Հիմքերն անձրևաջրերով են լցվում, տանիքը` կաթում, հատակը քանդված է… Վերիշենի դպրոցը
Սյունիքի մարզի Վերիշենի միջնակարգ դպրոցի հիմքերն անձրևային եղանակներին անձրևաջրերով են լցվում, տանիքը կաթում, հատակը քանդված է …
Շենքը շահագործման է հանձնվել 1976թ.-ին, իսկ դրանից հետո հիմնանորոգում չի արվել, միայն առանձին վերանորոգումներ են եղել դպրոցի ֆինանսների հաշվին:
Դպրոցը 7 մասնաշենք ունի, տիպային կառույց է` այն ժամանակների համար պահանջվող բոլոր պայմաններով: «Հիմնանորոգման խիստ կարիք ունի, ես դպրոցի միջոցներով պատուհանները փոխում եմ, ինչ-որ բաներ փորձում եմ անել, որքան հերիքում են դպրոցի խնայված միջոցները»,- ասում է դպրոցի տնօրեն Մատվեյ Ղազարյանը:
7 մասնաշենքերից երկուսը չեն օգտագործվում: Մարզադահլիճի հատակն արդեն կիսափտած է, մեկ երրորդը չի օգտագործվում, ճաշարանը ևս: Դասարանների հատակները կեսը քանդված են, կեսը բետոն են լցրել: Նույնը նաև միջանցքներում է: Շինության տանիքը ևս լավ վիճակում չէ, կաթոցներ են լինում: «Մենք մեր ուժերով սիլիկոնով փակել ենք, բայց փոխելու կարիք ունի: Պատահում է դասասենյակում էլ է կաթում, փակում ենք: Այս պահին չի կաթում, որովհետև բարձրանում ենք տանիք, բացված անցքերը փակում ենք, տակն էլ աման ենք դնում, որ չգա հասնի դասասենյակ: Բայց տանիքի թիթեղն արդեն դարն ապրել է»,- ասում է տնօրենը:
Մատվեյ Ղազարյանը դպրոցի բյուջեի հաշվին ամռանը կարողացել է 7 դասասենյակի պատուհանները փոխել, իսկ 4 դասասենյակինն էլ` նախորդ տարիներին: Դպրոցը 25-ից ավելի դասասենյակներ ունի, մյուսներում, որտեղ պատուհանները հին են, քամին հանգիստ ներսուդուրս է անում: Ջեռուցումը գազով է, հնարավորինս փակում են, որ ջերմությունը դուրս չցնդի. «Երեխաների համար նորմալ ջեռուցում ապահովում ենք, ուղղակի ավելորդ ծախս ենք անում»:
Վերիշենի միջնակարգ դպրոցը վերանորոգուման ծրագրում չկա: Տնօրենն արդեն տասը տարի է աշխատում է ու այդ բոլոր տարիներին դիմել է մարզպետարան, բայց հարցը չի լուծվում: «Մեծ շենք է, գումար շատ է պահանջվում հիմնանորոգման համար, անընդհատ ուշացնում են: Ես նաև առաջարկել եմ, որ մաս-մաս վերանորոգեն, դա լավագույն տարբերակը կլինի: Առայժմ դպրոցների վերանորոգման մեջ չենք մտել»,- նշում է Մատվեյ Ղազարյանը: Առաջնայինը, ըստ տնօրենի, մարզադահլիճի խնդիրն է:
Մատվեյ Ղազարյանը համայնքից օգնություն չի սպասում, իսկ հովանավորներ էլ չի կարողանում գտնել. «Մի երկուսին ամաչելով դիմել եմ, բայց չեն օգնել: Էլ չեմ դիմում, մի տեսակ կարծեք անձնականի համար է, ողորմություն խնդրելու նման մի բան»:
Վերիշենի դպրոցում այս պահին սովորում է 291 աշակերտ: Վերջին տարիների համար թիվը հաստատուն է: Բայց տասը տարվա կտրվածքով պակասել է` 350-ից դարձել 291, զույգ դասարաններ են եղել, մեկական են դարձել: Այս պահին միայն երկու դասարան է զույգ:
Գյուղում սոցիալական վիճակը, Մատվեյ Ղազարյանի խոսքով, միջինից ցածր է: Դաշտեր քիչ ունեն, քիչ մարդ է հողագործությամբ զբաղվում, մի մասն էլ` անասնապահությամբ. «Սոցիալապես անապահովներ են շատ»:
Գյուղական դպրոցների մասին շարքի նախորդ պատմությունները՝
Թասիկի դպրոցը` առանց դպրոցական շենքի, 14 աշակերտով
Քանդված տանիքով դպրոցը. Տնօրենը հնամաշ պատուհաններին մի կերպ ապակի է գցում ու ցելոֆաններ փակցնում
Քանդված հատակ, փտած դռներ, առաստաղից երևացող գերաններ և մութ դասասենյակներ. Կուտականի դպրոցը
Դպրոցը՝ նախկին կոլխոզի շենքում. Սալվարդում ընդամենը 15 աշակերտ կա
«Կոմպլեկտավորած դասարանում ուսման որակի հերն անիծվում է». Դպրոցի տնօրենը զենքերը վայր չի դնում
Պատուհանից այն կողմ` ցելոֆաններ երկնքի փոխարեն. Սորիկի աշակերտների երազանքն ու իրականությունը
Դպրոցը՝ վթարային շենքում. Դաշտադեմում մի քանի օրից ընդամենը ինը աշակերտ կմնա
Քայքայված պատեր ու ծակ լուսամուտներ. Վաղատինի դպրոցը
Յոթ աշակերտով դպրոցը, Աճարկուտում քիմիայի լաբորանտն արդեն 15 տարի հայոց լեզու է դասավանդում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան