմանված միջազգային բոլոր չափանիշներին, նախկինում եղած 1560-ի փոխարեն ունենալու է 2000 հանդիսատեսի համար նախատեսված նստատեղ, բացի այդ 3 փոխարկվող մանեժ։ Բուն շենքը մոտ 6 մետր ավելի բարձր է լինելու և հագեցած է լինելու ժամանակակից բեմական տեխնիկայով։ Ինտերնետում Վ. Վերմիշյանի նախագծերի հիշատակումից գտանք միայն Ստեփանակերտի Սարգիս ու Ամալյա Կարապետյանների անվան նոր Հանրապետական բժշկական կենտրոնը:
Ինչ վերաբերում է Երևանյան կրկեսի թատերախումբի գործունեությանը, Ս. Պետրոսյանն ասաց, որ ինչպես նախորդ տարի, այս տարի էլ համերգային շրջագայություն են ունենալու ՀՀ մարզեր, ԼՂՀ, զորամասեր. «Մենք նախորդ տարի եղանք բոլոր մարզերում: Այս տարի նույնպես նախատեսել ենք այցելություններ մարզեր, քանի որ բնակչության կողմից մեծ ոգևորություն ենք նկատում: Այցելելու ենք նաև այն զորամասեր, որտեղ նախորդ տարի չենք հասցնել լինել»:
Նա նաև տեղեկացրեց, որ փետրվարի 1-ից սկսվելու է Լեոնիդ Ենգիբարյանի անվան Երևանի կրկեսային ստուդիայի ընդունելությունը:
Նախորդող հրապարակումներ`
2015 թ-ին կունենանք միջազգային չափորոշիչներին համապատասխան կրկես. Արման Սահակյան
Հաստատվել է Երևանյան կրկեսի նոր շենքի վերջնական նախագիծը
Դեռ պարզ չէ, թե երբ կսկսվի Երևանի կրկեսի նոր շենքի շինարարությունը
Գլխավոր ճարտարապետը վստահեցնում է` Երևանի վերակառուցվող կրկեսը իր նախկին տեսքն է ունենալու
Կրկեսի հին շենքը նորից պայթեցնելու են
Կրկեսի շենքն այսօր կպայթեցնեն
Աշունը «Խուլախուպի» ոճով. Երևանի կրկեսը ելույթ է ունենալու Տավուշի և Գեղարքունիքի մարզերում
Երևանյան կրկեսը Սյունիքի մարզում է
Երևանյան կրկեսի թատերախումբը համերգային շրջագայության կմեկնի ԼՂՀ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին