Վերին Կարմիր Աղբյուրի դպրոցը` կիսավարտ, վթարային շենքում
Տավուշի մարզի Վերին Կարմիր Աղբյուրի միջնակարգ դպրոցի շենքում առաջին զանգը հնչել է 1970 թվականին, սակայն շինարարությունն այդպես էլ ավարտին հասցված չի եղել: Կիսավարտ շինության փաստաթղթերը դպրոցի տնօրինությունը վերցրել է վերջերս: Անձնագիրը նոր է, դպրոցը` հին ու մաշված…
Շինությունը վթարային է, տնօրեն Հրանտ Մխիթարյանի խոսքով, ԱԻՆ համապատասխան ծառայությունն է նման եզրակացություն տվել:
Դպրոցի շենքում հիմնանորոգում երբեք չի արվել, մասնակի վերանորորգման արդյունքում պատերն են սպիտակեցրել, տանիքը նորոգել, իսկ հատակն ու պատուհանները մնում են կիսաքանդ: «Պատուհանները երկշերտ են, բայց ապակի միայն մի շերտն ունի: Դպրոցը բարձր դիրքում է գտնվում, քամիների ժամանակ կոտրվում են պատուհանները»,- ասում է տնօրենը:
Դասասենյակներում կարգին աթոռներ չկան. «Սեղան-աթոռները հնարավորության սահմաններում ընթացքում ձեռք ենք բերել: Սեղանները ոչինչ, բայց աթոռները լավ չեն: Փայտից են, հին, ճռռում են, կիսակոտրված են»:
Հատակը նույնպես քարուքանդ է: Ժամանակին փայտ է եղել, մաշվել է, միջանցքինն էլ բետոնից է: «Շատ ցուրտ է լինում այդ բետոնի պատճառով, չի տաքանում: Պատուհաններն էլ քանի, որ մեծ են ու հին, ցելոֆաններով ենք փակում` ինչ-որ կերպ փորձում ենք ապահովել պահանջվող ջերմաստիճանը»,- պատմում է Հրանտ Մխիթարյանը:
Դպրոցը ջեռուցվում է փայտի վառարաններով: Շենքում գազ չեն քաշում, որովհետև իմաստ չունի, շինությունը շատ սառն է և գազով չի տաքանա:
Դպրոցը լաբորատոր սարքավորումներ չունի, վերջին անգամ 1980-ականներին են ստացել: Շատ հին են, ուղղակի որպես նմուշ երեխաներին ցուցադրում են, բայց օգտագործել չի լինում. «Ինֆորմատիկայի կաբինետ ունենք, 2006-ին համակարգիչներ ենք ստացել, այդ առումով լավ է: Այս տարի էլ դպրոցի սպրոտ դահլիճի հատակն ենք կարողացել վերանորոգվել»:
Ամենաանմխիթար վիճակում դպրոցի ճաշարանն է. «Քիչ է մնում պանելները ընկեն: Շատ վատ են պայմանները: Մի կերպ հարմարեցնում ենք, երեխաներին կերակրում: Նույնիսկ գույք չկա, սպրոտդահլիճում տախտակ ունենք, դա ենք բերում, հարմարեցնում որպես սեղան , աթոռ, երեխաները սնվում են, հետո նորից հետ ենք տանում: Սառնարան չկա, ամանները պահելու դարակներ չկան: Ամանների մի մասն էլ երեխաներն են տանից բերել»:
Գրադարանը ևս վերանորոգման խիստ կարիք է զգում,- ասում է տնօրենը:
Թեև դպրոցի պայմանները լավը չեն, բայց տնօրենը հպարտանալու և ուրախանալու առիթ գտնում է. դպրոցն անհրաժեշտ մասնագետներով ապահովված է, երեխաներն էլ բարձր առաջադիմությամբ են սովորում, օլիմպիադաներում են հաղթում, բուհերում են շարունակում կրթությունը:
Դպրոցում այժմ սովորում է 211 աշակերտ: Աշակերտների թիվը նվազման միտում ունի, նախորդ տարվա համեմատ 16-ով պակաս է. «Տեղափոխվում են, երեխաներին էլ տանում են»:
Մարզպետարանում դիմել են վերանորոգման համար: Եկել նայել են, ասել են հիմնովին պիտի վերանորոգվի, պետբյուջեից այնքան գումար պիտի տրվի, որ միանգամից վերանորոգեն, իսկ խոսքը մեծ գումարի մասին է: Այս տարի պիտի որ ներառվի ծրագրում, բայց դեռ հայտնի չէ:
Գյուղական դպրոցների մասին շարքի նախորդ պատմությունները՝
Դաստակերտի դպրոցի տանիքը` անձրևաջրերով լցված, դպրոցը` քանդման եզրին
Քամին տանիքն է տարել, անձրևները լցվել են շենք, քայքայել պատերն ու հատակը. Սպանդարանի դպրոցը
Փլատակ դարձած դպրոցը. 10 տարի փայտե տնակներում, հետո` խոնավ ու բորբոսնած պատերով շենքում
Հիմքերն անձրևաջրերով են լցվում, տանիքը` կաթում, հատակը քանդված է… Վերիշենի դպրոցը
Թասիկի դպրոցը` առանց դպրոցական շենքի, 14 աշակերտով
Քանդված տանիքով դպրոցը. Տնօրենը հնամաշ պատուհաններին մի կերպ ապակի է գցում ու ցելոֆաններ փակցնում
Քանդված հատակ, փտած դռներ, առաստաղից երևացող գերաններ և մութ դասասենյակներ. Կուտականի դպրոցը
Դպրոցը՝ նախկին կոլխոզի շենքում. Սալվարդում ընդամենը 15 աշակերտ կա
«Կոմպլեկտավորած դասարանում ուսման որակի հերն անիծվում է». Դպրոցի տնօրենը զենքերը վայր չի դնում
Պատուհանից այն կողմ` ցելոֆաններ երկնքի փոխարեն. Սորիկի աշակերտների երազանքն ու իրականությունը
Դպրոցը՝ վթարային շենքում. Դաշտադեմում մի քանի օրից ընդամենը ինը աշակերտ կմնա
Քայքայված պատեր ու ծակ լուսամուտներ. Վաղատինի դպրոցը
Յոթ աշակերտով դպրոցը, Աճարկուտում քիմիայի լաբորանտն արդեն 15 տարի հայոց լեզու է դասավանդում