Ադրբեջանական ԶԼՄ-ները Զաքիր Հասանովի խոսքերը վերագրել են Իրանի պաշտպանության նախարարին
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի՝ Իրան կատարած այցը լուսաբանելիս ադրբեջանական ԶԼՄ-ներն ավանդույթի համաձայն՝ հերթական ապատեղեկատվությունն են հրապարակել՝ Զաքիր Հասանովի անհիմն հայտարարությունները վերագրելով Իրանի պաշտպանության և ԶՈւ աջակցման նախարար Հոսեյն Դեհղանին:
Եվ այսպես, ադրբեջանական «ԱՊԱ» լրատվական գործակալությունը, հղում անելով իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալությանը, գրել է. «ԻԻՀ պաշտպանության նախարար Հոսեյն Դեհղանը Զաքիր Հասանովի հետ ունեցած մամլո ասուլիսի ընթացքում հայտարարել է, որ իր երկիրը աջակցում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը. Իրանցի նախարարը հիշեցրել է ՄԱԿ-ի ընդունած 4 բանաձևերը, որոնք պահանջում են Ադրբեջանի «օկուպացված» տարածքների վերադարձ»:
Ուսումնասիրելով «ՄԵՀՐ» լրատվական գործակալության հրապարակումը նկատում ենք հետևյալ հաղորդագրությունը. «ԻԻՀ պաշտպանության նախարարը, շնորհակալություն հայտնելով Ադրբեջանին Իրանի միջուկային ծրագրի հարցում ունեցած դիրքորոշման համար, նշել է. ''Մենք էլ աջակցում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՛՛»:
Իրանական աղբյուրի հաղորդմամբ՝ ՄԱԿ-ի բանաձևերի վերաբերյալ հայտարարությունն արել է ոչ թե Իրանի պաշտպանության նախարարը, այլ Զաքիր Հասանովը:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ադրբեջանական մամուլը, օրերս լուսաբանելով Իլհամ Ալիևի իրանական այցը, ԻԻՀ հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիին վերագրել էր հայտարարություն, որը նա չէր արել, հետևաբար բացակայում էր նաև նրա պաշտոնական կայքում:
Թեմայի առնչությամբ այլ հրապարակումներ՝
Ո՞րն է Իլհամ Ալիևի՝ Իրան կատարած այցի նպատակը
Ադրբեջանական ԶԼՄ-ները Իլհամ Ալիևի՝ Իրան կատարած այցի վերաբերյալ սխալ տեղեկատվություն են հրապարակում
Տեսակետներ. Ադրբեջանն Իրանի համար վերածվել է անվտանգության սպառնալիքի