«Անվստահություն ունենք վարչապետի ցանկացած քայլի և առաջարկի նկատմամբ». Բնապահպանները դեռ պետք է քննարկեն վարչապետի առաջարկը
«Դեռ որևէ ձևով չենք հստակեցրել մեր դիրքորոշումը` կապված վարչապետի առաջարկի հետ, թե պատրաստ է ընդունելու բնապահպան ակտիվիստներին: Հանդիպման մասին առաջարկը դեռևս պետք է քննարկենք»,- այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց բնապահպան-ակտիվիստ Աննա Շահնազարյանը:
Հիշեցնենք, որ այսօր «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում տեղի ունեցող «Պատասխանատու հանքարդյունաբերության կայացումը Հայաստանում. հնարավորություններ և մարտահրավերներ» թեմայով համաժողովն սկսեց միջադեպով. բնապահպանները «Հայաստանի ընդերքը ապագա սերունդներինն է, դուք չեք կարող որոշել նրանց փոխարեն», «Hands off Armenia», «Հայաստանը չի դառնա մի նոր թալանված Աֆրիկա» բովանդակությամբ պաստառներով ներս մտան համաժողովի դահլիճ: Համաժողովին մասնակցում էին Հայաստանում ԱՄՆ-ի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի դեսպանները, ՀՀ բնապահպանության, էկոնոմիկայի, էնեգետիկայի և բնական պաշարների նախարարները: Նախատեսվում էր, որ համաժողովում ելույթ կունենա նաև վարչապետ Տիգրան Սարգսյանը, սակայն նա այդպես էլ չներկայացավ: Իսկ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը հայտարարեց, որ վարչապետը պատրաստ է կառավարությունում ընդունել բնապահպան ակտիվիստներին, պատասխանել նրանց հարցերին:
«Իրականում, մենք անվստահություն ունենք վարչապետի ցանկացած քայլի և առաջարկի նկատմամբ, քանի որ ժամանակին, երբ բարձրացնում էինք Թեղուտի ապօրինի լիզենցավորման թույլատվության հարցը, երկարատև ակցիաներից հետո վարչապետը հրապարակավ հանդես եկավ մեզ ընդունելու հայտարարությամբ, բայց դա ընդամենը նրա կողմից ցուցադրական քայլ էր, այսինքն` հանդիպումը ոչինչ էլ չտվեց»,- ասաց Աննա Շահնազարյանը:
Նրա խոսքերով` կոնֆերանսի օրակարգում ընդգրկված են ելույթներ, որոնք ստեղծում են տպավորություն, թե հանքարդյունաբերությունը շատ լավ բան է Հայաստանի համար, պարզապես մի քանի մանր-մունր խնդիրներ կան, որոնք պետք է լուծեն:
«Ստացվում է այնպես, որ հանքարդյունաբերական ընկերությունները պարզապես հավաքվել են իրար հետ խոսելու, իրար գովազդելու համար»,- նշեց ակտիվիստը:
Բնապահպան Եղիա Ներսեսյանն էլ ասաց, որ իրենք չեն պատրաստվում ընդունել վարչապետի առաջարկը: «Չենք ընդունելու այդ առաջարկը, քանի որ իմաստը չենք տեսնում»:
Նշենք, որ մինչ համաժողովի մեկնարկելը Աննա Շահնազարյանը պղտոր ջուր էր առաջարկել բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին: Ջուրը բերված էր Սյունիքի մարզի Գեղի գետից, որը թունավորվում է Հանքասարի հանքավայրի պոչամբարի նյութերով:
Նախորդող`
Վարչապետը չներկայացավ համաժողովին, բայց կառավարությունում կընդունի բնապահպան ակտիվիստներին
Հանքարդյունաբերությանը նվիրված միջազգային համաժողովը երկխոսության նպատակ ունի. ԱՄՆ դեսպան
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները