Հայկական «լոբբին» կօգնի՞ արդյոք Իրանին ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Իրանի նախագահ Հասան Ռոհանին օրերս Մեջլիսի՝ կրոնական փոքրամասնությունները ներկայացնող պատգամավորների հետ ունեցած հանդիպման ժամանակ հետաքրքիր հայտարարություն է արել, նշելով, որ մուսուլմանների և կրոնական փոքրամասնությունների միջև որևէ տարբերություն գոյություն չունի. Ավելին, նրանց «լոբբին», ինչպես հայերինն է, կարող է արտաքին հարաբերություններում ազդեցիկ լինել:
Ինչպես հայտնի է, ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցերը հանդիսանում են Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության կարևորագույն առաջնահերթությունները: Հետևաբար հայկական «լոբբին» աշխարհի տարբեր երկրներում և միջազգային կազմակերպություններում մեծ աշխատանք է կատարում մեր ազգային խնդիրների լուծման գործում:
Անդրադառնալով Իրանին` նշենք, որ վերջին տարիներին Հայոց ցեղասպանության հարցում պաշտոնական Թեհրանի դիրքորոշման մեջ որոշակի փոփոխություններ են տեղի ունեցել: Վերջին յոթ տարվա մեջ առաջին անգամ այս տարի ապրիլի 24-ին Իրանի իշխանությունները իրանահայ համայնքին թույլատրեցին բողոքի ցույց անցկացնել Թուրքիայի դեսպանության առջև:
Ավելին, այս տարի Ցեղասպանության 98-րդ տարելիցի նախօրեին կազմակերպված «Անպատիժ մնացած ոճրագործություն» խորագրով միջոցառման ժամանակ ԻԻՀ Մեջլիսի փոխնախագահ Մոհամմադ Հասան Աբութորաբի Ֆարդը , հիշատակելով ցեղասպանության ժամանակ նահատակված հայերին և ասորիներին, մասնավորապես նշել էր. «Նրանք, որոնց ձեռքը երեկ շաղախվել էր հայերի արյամբ, այսօր Սիրիայում շաղախվել է մեր քույրերի ու եղբայրների արյամբ»:
Քանի որ Հայոց ցեղասպանության հարցում Իրանի դիրքորոշմանը արդեն անդրադարձել ենք մեր նախորդ մեկնաբանության մեջ,
այժմ անդրադառնանք այն հարցին, թե կարո՞ղ է արդյոք հայկական «լոբբին» ազդեցություն ունենալ Իրանի՝ Հայոց ցեղասպանության հարցում ունեցած դիրքորոշման վրա:
Արդյունվետ «լոբբինգ» իրականացնելու համար նախ պետք է բարենպաստ միջավայր լինի: Արդյո՞ք թուրք-իրանական հարաբերությունները նպաստում են այդ միջավայրի ձևավորմանը:
Իհարկե, քիչ հավանական է, որ առաջիկա տարիներին, որքան էլ լարվեն իրանաթուրքական հարաբերությունները, Թեհրանը պաշտոնապես ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Սակայն հարկ է նշել, որ ի տարբերություն շատ քրիստոնեական երկրների, Իրանի Իսլամական Հանրապետության 6-րդ գումարման Մեջլիսի պատգամավորները դատապարտել են Հայոց ցեղասպանությունը:
Ինչևէ, անդրադառնալով թեմային՝ նշենք, որ Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված կոտորածների հետևանքով ի թիվս հայերի, հույների, ասորիների, բազմաթիվ իրանցիներ ևս նահատակվել են:
2012թ. նոյեմբերին Իրանի Արևմտյան Ատրպատական (Արևմտյան Ազարբայջան) նահանգի մշակութային ժառանգության կազմակերպությունը, հանդես էր եկել հայտարարությամբ, նշելով, որ առաջին համաշխարհային պատերազմի տարիներին օսմանյան թուրքերը Իրանի հյուսիս-արևմտյան շրջանները գրավելու նպատակով հարձակումներ էին կատարել, ինչի հետևանքով շուրջ իննը միլիոն իրանցի է կոտորվել:
Տարածաշրջանային մի շարք հարցերում Իրանի և Հայաստանի շահերը համընկնում են: Գաղտնիք չէ, որ Թուրքիայի հեռահար նպատակներից է Իրանի հյուսիսային՝ թյուրքալեզու իրանցիներով բնակեցված նահանգների միջոցով կապվել Ադրբեջանի հետ: Ինչպես նկատում ենք, վերջին տարիների թուրք-ադրբեջանական դաշինքի գործունեությունն էլ ուղղված է հենց այդ նպատակին:
Ինչ վերաբերում է Իրան-Թուրքիա և Իրան-Ադրբեջան հարաբերությունների հեռանկարին՝ ապա մոտ ապագայում իրանաադրբեջանական հարաբերությունները կապված բազմաթիվ խնդիրների հետ, դժվար թե կարգավորվեն , իսկ Անկարայի և Թեհրանի երբեմնի ջերմ հարաբերությունները վերջին երկու տարում նկատում ենք, որ բավականին սառել են, կապված ինչպես Սիրիայի, այնպես էլ քրդական խնդրի հետ (Թուրքիան Իրանին մեղադրում է «PKK»-ին աջակցելու մեջ):
Ինչպես նկատում ենք, թուրք-իրանական հարաբերություններում ձևավորված մթնոլորտը Իրանում ցեղասպանության հարցում տարվող հայանպաստ «լոբբինգ»-ն ավելի աշխուժացնելու համար բարենպաստ նախադրյալներ է ստեղծում:
Եզրափակելով խոսքը՝ մեկ անգամ ևս նշենք, որ քիչ հավանական է, թե մոտ ապագայում Թեհրանը պաշտոնապես ճանաչի Հայոց ցեղասպանությունը, սակայն տարածաշրջանում դեպքերն այնպիսի արագությամբ են զարգանում, որ չի բացառվում, որ մինչև 2015 թվականը՝ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը, թուրք-իրանական հարաբերություններում այնպիսի իրավիճակ ստեղծվի, որը Իրանիին կստիպի ցեղասպանության հարցում ունեցած իր դիրքորոշման մեջ հստակեցում մտցնել:
Ինչ վերաբերում է հայկական «լոբբիին», ապա կարծում ենք, որ թե՛ պարսկալեզու, թե՛ արաբալեզու լսարանների հետ տարվող աշխատանքներն առավել ակտիվացնելու դեպքում (Ցեղասպանության մասին գոյություն ունեցող ֆիլմերի թարգմանություն, տեղեկատվական-քարոզչական կայքերի հիմնում, գրքերի հրատարակում, կոնֆերանսների կազմակերպում և այլն) կարելի է հասնել լուրջ հաջողությունների, որոնք էլ բնականաբար իրենց ազդեցությունը կունենան տվյալ երկրների հասարակական-քաղաքական որոշումների կայացման վրա:
Հեղինակ՝ Արմեն Իսրայելյան, իրանագետ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան