Ադրբեջանը Իրանի մշակույթի հանդեպ իրականացնող կեղծարարության գործում փորձում է ներքաշել Արցախի Հանրապետությանը
«Հին իրանական ճոկան (Polo) մարզախաղը տարածված է եղել նաև Հայաստանում և Հնդկաստանում»,-այդ մասին Իրանի պաշտոնական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում նշել է ԻԻՀ Մշակութային արժեքների գրանցման գրասենյակի գործադիր տնօրեն Ֆարհադ Նազարին:
Նշենք, որ օրերս ԻԻՀ ճոկանի ֆեդերացիայի նախագահ Համզե Իլխանի Զադեն տեղեկացրել էր, որ ադրբեջանցիները իրանցի բանաստեղծ Նիզամի Գյանջավիին իրենց անվանը գրանցելու ջանքերից հետո հիմա էլ փորձ են անում նույն կերպ վարվել հին իրանական ճոկան մարզախաղի հետ և այդ առումով արդեն պաշտոնապես դիմել են ՅՈՒՆԵՍԿՕ-ին:
ԻԻՀ Մշակութային արժեքների գրանցման գրասենյակի գործադիր տնօրենը, անդրադառնալով վերոնշյալ փաստին, նոր մանրամասներ է հաղորդում Ադրբեջանի աճպարարությունների վերաբերյալ:
Ֆարհադ Նազարին, փաստելով, որ հին իրանական ճոկան (Polo) մարզախաղը տարածված է եղել նաև Հայաստանում և Հնդկաստանում, հավելել է. «Ադրբեջանը ճոկան մարզախաղը իր անվանը գրանցելու հայտը ՅՈՒՆԵՍԿՕ-ին ներկայացրել է «Ճոկանը՝ որպես Լեռնային Ղարաբաղի տեղական խաղ» ձևակերպմամբ. Այսինքն, Ադրբեջանը այնպես է ձևակերպել հայտը, թե ճոկանը Լեռնային Ղարաբաղի տեղական խաղ է, որը հետագայում տարածվել է նաև այլ շրջաններում»:
Նկատենք, որ մշակութային և պատմական հարցերի շուրջ Իրանի և Ադրբեջանի հարաբերություններում վերջին տարիներին զգալի տարաձայնություններ են առաջացել: Իրանական կողմի պնդմամբ՝ Ադրբեջանը բացի իրանցի բանաստեղծ Նիզամի Գյանջավիին որպես ադրբեջանական ներկայացնելուց, սեփականացնում է նաև իրանական երաժշտական գործիքները, արդեն նաև ճոկան մարզախաղը, ինչն էլ հարուցում է իրանցի պաշտոնյաների և արվեստագետների դժգոհությունը:
Ճոկանը խմբակային սպորտի տեսակ է, որ խաղում են մականներով և գնդակով։ Մասնակիցները ձիավորներ են, որոնք բաժանվում են երկու խմբի և խաղադաշտում հատուկ մականների օգնությամբ փորձում են գնդակով գրավել հակառակորդի դարպասը։
Նախորդող հրապարակումներ՝
Իրանը երկու ամիս ժամանակ ունի, հակառակ պարագայում Ադրբեջանը ճոկան (Polo) մարզախաղը կգրանցի իր անվանը
Իրանը կրկին դժգոհում է. Ադրբեջանը փորձում է ՅՈՒՆԵՍԿՕ-ում իր անվանը գրանցել հին իրանական ճոկան մարզախաղը
Իրանի փոխնախագահը ՅՈՒՆԵՍԿՕ-ից պահանջում է կասեցնել Ադրբեջանի հակամշակութային գործողությունները
Իրանցի երաժշտագետ. Թառի վերաբերյալ Ադրբեջանի ներկայացրած պնդումները կեղծ են
Միջազգային կառույցները պետք է կանխեն հարևան ազգերի մշակույթը յուրացնելուն ուղղված Ադրբեջանի քայլերը. Իրանագետ