Դաջված կանայք, դաջված ճակատագրեր. հարցազրույց Սյուզան Խարտալյանի հետ (2-րդ մաս)
Ընդամենը մի քանի օրից, սեպտեմբերի 21-ին Շվեդիայի սրտում` Ստոքհոլմում, տեղի կունենա շվեդաբնակ ռեժիսոր Սյուզան Խարտալյանի «Տատիկիս դաջվածքները» ֆիլմի շնորհանդեսը: Ֆիլմը պատմում է Հայոց ցեղասպանության մղձավանջի միջով անցած հայ կանանց դաժան ճակատագրերի մասին ու բացահայտում նրանց դաջվածքների առեղծվածը:
Ներկայացնում ենք ֆիլմի ռեժիսոր Սյուզան Խարտալյանի` «Ermenihaber.am» ( Էրմենիհաբեր) լրատվական կայքին տված հարցազրույցի երկրորդ մասը.
-Սյուզան, Ձեր տատիկը խոսո՞ւմ էր դաջվածքների մասին:
- Բնավ չէր խոսում: Հիշում եմ` տատիկս սպիտակ ձեռնոցներ ուներ, որոնց տակ թաքցնում էր ձեռքերի դաջվածքները: Նա ամեն կերպ փորձում էր իր հիշողությունից ջնջել ցեղասպանւթյան տարիներին ապրած իր կյանքը: Եվ այնպես էր ջնջել, որ մենք նույնիսկ տանը չէինք խոսում այդ մասին: Մենք այդ էջը մթության մեջ էինք պահում: Ես մինչև 16-17 տարեկան ցեղասպանության մասին ոչ մի բան չգիտեի: Նա կարծես իր ապրած ցնցումն ակամա փոխանցել էր իր սերունդներին: Մենք եթե նույնիսկ իր մասին ինչ-որ բաներ գիտեինք, ձևացնում էինք, թե չգիտենք: Եվ այս ֆիլմը առեղծվածի և գաղտնիքի հետապնդումի գործընթացն է: Տատիկս կյանքիս առաջին քսան տարիներին աչքիս առաջ է եղել, բայց ես այդ կնոջ մասին ոչ մի բան չեմ իմացել: Տատիկի հոգին կարծես կար ու չկար: Եվ իր այս լինել- չլինելու երկգոյության մեջ պահում էր իր մեծ գաղտնիքը:
-Դուք ասացիք, որ Ձեր տատիկի քույրը նույնպես դաջվածքներ ուներ, նա նույնպես չէ՞ր խոսում այդ մասին:
- Այո, տատիկիս փոքր քույրը նույնպես դաջված էր: Նա ևս նույն ինքնամերժումի մեջ էր և չէր խոսում այդ մասին: Անընդհատ նրան հարցնում էի, թե ինչու չի խոսում այդ մասին: Երբ մի օր էլ հերթական անգամ հարցրեցի նրան, նա պոռթկաց ասելով - «Ի°նչ ես ուզում: Պատմեմ բոլորին, որ սա թուրքե°րն են արել: Ի°նչ նշանակություն ունի դա հիմա»:
- Դաջվածքներն արվել են բռնի՞, կանանց կամքին հակառա՞կ:
Բնականաբար: Ոչ ոք նրանց կարծիքը չի հարցրել: Կան բազմաթիվ պատմություններ այն մասին, թե իրենց կամքին հակառակ դաջվելով այս կանայք, հետագայում ստրկությունից ազատագրվելուց հետո ինչպես են փորձել ազատվել դաջվածքներից: Շատերը փորձել են քիմիական նյութերով վերացնել այդ դաջվածքները, ունեին հսկայական վերքեր ու սպիներ իրենց դեմքերի վրա:
- Իսկ ինչպե°ս էր ընթանում «դաջված կանանց» հետագա կյանքը, կարողանու՞մ էին արդյոք ապրել խարանված ճակատագրով:
Նրանք մեծամասամբ մերժվում էին հայ տղամարդկանց կողմից: Օրինակ` սեռական բռնությունների ենթարկած հայ կանանց կուսությունը պլաստիկ վիրաբույժները փորձում էին վերականգնել դեռևս 1924թ. Բեյրութում: Ֆիլմն իր հետ բերում է հարցադրումներ ոչ միայն թուրքերի, այլ նաև մեզ` հայերիս համար. Ինչպես օրինակ` «ինչո°ւ էին ուզում այս կանայք վերականգնել իրենց կուսությունը»: Այս մասին շատ ուսումնասիրություններ կան: Հատկապես հետաքրքիր է Վահե Թաշճյանի ուսումնասիրությունը , որտեղ խոսվում է այն մասին, թե ինչպես հայ կանայք, որոնք վերադարձել են հայության գիրկը , մերժվում էին հայ տղամարդու կողմից: Հատկապես նրանք, ովքեր դաջված են: Դա արդեն բացահայտ նշանակում էր, որ նրանք ուրիշ մարդու հետ են կենակցել, այլևս կույս չեն: Ու կենակցել են թշնամու, իսլամի հետ: Այսպիսի ասպեկտներ կան, պատմության որոշ էջեր կան, որ ամոթի բերումով մենք փորձել ենք փակել ու չխոսել այդ մասին: Բայց սրանք հարցեր են, որոնց մասին պետք է սկսենք ավելի շատ խոսել:
- Այսինքն մեր մեջ առկա այս ամոթը նույնպե՞ս գենետիկորեն ժառանգել ենք մեր տատերից:
Այո: Ֆիլմի մեջ արծարծվում է նաև այս հարցը, թե ինչպես են ցեղասպանության մղձավանջը վերապրածներն իրենց կամքից անկախ գենետիկորեն սերունդներին փոխանցել նաև ամոթը: Մեր ընտանքի մեջ բոլորը ամոթ են զգում մի բանի համար, որի համար մեղավոր չեն:
Ու մեր սերունդների ճակատին խարանված այս ամոթը մնում է մեզ հետ և չի թողնում, որ մենք խոսենք այս մասին: Հավանաբար, տատիկիս լռության պատճառը նույնպես ամոթն էր:
-Արդյո°ք հնարավոր է փաստագրական ֆիլմի միջոցով ցույց տալ խնդրի չափազանց կարևոր զգացմունքային կողմը:
Այո և այս ֆիլմը կարևոր էր նաև ֆիլմի լեզվի իմաստով: Ինձ համար անհրաժեշտ էր անել այնպես, որ մարդկայինը լիներ գերակշռող, այլ ոչ թե զուտ փաստերը շարադրելով ներկայացնել խնդիրը: Եթե մարդկային գործոնը չկա, ֆիլմն ինձ համար հետաքրքիր չէ: Ֆիլմը պետք է այնպիսին լինի, որ դիտողը կարողանա ինքն իրեն գտնել այդ խնդրի մեջ..
Հարցազրույցի ավարտին Սյուզան Խարտալյանն ափսոսանք հայտնեց, որ այսքան ուշացրել է այս արժեքավոր ֆիլմի նկարահանումը և ֆիլմը չի նկարահանել տատիկի կենդանության օրոք: Նա ցավում է, ուշ իմացավ, որ տատիկը, իր սպիտակ ձեռնոցների տակ թաքցնում էր ոչ միայն դաջվածքները, այլ իր կյանքի մութ էջը, իր անցյալի սոսկալի գաղտնիքը: Թուրքերը դաջել էին ոչ միայն նրա ձեռքերը, այլև նրա կյանքն էին դաջել` հիշողության մեջ թողնելով մղձավանջի, սարսափի վախի և ամոթի դրոշմ: Ու քանի~ քանի~ նման դաջված ճակատագրեր կան, որոնց մասին մենք չգիտենք, որոնց մասին դեռ պետք է պատմենք…
Նախորդող` «Տատիկիս դաջվածքները». Բացառիկ ֆիլմ Հայոց ցեղասպանության մասին
Հարցազրույցը` Աստղիկ Իգիթյանի
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները