Դաստակերտի դպրոցի տանիքը` անձրևաջրերով լցված, դպրոցը` քանդման եզրին
Սյունիքի մարզի Դաստակերտի միջնակարգ դպրոցի շենքը կառուցվել է 1955 թվականին, վերջին անգամ մասնակի կոսմետիկ վերանորոգում է կատարվել 1999 թ.-ին: Այս վերանորոգումն էլ պետության կողմից չի ֆինանսավորվել, այն հնարավոր է եղել իրականացնել հովանավորի շնորհիվ: «Առ այսօր վերանորոգում չկա և վիճակը շատ վատ է»,- ասում է դպրոցի տնօրեն Սերոբ Ապրեսյանը:
Դպրոցն ունի մոտ 12 դասասենյակ, ուսուցչանոց, սպորտ դահլիճ` մոտ 80 քմ, տնօրենի աշխատասենյակ, համակարգչային սենյակ և լաբորատորիա:
«Դասասենյակներում վիճակը կարող եք պատկերացնել… ուղիղ 15 տարի վերանորոգում չի եղել, եղածն էլ թեթևակի էր: Մենք փայտի վառարանով ենք տաքացնում, դրա պատճառով էլ պատերն ու առաստաղն են սևանում: Ճիշտ է մաքրում ենք, բայց անհրաժեշտ պայմանները չեն»,-ներկայացնում է տնօրենը:
Դպրոցի ճաշարանը բարվոք վիճակում է, այս տարի կարողացել են թեթևակի վերանորոգել, որպեսզի երեխաներին կարողանան կերակրել:
Դպրոցական գույքը միջին վիճակում է. «Ունենք հին ու նոր սեղաններ, իրար ենք անում, պահպանում»:
Պատուհանները փայտյա են` 55 թվականին դրված: Երկու շերտ ունեն, բայց մաշված, քայքայված են, ճեղքերը` շատ, ստիպված ձմռանը ցելոֆաններով են փակում:
Շենքում անձրևաջրեր են լցվում: Տանիքը ևս շատ վատ վիճակում է, առաստաղն էլ փայտից է, ինչը անձրևների հետևանքով փտել է, փայտերն ահագին վնասված են:
Տնօրենի խոսքով, առաջնայինը տանիքի խնդիրն է. «Եթե դա չլուծենք, հաշվեք դպրոցը քանդում ենք: Որովհետև ջրերը վերջնականապես քանդելու են տանիքը, դրանք տանիքում լցված մնում են: Ինչ-որ բաներ անում ենք, պահում ենք, բայց դա խնդիրի լուծում չէ: Ջրերը ներսում են, պատերը քայքայվել, սևացել, թափվում են»:
Գրքերի հետ կապված խնդիր դպրոցը չունի: Գրադարանն էլ գործում է:
Մարզպետարանում Սերոբ Ապրեսյանը բարձրաձայնել է խնդրի մասին, բայց չգիտի ինչպիսին կլինեն արդյունքները: Վերանորոգման ենթակա դպրոցների ցուցակում ներառված չեն, ասել են` կփորձենք, մի բան կանենք, տեսնենք երբ ֆինանսներ կլինեն: «Եթե մեր մարզպետին ձեր միջոցով էլ դիմեմ, գուցե մի բան ստացվի, ինչ-որ կերպ ընդառաջեն»,- ասում է նա:
Դպրոցն ունի 42 աշակերտ: Տնօրենը ձգտում է, որ դասարանները չկոմպլեկտավորեն: Թեկուզ մի երեխայով էլ փորձում են առանձին դասարան պահել. «Մենք մեր ֆինանսով յոլա ենք գնում: Ուսուցիչը կարող է մի ժամվա համար վճարվի, բայց երկու ժամ պարապի»:
Աշակերտների թիվը Դաստակերտի միջնակարգ դպրոցում նվազում է, նախորդ տարի 53-ն են եղել: Գյուղը դատարկվում է, ասում է Սերոբ Ապրեսյանը: Մի մասը քաղաք է գնացել, մի մասն էլ երկրից են հեռացել. «Արտագաղթ այս պահին չկա, ովքեր էլ, որ չեն գնում, ի վիճակի չեն որևէ տեղ գնալու, դրա համար են մնացել»:
Տունը լքելու հիմնական պատճառը սոցիալական պայմաններն են: Գյուղում ոչ մի աշխատատեղ չկա, մարդիկ չեն աշխատում: Այդպիսի տեղ չկա, որ գյուղացիները կարողանան գումար վաստակել. «Դաշտեր էլ չկան, որ վարենք, մեզ մոտ միայն ձորեր են»:
Տնօրեն ընդգծում է, որ իրենք փորձում են պայքարել, ապրել… իսկ գյուղը սահմանամերձ տարածքում է` սարերի մեջ:
Գյուղական դպրոցների մասին շարքի նախորդ պատմությունները՝
Քամին տանիքն է տարել, անձրևները լցվել են շենք, քայքայել պատերն ու հատակը. Սպանդարանի դպրոցը
Փլատակ դարձած դպրոցը. 10 տարի փայտե տնակներում, հետո` խոնավ ու բորբոսնած պատերով շենքում
Հիմքերն անձրևաջրերով են լցվում, տանիքը` կաթում, հատակը քանդված է… Վերիշենի դպրոցը
Թասիկի դպրոցը` առանց դպրոցական շենքի, 14 աշակերտով
Քանդված տանիքով դպրոցը. Տնօրենը հնամաշ պատուհաններին մի կերպ ապակի է գցում ու ցելոֆաններ փակցնում
Քանդված հատակ, փտած դռներ, առաստաղից երևացող գերաններ և մութ դասասենյակներ. Կուտականի դպրոցը
Դպրոցը՝ նախկին կոլխոզի շենքում. Սալվարդում ընդամենը 15 աշակերտ կա
«Կոմպլեկտավորած դասարանում ուսման որակի հերն անիծվում է». Դպրոցի տնօրենը զենքերը վայր չի դնում
Պատուհանից այն կողմ` ցելոֆաններ երկնքի փոխարեն. Սորիկի աշակերտների երազանքն ու իրականությունը
Դպրոցը՝ վթարային շենքում. Դաշտադեմում մի քանի օրից ընդամենը ինը աշակերտ կմնա
Քայքայված պատեր ու ծակ լուսամուտներ. Վաղատինի դպրոցը
Յոթ աշակերտով դպրոցը, Աճարկուտում քիմիայի լաբորանտն արդեն 15 տարի հայոց լեզու է դասավանդում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան