Մաշտոցի այգու հարցը կքննարկի նաև Հանրային Խորհուրդը
Մինչ Մաշտոցի այգում բնպահպանները շարունակում են իրենց խաղաղ ակցիան` բողոքելով այգու տարածքում տաղավարների կառուցման դեմ, Հանրային խորհուրդը որոշել է վաղը խնդրի վերաբերյալ քննարկում հրավիրել:
Ինչպես Panorama.am-ին հայտնեց ՀԽ լրատվական ծառայության պատասխանատու Անի Գասպարյանը, քննարկմանը ներկա կլինեն Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը, ՀԽ անդամներ և ենթահանձնաժողովների նախագահներ, բնապահպաններ և այլ շահագրգիռ անձիք: Քննարկմանը մասնակցելու հրավեր է ուղարկվել նաև Երևանի քաղաքապետարան, ՀՀ բնապահպանության, Քաղաքաշինության նախարարություններ, Ճարտարապետների
միություն:
Այգում ակցիայի մասնակիցներն իրազեկել են, որ այսօր ժամը 13:00-14:00-ին այգու տարածքում նախատեսվում է կիթառով համերգ, այնուհետև «Ձևակերպելով հանրային տարածքը» ստեղծագործական մտախաղ, «Քաղաքացիական ամբիոն» Երևանի քաղաքային մշակույթը. հանրային տարածք, որից հետո հանդիպում ազգագրագետ Աղասի Թադևոսյանի հետ:
Հիշեցնենք, որ քննարկում կազմակերպելու նախաձեռնությամբ երեկ հանդես է կել նաև ոստիկանությունը: «Կարևորելով հանրության տարբեր տեսակետները և հանրային իրազեկվածության բարձրացումը, ՀՀ ոստիկանությունը իր պատրաստակամությունն է հայտնում բոլոր շահագրգիռ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ անցկացնելու կլոր սեղանի շուրջ քննարկումներ՝ ոստիկանության գործողությունների իրավական հիմքերին վերաբերող հիմնահարցերով:Քննարկումները տեղի կունենան փետրվարի 28-ին, ժամը 12.00-ին, ՀՀ ոստիկանության շենքում»:
Խնդրի վերաբերյալ երեկ հայտարարությամբ հանդես եկավ նաև քաղաքապետ Տարոն Մարգարյանը, հայտարարելով, որ ամեն ինչ արվում է օրինական: «Չնայած հնչած բացասական և ժխտողական գնահատականներին, այդուհանդերձ ես ուրախ եմ, որ մեր համաքաղաքացիները այդքան նախանձախնդիր են մեր սիրելի Երևանի հիմնախնդիրներով ու ապագայով: Ու չնայած նրան, որ այս դեպքում ամեն ինչ օրինական է և փաստաթղթերով հիմնավորված, այդուհանդերձ համարում եմ, որ ցանկացած կարևոր որոշում որքան էլ այն հիմանվորված լինի, կարիք ունի հավելյալ լեգիտիմության, ինչին հասնելու լավագույն միջոցը հանրության ներգրավվածությունն ու իրազեկվածությունն է»,-ասել է քաղաքապետը:
Նշենք, որ այգու տարածքում տաղավարների շինարարության իրավական հիմքերը վարչական դատարանում վիճարկում են նաև «Ժառանգության» պատգամավորներն ու Մաշտոցի պողոտայի բնակիչները:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում