«...անփոխարինելի մարդ է». Մահացել է արվեստի վաստակավոր գործիչ Արաքսի Սարյանը
«Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ Արաքսի Սարյանը Կոնսերվատորիայի կարևորագույն սյուներից մեկն էր, սիրված էր դասախոսների, ուսանողների կողմից, մի քիչ ավելին էր, քան դասախոս: Մինչև երեկ նա մեզ մոտ դաս էր տալիս: Ցավոք, կորցրեցինք»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր Շահեն Շահինյանը:
Նախօրեին կյանքի 76-րդ տարում վախճանվել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, արվեստագիտության թեկնածու, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Արաքսի Սարյանը: Մշակույթի նախարարությունից տեղեկացնում են, որ Արաքսի Սարյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ կստեղծվի թաղման կառավարական հանձնաժողով:
Ըստ Շ. Շահինյանի, իրենց տեղեկություններով պրոֆեսոր Սարյանի մահվան պատճառը եղել է սրտի կաթվածը. «Հիվանդ չէր: Երեկ Շվեյցարիայում մահացել է մեր դասախոսներից պրոֆեսոր Զառա Տեր-Ղազարյանը: Նա եղել է Արաքսի Սարյանի առաջին ուսանողներից: Այդ լուրը նա շատ ծանր է տարել»:
Կոնսերվատորիայի ռեկտորի խոսքով, Արաքսի Սարյանն անփոխարինելի մարդ է ու այժմ իրենց համար դժվար կլինի: «Երկար տարիներ երաժշտության պատմության ամբիոնի վարչին էր: Ամբիոնում աշխատում են հիմնականում հենց իր կադրերը, մի ընտանիքի պես էին: Մեր ամենակարկառուն, ամենալավ դասախոսներից էր Արաքսի Սարյանը»,- ասաց Շ. Շահինյանը:
ՀԳ. Ամիսներ առաջ Panorama.am-ը զրուցել էր պրոֆեսոր Արաքսի Սարյանի հետ: Նրան մտահոգում էր. «Վաղվա օրն է ինձ անհանգստացնում և հատկապես երիտասարդների վիճակը, հասկացողությունները, որ կարողանան իրենց տեղը գրավել կյանքում: Դա շատ կարևոր է»:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան