ԻԻՀ Մեջլիսի նախագահը մեկնել է Թուրքիա. Իրանը դեմ է թուրք-սիրիական սահմանին «Պատրիոտ» հրթիռների տեղակայմանը
Թուրք-սիրիական սահմանին «Պատրիոտ» հրթիռների տեղակայումը չի նպաստի սիրիական խնդրի կարգավորմանը:
Այդ մասին իրանական «թաբնաք.իռ» կայքի հաղորդմամբ՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԻԻՀ ԱԳՆ մամլո խոսնակ Ռամին Մեհմանփարաստը:
Իրանի արտգործնախարարության ներկայացուցիչը, անդրադառնալով թուրք-սիրիական սահմանին «Պատրիոտ» հրթիռային համակարգի տեղակայման առնչությամբ Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին ուղղված դիմումին, մասնավորապես նշել է. «Հրթիռային համակարգերի տեղակայումը ոչ միայն չի նպաստի սիրիական խնդրի կարգավորմանը, այլև ավելի կբարդացնի իրավիճակը»:
«Սիրիական խնդրի լուծման ռազմական ճանապարհը տարածաշրջանում կմեծացնի լարվածությունը, ուստի ճիշտ կլինի, որ սիրիական խնդրում ներքաշված ազդեցիկ երկրները ճգնաժամը քաղաքական ճանապարհով հանգուցալուծելու ուղիներ փնտրեն»,-նշել է ԻԻՀ ԱԳՆ մամլո խոսնակը:
Իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ ԻԻՀ Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանին Սիրիա և Լիբանան կատարած տարածաշրջանային այցից հետո այսօր մեկնել է նաև Թուրքիա:
Ըստ իրանական աղբյուրի՝ Ալի Լարիջանին Թուրքիայում տարածաշրջանային հարցերի շուրջ խորհրդակցություններ կանցկացնի այդ երկրի պաշտոնյաների հետ:
Նախորդող տեղեկատվություն՝
«ՖԱՐՍ». Էրդողանը տարածաշրջանի մուսուլմանական ազգերի հանդեպ վարում է կեղծ քաղաքականություն
Դամասկոսում կայացել է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի և Իրանի Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանիի հանդիպումը