Բախշյանը կսպասի, թե երբ Սադոյանը կբարեհաճի մանկապարտեզի դարպասները բացել
«Հինգ հատ նույն պատասխանն եմ ստացել` պիտի թիվ 1 մանկապարտեզի հիմնանորոգման նախագիծ լինի, պիտի ֆինանսները հաշվվեն, պիտի էս անենք, պիտի էն անենք»: Անդրադառնալով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին թիվ մեկ մանկապարտեզի խնդրով հղած նամակների պատասխաններին, Panorama.am-ին ասաց Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը:
Հիշեցնենք, որ Բախշյանը քաղաքապետից խնդրել էր իրեն տրամադրել բոլոր այն իրավական ակտերը և մասնագիտական եզրակացությունը, որոնց հիման վրա վերոնշյալ մանկապարտեզի շենքը ճանաչվել է վթարային և դրվել է նույն տեղում նոր շենք կառուցելու հարցը, ինչպես նաև պարզաբանել, թե ճշգրտվել են արդյոք շինարարության ժամկետները:
«Հինգ հատ նույն պատասխանն եմ ստացել, բայց չեմ ստացել ամենակարևորը` այն որոշումը, որով քաղաքապետը կամ ավագանին, չգիտեմ ով, կասեցրել են այդ մանկապարտեզի գործունեությունը: Չկա այդպիսի որոշում: Մանկապարտեզն այսօր էլ ունի վարիչ, պահակ, այսինքն մանկապարտեզը փաստաթղթերով գործում է: Այսինքն կես դրույքով աշխատող վարիչն արդեն չորրորդ տարին է` աշխատավարձ է ստանում չաշխատելու համար»,-ասաց ավագանու անդամը:
Ա. Բախշյանի խոսքով, 2010-2013 թթ. Երևանի զարգացման քառամյա ծրագրով նախատեսված է, որ թիվ 1 մանկապարտեզը պետք է հիմնանորոգվեր 2011-ին. «դա լուրջ ծրագիր է, ինքն ընդունել է, ուրեմն ինքը նախատեսել է, հաշվարկել է: Այդ ծրագրով 16 մանկապարտեզի հիմնանորոգում է նախատեսված, հայտնի էլ չէ, թե քանիսն են հիմնանորոգվել»:
Նա լսել է, որ մանկապարտեզի շենքը սեփականաշնորհվել է, հիմա փորձում է շարունակվող նամակագրությամբ երևան հանել իրականությունը:
«Առայժմ չի ստացվում, բայց ակնհայտ է, որ այդ մանկապարտեզի հետ հետ կապված ինչ-որ մի բան կա: Եթե մինչև հիմա փակելու որոշում չկա, եթե 2011-ին հիմնանորոգում չի եղել, եթե ես պայմանավորվում եմ քաղաքապետարանի կրթության վարչության պետի հետ գնալ թիվ 1 մանկապարտեզ և անձամբ տեսնել, թե ինչ է կատարվում: Սողոմոնյանն իմ ներկայությամբ պայմանավորվում է Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Սադոյանի հետ, որ այսինչ օրը, այսինչ ժամին գալու ենք, հետո ոչ Սողոմոնյանն է գալիս, ոչ էլ Սադոյանն է մարդ ուղարկում, որ դուռը բացեն, ու ես դարպասի հետևը կանգնած եմ մնում, այդ բոլորը հուշում են, որ ինչ-որ բան այնտեղ մաքուր չի»,-ասաց նա:
«Բարև Երևան» խմբակցության ղեկավարի խոսքով, ինքը շարունակելու է նամակներ հղել ու պատասխաններ պահանջել: «Ես այն ինչ ասացի ձեզ, արդեն գրել եմ Տարոն Մարգարյանին, և կսպասեմ, թե երբ պարոն Սադոյանը կբարեհաճի մանկապարտեզի դարպասները բացել, որ մտնենք մեր աչքերով տեսնենք»,-ասաց նա, հավելելով, որ փաստաթղթերով մանկապարտեզը պահակ ունի, մինչդեռ երբ ինքը գնացել է, ոչ պահակին է տեսել, ոչ էլ վարիչին: Նա ենթադրում է, որ աշխատավարձի տեսքով ինչ-որ մարդիկ միջոցներ են յուրացնում:
Հիշեցնենք, որ մանկապարտեզը երեխաների առաջ փակվել է վթարային լինելու պատճառաբանությամբ:
Բախշյանն ասում է, դրսից նայելիս նորմալ տպավորություն է ստացել. «դրսից էդ շատ վատը չի երևում, դրսից երևում է լավ ու կանաչ, հարմարեցված բակ, շենքը կա, տանիքը կա, դուռ-լուսամուտը կա: Թե ինչն է ներսում վատ, գնանք, տեսնենք: Ես շարունակելու եմ»:
Նախորդող հրապարակումներ`
Կենտրոնի բնակչին մտահոգում է թիվ 1 մանկապարտեզի ճակատագիրը. Թող պարզի՝ փակվելուց առաջ ով նշանակվեց տնօրեն
Հարցեր, որոնք քաղաքապետարանը թողեց անպատասխան
Դեռ ինչքան ժամանակ մանկապարտեզի մեկ խմբում պետք է լինի 35-40 երեխա. Քաղաքապետարանի հստակ պատասխան չկա
Մանկապարտեզի մեկ խմբում 40-ից ավելի երեխա կա. Քաղաքապետարանում խնդրին տեղյակ են
Մանկապարտեզների գերբեռնվածության խնդրով ՄԻՊ աշխատակազմը քննություն կսկսի
Panorama.am-ի հրապարակման հետքերով. ՄԻՊ-քաղաքապետ նամակագրությունը շարունակվում է
Սեպտեմբերի 1-ից երևանյան մանկապարտեզներ կընդունվեն ևս 1300 երեխաներ
2007 թվականին ծնված երեխաները մանկապարտեզում տեղ չունեն. Գ. Սողոմոնյան
Արարատի մարզի գյուղերում երեխաներին մանկապարտեզներ չեն ընդունում
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում