Բարաք Օբամա. Իրանի կողմից միջուկային զենքի ստեղծման գործընթացը մեկ տարուց ավել կտևի
Իրանի կողմից միջուկային զենքի ստեղծման գործընթացը մեկ տարուց ավել կտևի: Այդ մասին իրանական «ասրիրան.քոմ» կայքի հաղորդմամբ՝ Իսրայելի երկրորդ հեռուստաալիքին տված հարցազրույցում, նշել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:
ԱՄՆ նախագահը, անդրադառնալով Իրանի միջուկային խնդրին առնչվող հարցին, մասնավորապես նշել է. «ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների տրամադրության տակ եղած փաստերը վկայում են, որ Իրանի կողմից միջուկային զենքի ստեղծման գործընթացը մեկ տարուց ավել կտևի: Սակայն մենք չենք ցանկանում սպասել վերջին պահին»:
Այն հարցին, որ եթե Իրանի միջուկային խնդիրը դիվանագիտական ճանապարհով չլուծվի, արդյո՞ք ռազմական հարձակման մասին որոշում կկայացվի, Բարաք Օբաման պատասխանել է. «Եթե մենք ասում ենք, որ բոլոր տարբերակները քննարկվում են, ապա նկատի ունենք, որ բոլոր տարբերակները քննարկվում են: ԱՄՆ-ն մեծ կարողությունների է տիրապետում, սակայն մեր նպատակն այն է, որ վստահ լինենք, որ Իրանը չի տիրապետում միջուկային զենքին»:
«Իրանի կողմից միջուկային զենքի ստեղծումը վտանգ է ներկայացնում, ոչ միայն Իսրայելի, այլև ողջ աշխարհի համար: Ուստի միջուկային խնդրի դիվանագիտական լուծումը բխում է և Իսրայելի, և ԱՄՆ-ի, և Իրանի շահերից»,-շեշտել է ԱՄՆ նախագահը:
Նախորդող տեղեկատվություն՝
Հենրի Քիսինջեր. ԱՄՆ-ն ցանկանում է, որ մի օր Իրանը կարողանա Վաշինգտոնի դաշնակիցը լինել
ԻԻՀ հոգևոր առաջնորդը՝ ԱՄՆ-ին. Զենքը պահել եք Իրանի վրա և ցանկանում եք բանակցել
Պարսից ծոցում իրավիճակի անկայունացումը առայժմ չի բխում ԱՄՆ-ի շահերից. Մեկնաբանում է իրանագետը