«Աֆրիկյանների տուն» հուշարձան-շենքը տեղափոխելու է «Հին Երևան» պատմաճարտարապետական թաղամաս
«Աֆրիկյանների տուն» հուշարձան-շենքը տեղափոխելու է Աբովյան, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու և Արամի փողոցներով պարփակված տարածքում նախատեսվող «Հին Երևան» պատմաճարտարապետական թաղամաս։ Այս մասին հայտնում է Երևանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը:
Նա նշում է, որ Երևան քաղաքի գլխավոր հատակագծի հիմնական միջոցառումների իրականացման նպատակով, ըստ Կենտրոն վարչական շրջանի համար մշակված գոտիավորման նախագծի, նախատեսվում է Երևանի Տերյան փողոցը և նույն փողոցի շարունակություն հանդիսացող Զաքիյան փողոցը միացնել միմյանց։
«Նշված տրանսպորտային հանգույցի լուծումը կարևորագույն խնդիր է մայրաքաղաքի փոքր կենտրոնի Ճանապարհային ցանցի կարգավորման համար։ Տերյան փողոց 11 հասցեում տեղակայված «Աֆրիկյանների տուն» հուշարձան-շենքը շուրջ 4.0 մետրով գտնվում է փողոցի երթևեկելի մասում՝ դրանով իսկ խախտելով կառուցապատման գիծը։
ՀՀ կառավարության դեռևս 07.10.2004թ. հ.1616-Ն որոշմամբ նշված հուշարձան շենքն ընգրկվել է Երևան քաղաքի տեղափոխման ենթակա պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցուցակում։
Վերը նշված քաղաքաշինական խնդիրների լուծման նպատակով որոշվել է հուշարձան շենքը տեղափոխել Աբովյան, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու և Արամի փողոցներով պարփակված տարածքում նախատեսվող «Հին Երևան» պատմաճարտարապետական թաղամաս, ըստ որի, շինության ապամոնտաժման և «Հին Երևան» պատմաճարտարապետական թաղամասում այն վերականգնելու նպատակով, Երևանի քաղաքապետարանի և ՀՀ մշակույթի նախարարության կողմից համաձայնեցվել է նախագիծ և տրվել համապատասխան թույլտվություն»,- այս մասին նշված է Տ. Բարսեղյանի տարածած հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ «Հին Երևան» պատմաճարտարապետական միջավայրը նախատեսված է իրականացնել Գլխավոր պողոտայի տարածքում, շուրջ 2.2 հեկտարի վրա, Աբովյան, Փավստոս Բուզանդ, Եզնիկ Կողբացի և Արամի փողոցները ներառող թաղամասում՝ «Սիլ պլազայի» հետնամասում ընկած տարածքում:
Քաղաքապետարանից տեղեկացնում են, որ այս հատվածում հնարավորություն կստեղծվի «տեղափոխման եղանակով վերստեղծել քաղաքաշինական գեղագիտական միջավայր՝ գոյություն ունեցող ժամանակակից բարձրահարկերով կառուցապատումը համադրելով 19-20-րդ դարերի 2-3 հարկանի ճարտարապետական նմուշներով»:
Նախորդող նորություններ՝
Աֆրիկյանների տունը կազմելու է «Հին Երևան» նախագծի մաս
«Զամասկած» Հին Երևան. Քարերն «աղմկում» են, բայց այն դեռ ծրագիր է
Աֆրիկյանների հնագույն շենքը ոչնչացվում է, իսկ քաղաքապետարանը` լռում
Լրահոս
Տեսանյութեր
Ժողովուրդը լրիվ անտեսված է, ամեն ինչ ի շահ իշխանության է արվում. Երևանցիները՝ տրանսպորտի մասին