Վայելենք օլիմպիական Սոչիի հմայքը, իսկ պրակտիկ բաների մասին կմտածեն հետո
Մի քանի օրից Սոչիում մեկնարկում են ձմեռային օլիմպիական խաղերը, որոնք պատմության մեջ ամենաթանկն են արժեցել: Երկու ամիս առաջ Panorama.am-ը համոզվեց դրանում. Ամենուր շինարարություն էր, ընդ որում կառուցվում էին ոչ միայն մարզական օբյեկտներ ու հյուրանոցներ, այլև դպրոցներ, մանկապարտեզներ, խաղահրապարակներ, հիվանդանոցներ և Օլիմպիադայի հետ կապ չունեն այլ շինություններ:
Սոչիի ու երկրի իշխանությունները, թերևս, որոշեցին մեկ գնդակով երկու նապաստակ որսալ` և’ պատշաճ կերպով անցկացնել այս տարվա ամենագլխավոր մարզական իրադարձությունը, և’ բարեկարգել Ռուսաստանի ամենաթանկ կուրորտային քաղաքը, այն դարձնելով ավելի շքեղ:
Դեռ երկու ամիս առաջ շինարարության մեջ թաղված քաղաքն այսօր, ըստ տեղեկությունների, ամբողջությամբ պատրաստ է օլիմպիական խաղերի մեկնարկին, իսկ դրանում կհամոզվենք փետրվարի 7-ին:
Մինչև վերջերս պաշտոնյաները խուսափում էին կոնկրետ գումար հնչեցնել, թե ինչքան ծախսվեց այդ տոնը մարզաշխարհին նվիրելու համար: Սակայն թիվն այդուհանդերձ հնչեց` 44 մլրդ դոլար, որից բուն մարզական օբյեկտների շինարարության համար հատկացվել է ընդամենը 6.3 մլրդ դոլար:
Հայտնի գովազդում հնչող ` «Россия щедрая душа» բառերը այստեղ ավելի քան ճշմարտացի են` միայն 770 մլն ռուբլի Ռուսաստանը ծախսել է բացառապես Օլիմպիական խաղերի բացման և փակման համար կառուցված մարզադաշտի վրա, որը հետագայում պետք է ձևափոխվի ֆուտբոլային մարզադաշտի և 2018թ-ին ընդունի ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերը: Իհարկե, ձևափոխումը նույնպես գումար է պահանջում, այնպես որ պնդել, թե 44 մլրդ դոլարը վերջնական թիվն է ոչ ոք չի համարձակվի:
Քաղաքապետ Պախոմովը Panorama.am-ի` Սոչի կատարած այցի ժամանակ, հայտնել էր, որ մի շարք մարզական օբյեկտներ խաղերից հետո ձևափոխվելու են` մեկը կդառնա մեծ ցուցասրահ, մյուսը խոշոր առևտրի կենտրոն: Սակայն մինչ օրս դրանք կասկածի տակ են. Ի վերջո, Սոչիի բնակչությունը չի գերազանցում 800 հազարը, ամռան ամիսներին է միայն, որ զբոսաշրջություն հաշվին ակտիվանում է այս քաղաքը, այնպես որ դեռ հարց է, թե արդյո՞ք կարդարացնեն ներդրված գումարներն իրենց:
Ինչ վերաբերում է հյուրանոցներին, ապա Սոչին հյուրերին հնարավորություն կտա ընտրել նորակառույց 41 հազար հյուրանոցային համարներից մեկը` հենց այսքան է կառուցվել այս ընթացքում: Որոշ փորձագետներ գտնում են, որ հյուրանոցները չեն բավականացնի բոլոր ցանկացողներին և այստեղ կօգնեն Սոչիի բնակիչները` վարձակալության տալով իրենց բնակարանները:
Ի դեպ, այստեղ առաջ է գալիս ևս մեկ հարց` ի՞նչ են լինելու այս ապշեցուցիչ` «Radisson», «Marriott», «Tulip» ու հյուրանոցային այլ հսկաները խաղերից հետո, քանի որ Սոչի հանգստի մեկնողների փոքր տոկոսն է, որ կանգ է առնում նման հյուրանոցներում…
Ինչևէ, կենտրոնանաք այն մտքի վրա, որ վեց օրից մեկնարկում են օլիմպիական խաղերը: Թող դրանք առաջին հերթին լինեն անվտանգ, լի գունեղ ու շքեղ անակնկալներով, հաջող բոլոր նրանց համար, ովքեր մեկնել են Սոչի հաղթանակի հետևից և վառ նրանց համար, ովքեր ուղղակի մասնակցում են դրանց` հիշողությունների մի մեծ փնջով տուն վերադառնալու ակնկալիքով...
Նախորդիվ`
Օլիմպիական Սոչին սպասման մեջ է` կհասցնեն, արդյո՞ք, ավարտել բոլոր գործերը
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները