ԵԽԽՎ-ն վերանայո՞ւմ է իր մոտեցումը Հայաստանի նկատմամբ
Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի Բյուրոն որոշում է կայացրել ընթացք տալ Ադրբեջանի՝ Լեռնային Ղարաբաղի Սարսանգի ջրամբարի հետ կապված նախաձեռնությանը։ Ինչպես հայտնում է Ստրասբուրգում Panorama.am-ի թղթակիցը, Բյուրոյում բանաձևի նախաձեռնությունը հաստատվել է, նշանակվելու է զեկուցող, ով պետք է պատրաստի համապատասխան զեկույց Սարսանգի ջրամբարի վերաբերյալ։ Զեկույցը, հավանաբար, կքննարկվի ԵԽԽՎ հաջորդ նստաշրջանում։
Սա առաջին անգամ չէ, որ ադբեջանցիները միջազգային ատյաններում և նաև ԵԽԽՎ-ում բարձրացնում են Սարսանգի ջրամբարի հարցը։ 2013թ-ի ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում ադրբեջանցիները ևս բարձրացրել էին Սարսանգի ջրամբարի հարցը, սակայն Բյուրոն, ով իրավունք ունի առաջարկվող նախաձեռնություններին ընթացք տալ, կասեցնել կամ ընդունել որպես ի գիտություն, Ադրբեջանի՝ Սարսանգի վերաբերյալ բանաձևի նախաձեռություն ընդունել էր որպես «Ի գիտություն»։
Սակայն այս անգամ՝ ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում, որտեղ բավական թեժ էին քննարկումները՝ Ղրիմի հանրաքվեի, ռուս պատվիրակների քվեարկության իրավունքի հարցերի հետ կապված, ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության դիրքորոշումները ամենևին չէին համապատասխանում ԵԽԽՎ մեծամասնության կարծիքին, որտեղ միանշանակորեն պաշտպանվում էր տարածքային ամբողջականությունն ու քննադատվում Ռուսաստանի կողմից Ղրիմի նկատմամբ ռազմական միջամտությունը։
Այս հանգամանքները, կարծես, ևս աննկատ չմնաց ԵԽԽՎ-ում, որն էլ ընթացք տվեց մինչ այդ մի քանի անգամ մերժված ադրբեջանցիների նախաձեռնություններին՝ կապված Լեռնային Ղարաբաղի Սարսանգի ջրամբարի հետ։
Հիշեցնենք, որ առաջարկության մեջ ասվում է, որ երկար տարիներ՝ հատկապես գարնանն ու ամռանը, Ադրբեջանի սահմանամերձ գոտիների ոռոգումը կատարվել է Թարթառ գետի վրա կառուցված Սարսանգի ջրամբարից, ինչը ներկայումս ամառվա ամիսներին դադարեցվում է և հումանիտար խնդիրներ առաջացնում բնակիչների համար։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին