ՀՀԿ-ական գծատիրոջ «բարեգործությունն» ու Լոնդիկի նախազգուշացումը
Արարատ-Վեդի երթուղայինի գծատերն արձագանքելով երկվա մեր հրապարակմանը՝ պնդում է, որ ուղեվարձի գինը 50 %-ով բարձրացնելով ինքը ոչ թե նեղացրել է ժողովրդին, այլ պարզապես դադարել է բարեգործություն անել իր հաշվին:
«Արարատ-Վեդի երթուղին մրցույթում օրինական ձևով շահել եմ 150 դրամով, չեմ էլ հիշում երբ էր վերջին մրցույթն անցկացվել»,-Panorama.am-ի հետ զրույցում պարզաբանում է «Վեդու ԲՈՒԱՏ» ՍՊԸ սեփականատեր Մանվել Մանուկյանը և հիշեցնում, թե դրա իրավունքն ինքն ուներ վաղուց, դեռ մի բան էլ լավություն է արել, որ թանկացումն այսքան ուշացրել է:
- Ուրեմն ինչո՞ւ այսքան ուշ, մանավանդ` Երևանում տեղի ունեցող ակցիաների ժամանակահատվածում,- հարցրինք մարզի ՀՀԿ-ական «բարեգործին»:
- Մտածված հիմա գնացի դրան, որր նեղը չդնեմ իմ ժողովրդին: Ժամանակին ուղեվարձը 100 դրամ էր, ուղևորահոսքն էլ մեծ էր, հիմա ուղևորներ չկան, մենք ստիպված գինը բարձրացրինք,-պատասխանեց Մ.Մանուկյանը:
Մանուկյանն ինքն էլ տարակուսած էր, որ բնակիչների հուզումներից ու դժգոհություններից հետո լուռ է իր հեռախոսը՝ չեն զանգել Վեդու, Արարատի քաղաքապետարանից: Ասաց` մարզպետարանից զանգեցին, «էն էլ ուրիշ առիթով»:
Թե որքան է կազմել 1 տարվա «բարեգործության» դիմաց կրած վնասի չափը, ՀՀԿ-ական գծատերը դժվարանում է թիվ նշել, ասում է՝ անհարմար է, էդպես հաշվարկներ չեմ արել, որ ասեմ օգուտիս ու վնասիս չափը:
Գծատիրոջ խոսքերի հավաստիությունն ստուգելու համար համացանցում փորփրեցինք երթուղիների վերջին ամփոփ տվյալները` գրանցված չէր, իսկ մարզպետարանում մեր հեռախոսազանգերին այդպես էլ պատասխանող չգտնվեց:
Խնդրեցինք, որպեսզի պարոն Մանուկյանն անձամբ իր ունեցած փաստաթղթերը մեզ տրամադրի, սրտնեղեց, սրտաճմլիկ ձայնով սկսեց պատկերավոր նկարագրել իր «ողնաշարի գրիժայի ցավը», ասաց՝ «դրա համար էլ հիմա սանատորիայում եմ, ձեռս թուղթ-թանաք չկա»:
Հ.Գ. Մեր տեղեկություններով՝ երեկվա մեր հրապարակումից հետո Արարատի մարզպետն անմիջապես գործի է անցել և հիշյալ գծատիրոջը զանգել- պահանջել է անմիջապես դադարեցնել թանկացած ուղեվարձով երթուղու սպասարկումը, վերջում էլ հույս է տվել քմահաճ կուսակցին՝ «Գիտեմ գազը թանկացել է, ծախսերդ մեծ են, բայց ստիպված ենք…Մի քիչ սպասի, աղմուկ է, մինչև տեսնենք ինչ կարող ենք անել»:
Հեղինակ՝ Սյուզի Բադոյան