«Կոլիզեյը կրկնակի կռիսանոց է, բայց պահում են». Քննարկում՝ «Զվարթնոցի» հին շենքի հարցի շուրջ
«Զվարթնոց» օդանավակայանի հին շենքի գլխին նորից սև ամպեր են կուտակվել: «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունը, ով վարձակալել է տարածքը, որտեղ գտնվում է շինությունը, դարձյալ բարձրացրել է այն քանդելու հարցը՝ պատճառաբանելով, որ շենքը վատ վիճակում է, կարող է փլվել և իր ֆինանսական միջոցները չեն բավարարում այն պահելու համար: Հին (կլոր) շենքը պահպանելու համար ընկերությունը պետք է այն վերանորոգի, ինչը, ըստ իրենց հաշվարկների, կպահանջի 12 մլն դրամ: Այսօր Հանրային խորհրդում այս հարցի առնչությամբ հանրային քննարկում էր հրավիրվել, որի ժամանակ ճարտարապետները միաձայն հայտարարեցին, որ շենքը քանդել չի կարելի:
ՀԽ քաղաքաշինության և ճարտարապետության ենթահանձնաժողովի նախագահ Գրիգոր Ազիզյանը նկատեց, որ այն ժամանակի լավագույն ճարտարապետական կառույցն էր և իր ճարտարապետական լուծումների համար միջազգային մրցանակի է արժանացել ժամանակին:
Քաղավիացիայի գլխավոր վարչության ներկայացուցիչ Աշոտ Ազիզյանն իր հերթին ասաց, որ ընկերությունը նոր բիզնես պլան է ներկայացրել նախատեսված աշխատանքների մասին, որում նախատեսված են նաև օդանավակայնի հին շենքի քանդման աշատանքներ: «Մենք ունենք խնդիր այդ շենքը պահպանելու համար, այն ընդհանրապես չի օգտագործվում և անմիխիթար վիճակում է գտնվում: Փլվելու վտանգ կա, մենք առաջարկեցինք ներկայացնել պահպանության տարեկան ծախսերը որքան կլինեն, կոնցեսիոները ասել է, որ 10-12 մլն դրամ է հարկավոր, որ վերանորոգվի: Մենք ունենք ֆինանսական խնդիր»,- ասաց նա:
Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության և ճարտարապետության հանձնաժողովի նախագահ Հրաչ Պողոսյանը խնդրեց քաղավիացիայի ներկայացուցչին պարզաբանել, արդյո՞ք ընկերությունը ներկայացրել է քանդելու պատճառներ:
«Ինչի՞ պատճառով է անպայման հարկավոր քանդել: Նպատակները, ինչո՞ւ ենք քանդում, ի՞նչ ծրագրեր կան, որ այդ նպատակները իրականացվեն և դրանց իրականացման ձևերը»,- հարցրեց ճարտարապետը:
Աշոտ Ազիզյանը պատասխանեց, որ ամենամեծ դատավորը հանրության կարծիքն է, որը պետք է հաշվի առնի և՛ կոնսեցիոները, և՛ քաղավիացիայի վարչությունը: «Առաջինը պահպանման ծախսերի և փլուզման վտանգի մասին է խոսքը: Եթե ուղևորափոխադրումների ավելացում ենք նախատեսում, ապա նոր օդանավակայանը մեծանալու է դեպի աջ , ստացվում է որ պիտի քանդեն, որ գործող օդանավակայանը մեծացնեն»,- ասաց նա:
«Թող դեպի ձախ քանդեն»,- արձագանքեց Հրաչ Պողոսյանը:
«Այնտեղ նոր շենքեր են կառուցել, չեն կարող»,- ասաց Ազիզյանը:
«Շատ վատ են կառուցել, թող դրանք քանդեն»,- պատասխանեց Պողոսյանը, ինչին Ազիզյանը պատասխանեց, որ հասկանում է ինչ նկատի ունի ճարտարապետը և չշարունակեց խոսքը:
Ճարտարապետ Գրիգոր Արևշատյանը հետաքրքրվեց՝ կա արդյո՞ք փաստաթուղթ, որը հիմանավորում է, որ կոնկրետ այդքան գումար է հարկավոր այն վերանորոգելու: Կա՞ սեյսմակայության մասին փաստաթուղթ: «Չէ՞ որ այդ օդանավակայանը դեռ մի քանի տարի առաջ գործում էր և խնդիր չի առաջացել»,- նկատեց ճարտարապետը:
Աշոտ Ազիզյանն արձագանքեց. «Նախագծահաշվարկային փաստաթուղթ կա, երևի, օդի մեջ թիվ չէին ասում: Բոլորս գիտեինք ինչպես էր շահագործվում, միշտ իջնելուց կամ բարձրանալուց վտանգ կար: Ինքներդ կարող եք առաջարկներ անել, այն որոշումը, որ կկայացնի հանրությունը կլինի ընդունելի»:
Ճարտարապետների դիտարկումներին, թե «Զվարթնոցի» հին շենքը ճարտարապետական շքեղ կառույց է, այն ավելի շուտ քանդակ է, ոչ թե կառույց, Ազիզյանը պատասխանեց. «Պատասխանողը չգիտեր: Մեր նոր օդանավակայանն էլ է շատ լավը, նա ճանաչվել է լավագույնը նախկին ԽՍՀՄ տարածքում»:
Հրաչ Պողոսյանը նկատեց, որ հարցին պետք է մոտենալ ճարտարապետական հարստությունը պահպանելու տեսանկյունից: «Կոլիզեյն էլ ոչ մի եկամուտ չի բերում: Բոլորվին կարևոր չէ` որքան գումար կպահանջվի: ֆիզիկական վիճակը պատրվակ չէ հուշարձանը քանդելու համար: Մեր պարտականությունը այն պահպանելն է: Շատ շնորհակալ ենք, որ գումարներ են բերում մեր երկիր, բայց պետք է պահպանել այն արժեքները, որոնք ստեղծվել են առանց այդ կոնցեսիոներների»,- ասաց նա:
Ճարտարապետ Սաշուր Քալաշյանն ընդգծեց. «Անշուշտ, արժեքն արժեք է, եթե Փակ շուկան կռիսանոց էր, Կոլիզեյը կրկնակի կռիսանոց է, բայց պահում են: Եթե կոլիզեյը չլինի, հսկայական հարված կհասնի տուրիզմին Հռոմում: Եթե կոնցեսիոները հարկադրված է պահպանել այդ շենքը, վերանորոգելն էլ հարցի լուծում չէ, այն պետք է օգտագորվի: Իսկ այն պետք է օգտագործել` առանց աղճատելու, այնպես պետք է օգտագործեն, որ և՛ ներքին տեսքը պահպանի, և՛ արտաքին:
Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը նկատեց, որ շատ լավ է, որ քննարկում է սկսվել նախքան շենքի քանդվելը: «Միշտ պատճառ կգտնվի քանդելու, ամենադժվար բանը պահելն է»,- եզրափակեց նա:
Քաղավիացիայի վարչության կողմից Հանրային խորհրդին առաջարկվել էր համատեղ քննարկել հարցը, որպեսզի մինչև վերջնական որոշում կայացնելը հասկանալի լինեն այն գնահատականներն ու մոտեցումները, որոնք առկա են համալիրի նկատմամբ հանրության և ոլորտի մասնագետների կողմից: Անհրաժեշտություն է առաջացել վերջնական գնահատական տալ հին համալիրի կլոր շենքի քանդման կամ պահպանման հարցը: Ֆինանսկան ներդրումներին ու ծախսերը:
Նախորդիվ՝
«Զվարթնոցի» հին շենքը չքանդել. ՀԽ ավիացիոն հարցերով ենթահանձնաժողովի խիստ բացասական կարծիքը
«Զվարթնոց»-ի հին շենք, Ծածկած շուկա. հիշողություններն ու պատմությունները քանդվում են (Տեսանյութ)
Ա. Շխյան. Եթե նախատեսում ենք 5-10 տարի անց մեծացնել օդանավակայանը, ապա հին մասնաշենքը կարող է խոչընդոտ առաջացնել
«Զվարթնոց» օդանավակայանն ուզում են քանդե՞լ. «Մի օրինակ չկա, որ սեփականատերը գներ ու աչքի լույսի պես պահեր»
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա