Բարերարը վերադառնում է. Վե՞ր է արդյոք բարերարությունը օրենքից
Արցախցի գործարար և բարերար Լևոն Հայրապետյանը որոշել է վերադառնալ հայրենիք` Արցախ, իր հետ բերելով իրականացվելիք ծրագրերի մեծ փաթեթ:
Թե ինչպիսի գործունեություն կծավալվի գործարարի կողմից Արցախում, դեռ տեղյակ չենք մարամասներով, սակայն կարող ենք փաստել, որ դա հաստատ կլինի այն մի խումբ արցախցի երիտասարդների ցանկությամբ, ովքեր մոտ երկու տարի առաջ դիմել էին բաց նամակով և պահանջել «ետ վերադարձնել հայրենասերին»: Եվ իհարկե, նրանց, ովքեր կարիք ունեն ցանկացած ներդրման:
Թերևս չանդրադառնայինք ու չհիշեցնեինք Գանձասարի տխուր պատմությունը, եթե օրենքից դուրս մշակութային հուշարձանները առանց նախագծի վերանորոգելն ու վերափոխելը, օտարումը և, փաստորեն, նվիրելը արդեն օրինաչափություն չդառնար:
Հիշո՞ւմ եք` 2011 թվականի հուլիսին Արցախի 13-րդ դարից եկող Գանձասար վանական համալիրի պարիսպների մարմարե սալիկներով պատումը, որ իրականացվում էր բարերարի կողմից, բողոքի մեծ ալիք էր բարձրացրել համացանցում, ինչպես նաև հասարակական շատ կազմակերպությունների շրջանում:
Աշխատանքները դադարեցվել էին` պարզելու, թե վերանորոգումը որքանո՞վ է խաթարում եկեղեցու ճարտարապետական տեսքը և բովանդակությունը:
Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը իր դիրքորոշումն էր հայտնել պարսպի սալիկապատման ու բարձրացած աղմուկի մասին` համարելով սալիկապատումը անհրաժեշտություն:
Պատմական հուշարձանների ճարտարապետ-ռեստավրատորների հայկական ասոցիացիայի նախագահ Գագիկ Սողոմոնյանը պատի երեսապատումը չէր գնահատել սակայն որպես ամրացման միջոց, քանի որ «դա, ընդհակառակը, ծանրացնում է պատը»:
Նա հայտնել էր նաև, որ ամբողջ համալիրի վերականգնման ծրագիրը արվել է մասնագետների կողմից դեռևս խորհրդային ժամանակներում և պահպանվում է արխիվում: Պետք էր ընդամենը դիմել և ստանալ այդ ծրագիրը` վերանորոգման աշխատանքներում հաշվի առնելու փորձագետների կարծիքը:
Արցախցի գործարար Լևոն Հայրապետյանը սակայն այս պատմությունից նեղացած հեռացել էր, դժգոհելով, որ չի գնահատվում իր բարեգործությունը:
Այնուհետև, նա հեռախոսային հարցազրույց էր տվել և խիստ քննադատության ենթարկել ՀՀ իշխանություններին:
Այս օրերին գործարարը վերադառնում է: Ու արդեն շատերը Գանձասարի ու պարսպի արժեքը հավասարեցնում են արվելիք բարեգործական հարսանիքներին և այլնին:
Մի կողմ թողնենք Լևոն Հայրապետյանի անձը, չիցե թե, գործարարը այս անգամ էլ ինձնից նեղանա: Թեպետ ասեմ` ինձ համար Գանձասարը չափանիշ է:
Հարցը տանք (հայտնի չէ, թե ում ) ընդհանրապես ` արդյոք այնքան չգնահատող ենք դարձել, որ ցանկացած բարեգործություն ընդունելի ենք համարում ու ցանկացած գնով արդեն:
Եթե:
Բայց:
Սոցիալական անհրաժեշտությո՞ւն, օրվա կարի՞ք:
Ուրեմն` ինչո՞ւ զարմանալ ընտրակաշառքների վրա: Կամ տակից չկատարվող ու չթելադրվող փոփոխությունների կամ չփոփոխությունների վրա, օրենքի խախտումների կամ դրանց` անձնական շահերով օգտագործման:
Ո՞վ է բարեգործը: Կարծում եմ նա, ով օրենքի պահանջն ու կատարումը կընդունի որպես առաջնային, ով մշակույթը կհամարի ազգային, ոչ թե սեփական, ով կառաջնորդվի ոչ միայն այսօրվա, պահի, իր ինքնահաստատմամբ, այլ կմտածի մեր երեկվա ու վաղվա մասին:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները