Բողոքի ակցիա Ծածկած շուկայի դիմաց… Վերադարձրեք նախկին տեսքին և վերջ (տեսանյութ)
Մաշտոցի պողոտայում գտնվող Ծածկած շուկան դեռևս հնարավոր է վերականգնել նախկին տեսքին համապատասխան, այսինքն տեսականորեն հնարավոր է, իսկ գործնականում` ոչ. «Այն մթնոլորտը, որ կա քաղաքաշինական դաշտում, այն մասնագիտական կարողությունները, որ տեսնում ենք մեր քաղաքում, այդ շրջանակում հնարավոր չէ»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց ճարտարապետ Սարհատ Պետրոսյանը, ով մասնակցում էր շուկայի մոտ կազմակերպված բողոքի ակցիային:
Նշենք, որ ակցիայի մասնակիցները պահանջում էին, որ դադարեցվի շինարարությունը, քանի որ այն ապօրինի է, իրականացվում է առանց նախագծի: Ակցիայի մասնակիցները համոզված են, որ շուկայում ծավալվող շինարարությունը ժամանակի ընթացքում բացառելու է այդ հուշարձանը նախկին տեսքին վերադարձնելու հնարավորությունները, իսկ փլուզված կամարների տեղում վեր խոյացող ամրանները վկայում են այն մասին, որ կառուցվելու է բարձրահարկ շենք:
«Այն, ինչ այժմ կատարավում է այստեղ, ապօրինի է, հակասում է «Քաղաքաշինության մասին» օրենքի 13-րդ, 14-րդ հոդվածներին»,- ասաց ակցիայի մասնակից Գրիգոր Ղազարյանը, հավելելով, որ թեև մշակույթի նախարարությունը դիրքորոշում է արտահայտել, որ շենքի արտաքին ու ներքին ճարտարապետական տեսքը չի փոփոխվելու, բայց տեսնում են, որ բարձրահարակ շենք է կառուցվում, ծածկն այնպես են կապել, որ հնարավոր չէ վերականգնել կամարաները: «Ավելացնենք, որ հիմա ինչ-որ սյուներ են ավելացնում, անհասականալի է` թե ինչ նախագծով: Բացարձակ ապօրինություն է: Պատժելի գործունեություն է: Նախագիծը պետք է հաստատված լիներ դեռ ամիսներ առաջ, որ մարդիկ իմանային, թե այստեղ ինչ է կառուցվում»,- ասաց ակտիվիստը:
«Մեր քաղաքը» նախաձեռնության ակտիվիստ Վարդան Գերավետյանն էլ ասաց, որ իրենց միակ պահանջն այն է, որ ՀՀ օրենքները գործեն բոլոր մարդկանց համար: Նա չի հավատում, որ շուկայի կամարները ինքնափլուզվել են. «Դա կեղծիք է, այլապես կարող ենք ասել, որ շինությունը համագործակցում է կառուցապատողի հետ ու փլուզվում է այն հատվածում, որը որ պետք է նրան»:
Ճարտարապետ Սարհատ Պետրոսյանն ասաց, որ կառուցապատողն ի սկզբանե ցանկացել է այդտեղ բարձրահարկ շենք կառուցել ու այժմ այն իրականացնում է` «առանց քաշվելու, թքած ունենալով պետական համակարգի վրա, հասարակական կարծիքի վրա»: «Անում է այն, ինչ ուզում է: Նրա արածը մարտահրավեր է նաև պետությանը, քանի որ նախարարը խոստանում է, որ պահպանվելու է հուշարձանի արտաքին տեսքը, բայց այն չի պահպանվել: Հուսամ, որ այն դաս կլինի պետական չինովնիկների համար, ովքեր գործարքի են գնում օլիգարխների, կառուցապատողների հետ: Ամենաքիչը մեղադրում եմ կառուցապատողին, քանի որ իր ֆանտազիաների, մտքի թռիչքի սահմաններում արել են այն, ինչ ուզում է: Մեղավոր եմ համարում բոլոր այն չինովնիկներին, ովքեր գործարքի են գնացել: Կարող է նրանք պատասախան չտան իրեն արածների համար, ուղղակի թող իմանան, որ իրենց երեխաներն են ամոթ զգալով այս շենքի կողքով անցնելիս: 10-15 չինովնիկներ, ճարտարապետներ կան, ովքեր ամոթով պետք է քայլեն»,- ասաց Ս. Պետրոսյանը:
Վ. Գերավետյանն էլ դիմում է Երևանի քաղաքապետ Նարեկ Սարգսյանին` «եթե մի քիչ խիղճ կա ձեր մեջ` արթնացրեք ու զբաղվեք քաղաքով»: Նա գլխավոր ճարտարապետին համեմատեց «պլաստիկ վիրաբույժի» հետ, ով պետք է ոչ թե այլանդակի մարդուն, այլ գեղեցկացնի: «Կանգնեք Հանրապետության հրապարակում ու շուրջներդ նայեք` քաղաքն այլանադակվել է»,-զայրացած նշեց ակտիվիստը:
Նախոդող նորություններ` Փակ շուկայի հարևանությամբ ապրողները երկրի ղեկավարից խնդրում են պաշտպանել իրենց իրավունքները
Փակ շուկա-«ֆորսմաժոր». Ձեզ ո՞վ էր ասում շենքին ձեռք տալ
Ծածկած շուկայի վերգետնյա հատվածի էսքիզային նախագիծը հաստատված է… «…մի երկու կամար չի լինելու»
Մկրտիչ Մինասյան. Երևանի թիվ 1 շուկա ՍՊԸ-ն սկսել է Հանձնաժողովի առաջարկությունների կատարումը