Հանրությունն անհանգստանում է նախօրոք, թե ինչպես է Օձունի եկեղեցին վերակառուցվում
Օձուն գյուղում 6-րդ դարում կառուցված եկեղեցում վերականգնողական աշխատանքները շարունակվում են: Panorama.am -ի հետ զրույցում տաճարում վերականգնողական աշխատանքներ իրականացնող մրցութային կարգով ընտրված շինարարական «ԼևԳուկ» ՓԲԸ-ի տնօրեն Լևիկ Ղուկասյանն ասաց. «Ի տարբերություն կապիտալ շինարարության, վերականգնման աշխատանքներում հաստատված նախագծերն ընթացքում ենթարկվում են փոփոխությունների: Ոչ ոք վերականգման ժամանակ չի կարող 100 տոկոս նախագիծ ներկայացնել: Կան շատ աշխատանքներ, որոնք նախագծման փուլում տեսանելի չեն, բացվում են ընթացքում՝ քանդման, վերաշարման, թաքնված աշխատանքներ: Նման փոփոխություններ լինում են: Ընթացիկ փոփոխությունները, որոնք, իհարկե, կերպարային շեղումներ չեն առաջացնում, կարելի է նաև առանց մշակույթի նախարարության գիտամեթոդական խորհրդի հաստատման իրականացնել: Վեղարի վերականգնման ժամանակ Իտալիայից հրավիրված մասնագետների հետ խորհրդակցություն ենք անցկացրել և հնչեց լավ առաջարկ՝ ամրացրեցինք չորս ճաքերը և դա ճիշտ լուծում էր»,- ասաց նա:
Օձունի եկեղեցու հոգևոր հովիվ տեր Վրթանեսը նույնպես հաստատեց, որ վերականգնողական աշխատանքներն ընթանում են հաստատված նախագծով: Ըստ նրա, ամեն ինչ արվում է, որպեսզի եկեղեցու նախնական տեսքը չխաթարվի. «Նույնիսկ ճաքերը չեն վերացվում, դրանց մեջ հատուկ նյութ է ներարկվում, ամրակայվում են, արվում է կրաշաղախով, ավանդական եղանակով, օգտագործվում է նույն հանքից բերված քարեր»: Աշխատանքները վերահսկվում են մշակույթի նախարարության և եկեղեցու սեփականատերը հանդիսացող Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից:
«Եկեղեցու սեփականատերը մեզ չի անհանգստացրել եկեղեցու վերականգնողական աշխատանքների հետ կապված,- մեզ հետ զրույցում ասաց մշակույթի նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալություն պետ Արմեն Աբրոյանը, թեև նշեց, որ կան խնդիրներ, բայց անհանգստացնող չեն,- ընթացիկ խնդիրներ են և մենք, մեր լիազորությունների սահմաններում, հեղինակին հանձնարարություններ ենք տվել: Օրինակ՝ ներկայացնել նախագծի համաձայնեցված պրոցեսի և իրականացված պրոցեսի տարբերությունը, կամ ի՞նչ լուծում պետք է տրվեր, որ չկա ու խնդիր է առաջացել»:
Նրա խոսքով, ընդհանրապես, հուշարձանների վերականգնման ընթացքում խնդիրներ լինում են, այդ պատճառով էլ ճարտարապետը գիտական ղեկավարման համար է, որ տեղում միջոցառումներ կարող է անել՝ ներկայացնելով հաշվետվություն:
Եկեղեցու գմբթի ծածկասալն վերականգնվում է 1888 թվականին վերակառուցման օրինակով: Եկեղեցու ճարտարապետ Միշա Հակոբյանի ներկայացմամբ, ամենասկզբում եկեղեցու գմբեթը ծածկված է եղել կղմինդրով, ժամանակի ընթացքում այն երեք անգամ փոփոխվել է, վերջինը եղել է 1888 թվականին, որը, նրա գնահատմամբ, ամենավատ վերականգնումն է եղել՝ ապականելով նախնական տեսքը: Իսկ թե ինչո՞ւ է հենց այդ տարբերակը վերցվել. հարցին տվեց հետևյալ պատասխանը. «Ժամանակի ընթացքում ճակտոնների, լանջերի նիշաները փոփոխություններ են կրել: Տեսականորեն, նաև գործնականում հնարավոր է վերականգնել կղմինդրե ծածկով, սակայն ծավալատարածական կերպարը փոփոխությունների կենթարկվեր»:
«Հովհաննես Իմաստասեր Կաթողիկոս Օձնեցի» բարեգործական հիմնադրամի տնօրեն Վանուշ Շերմազանյանը չցանկացավ գնահատել շինարարական աշխատանքների ընթացքը՝ խնդրելով դիմել մասնագետներին (կոնկրետ՝ Արմեն Աբրոյանին):
Հիշեցնենք, որ «Հովհաննես Իմաստասեր Կաթողիկոս Օձնեցի» բարեգործական հիմնադրամը իրականացնում է Օձունի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու վերանորոգման և վերականգնման աշխատանքների ֆինանսավորումը համաձայն Հիմնադրամի, ՀՀ Մշակույթի նախարարության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու միջև 23.03.2012թ. կնքված հուշագրի: Ֆինանսական միջոցները տրամադրվում են մրցութային կարգով ընտրված շինարարական ընկերությանը՝ «ԼևԳուկ» ՓԲԸ-ին:
Ի դեպ, տեր Վրթանեսը նաև տեղեկացրեց, որ շինարարական աշխատանքների ժամանակ եկեղեցուց հայտնաբերել են արժեքավոր իրեր. «Եկեղեցու ավանդատան հատակի նորոգման ժամանակ հայտնաբերվել է քառակողմ կոթող, որի մի կողմում թևավոր հրեշտակ է պատկերված՝ երաժշտական գործիքը ձեռքին, մյուս կողմում՝ հրեշտակ և ծաղիկներ: Հյուսիսային պատի միջից գտնվել է թևավոր խաչի աջ թևը, որի վրա հավանաբար պատկերված է Ղուկաս ավետարանիչը, ձեռքին ունի իր համանուն ավետարանը, մյուս ձեռքով էլ օրհնություն է տալիս»: Նրա խոսքով, լավ կլինի հենց եկեղեցու տարածքում թանգարան կառուցել ու հենց տեղում ցուցադրել այդ գտածոները:
Նախորդող հրապարակումներ՝
Վ. Շերմազանյան. Օձունի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու վերանորոգման աշխատանքները ձախողված չեն
Հովհաննես Իմաստասեր Կաթողիկոս Օձնեցի» բարեգործական հիմնադրամի տնօրենը ակնկալում է մշակույթի նախարարության միջամտությունը
«Օձունի վանքի վերականգնման շինարական աշխատանքները 2013թ. անցած 3 ամսում ձախողվել են»
Հայտարարվել է Օձունի վանքը վերականգնող կազմակերպության մրցույթ
Մասնավոր հատված-պետություն համագործակցություն. Վերականգնվելու է Օձուն գյուղի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան