Ադրբեջանում ԻԻՀ դեսպանն արձագանքել է ադրբեջանական անօդաչուների՝ Իրանի սահմանին կատարող հետախուզական գործողություններին
Իրանի օդային սահմանը խախտող անօդաչու ինքնաթիռները հեշտությամբ կվնասազերծվեն:
Այդ մասին Ադրբեջանում ԻԻՀ դեսպանության պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ «Ինտերֆաքս»-ին տված հարցազրույցում՝ հայտարարել է Ադրբեջանում ԻԻՀ դեսպան Մոհսեն Փաք Այինը:
Լրագրողի այն հարցին, թե ինչպես է Իրանը վերաբերում Ադրբեջանին պատկանող անօդաչու ինքնաթիռների կողմից Իրանի օդային սահմանը խախտելու մասին տեղեկատվությանը, դեսպան Փաք Այինը, մասնավորապես նշել է. «Իրանի զինված ուժերը կատարելապես վերահսկում են երկրի օդային սահմանները և դրանք խախտողներին հեշտությամբ կարող ենք վնասազերծել, ինչպես դա կատարեցինք ամերիկյան անօդաչու ինքնաթիռների պարագայում»:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 10-ին իրանական «փրեսսթիվի.իռ» կայքը հաղորդել էր, որ Ադրբեջանի թալիշաբնակ Ասթարա շրջանում ամերիկյան ռադարային համակարգերի գործարկումից հետո Ադրբեջանն իսրայելցի ռազմական խորհրդատուների աջակցությամբ մոնտաժված անօդաչու ինքնաթիռների միջոցով հեռախուզական գործողություններ է իրականացնում Իրանի սահմանին:
Իրանի Մեջլիսի պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ Մեջլիսի պաշտպանության հարցերով կոմիտեի նախագահ Էսմայիլ Քոուսարին, արձագանքելով ադրբեջանական անօդաչու ինքնաթիռների կողմից Իրանի սահմանին հետախուզական գործողություն իրականացնելու մասին տեղեկատվությանը, մասնավորապես նշել է. «Իրանի զինված ուժերի կողմից Բաքվի անօրինական քայլերի նկատմամբ շուտով անհրաժեշտ միջոցառումներ կձեռնարկվեն և նրանց յուրաքանչյուր քայլին կտրուկ պատասխան կտրվի: Մեր երկրի օդային սահմանը հատած յուրաքանչյուր անօդաչու կվնասազերծենք: Եթե Ադրբեջանը շարունակի իր գործողությունները, ապա ադրբեջանական անօդաչու ինքնաթիռների գլխին նույն փորձանքը կբերենք, ինչպես ամերիկյանի պարագայում է»:
Նախօրեին Իրանի ԱԳՆ մամլո խոսնակ Ռամին Մեհմանփարաստը, անդրադառնալով ադրբեջանական անօդաչու ինքնաթիռների կողմից Իրանի սահմանը խախտելու մասին լրագրողի հնչեցրած հարցին, մասնավորապես պատասխանել է. «Մեր օդային սահմանը խախտելու համար նախ պետք է կարողանան ապակողմնորոշել մեր պաշտպանական համակարգերին. Հաշվի առնելով մեր երկրի սահմանների պաշտպանության գործում Իրանի զինված ուժերի կարողությունները՝ մեր երկրի օդային սահմանը խախտողը կտրուկ հակահարվածի կարժանա»:
Նախորդող տեղեկատվություն՝
Ադրբեջանական անօդաչու ինքնաթիռներն Իրանի սահմանին հետախուզական գործողություններ են իրականացնում
Իրանի Մեջլիսը նախազգուշացնում է. Ադրբեջանական անօդաչուների գլխին նույն փորձանքը կբերենք, ինչպես ամերիկյանի պարագայում էր
ԻԻՀ ԱԳՆ-ն ևս արձագանքել է ադրբեջանական անօդաչուների՝ Իրանի սահմանին կատարող հետախուզական գործողություններին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան