Երևանի կրկեսի կառուցման աշխատանքներն արագ տեմպերով առաջ են գնում
«Արդեն երկրորդ հարկն են կառուցում: Հույս ունենք, որ 2015 թվականի վերջին շենքը պատրաստ կլինի: Կառուցման աշխատանքներն արագ տեմպերով առաջ են գնում»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Երևանյան կրկես» մշակութային կենտրոնի գեղարվեստական ղեկավար Սոս Իոսիֆ Պետրոսյանը:
Նա հավանական է համարում, որ 2015-2016 թթ. ամանորյա ներկայացումներն արդեն կանցկացնեն նորակառույց կրկեսում: Ս. Պետրոսյանն իր խոսքում մի քանի անգամ շեշտեց, որ ամեն ինչ ընթանում է ըստ նախագծի:
Հիշեցնենք, որ դեռևս 2011 թվականի ապրիլին Երևանի քաղաքապետարանը հայտարարել էր, որ «Տաշիր Գրուպ»-ի հետ կնքած պայմանագրով վերջինս պետք է վերանորոգի Երևանի կրկեսը: Երևանի կրկեսի շենքը որոշվեց քանդել, երբ փորձագետները հանգեցին եզրակացության, որ աննպատակահարմար է վերակառուցել եղած հին շինությունը։ 2011թ. օգոստոսի 1-ից սկսվել են Երևանի պետական կրկեսի հիմնանորոգման աշխատանքները: Կրկեսի շենքը 1962թ. հիմնադրման օրվանից հետո չի վերանորոգվել: Նոր շենքի նախագծի հեղինակն է ճարտարապետ Վահագն Վերմիշյանը: Կրկեսի նոր շենքը կրկնելու է հնի արտաքին տեսքի ճարտարապետական որոշ տարրեր: Իսկ շենքը լիովին համապատասխանելու է նման կառույցների համար սահմանված միջազգային բոլոր չափանիշներին, նախկինում եղած 1560-ի փոխարեն ունենալու է 2000 հանդիսատեսի համար նախատեսված նստատեղ, բացի այդ 3 փոխարկվող մանեժ։ Բուն շենքը մոտ 6 մետր ավելի բարձր է լինելու և հագեցած է լինելու ժամանակակից բեմական տեխնիկայով։
Ս. Պետրոսյանն ասաց, որ կրկեսն ունենալու է փորձասենյակներ, հյուրախաղերով ՀՀ-ում գտնվող կրկեսի դերասանները նույնպես մնալու են կրկեսի շենքում հատուկ նախատեսված հյուրասենյակներում:
Մինչ կրկեսի կառուցումը, կրկեսային դերասանները շարունակում են հյուրախաղերով հանդես գալ Հայաստանի մարզերում և Արցախում, իսկ Լեոնիդ Ենգիբարյանի անվան Երևանի կրկեսային ստուդիան էլ շարունակում է ընդունելությունը ու կրկեսի դերասաններ պատրաստում:
«Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում մյուս տարի բացվելու է կրկեսային և էստրադային ռեժիսորների բաժին: Քանի որ նոր կրկես ենք ունենալու, կարևոր է, որ լուծենք նաև կադրային հարցը: Դերասանների պատրաստման համար ունենք ստուդիա, անհրաժեշտություն ունենք կրկեսային գործի կազմակերպիչների, մենեջերների: Նման բաժին բացելու առաջարկով դիմել եմ համալսարանի ռեկտորին, նա էլ դիմել է կրթության և գիտության նախարարին: Խոչընդոտ չի լինի»,- ասաց Ս. Պետրոսյանը:
Կրկեսի գեղարվեստական ղեկավարը նաև տեղեկացրեց, որ 2014-2015 թթ. կրկեսային տոնածառի ներկայացումը նախատեսում են անցկացնել Բաբաջանյանի անվան ֆիլհարմոնիայում. «Արդեն սցենար ենք գրում: Լինելու է կրկեսային, էստրադային ոճով շոու ծրագիր»:
Նախորդող հրապարակումներ՝
«Գետը» հետաձգել է Երևանյան կրկեսի նոր շենքի կառուցման աշխատանքները
2015 թ-ին կունենանք միջազգային չափորոշիչներին համապատասխան կրկես. Արման Սահակյան
Հաստատվել է Երևանյան կրկեսի նոր շենքի վերջնական նախագիծը
Դեռ պարզ չէ, թե երբ կսկսվի Երևանի կրկեսի նոր շենքի շինարարությունը
Գլխավոր ճարտարապետը վստահեցնում է` Երևանի վերակառուցվող կրկեսը իր նախկին տեսքն է ունենալու
Կրկեսի հին շենքը նորից պայթեցնելու են
Կրկեսի շենքն այսօր կպայթեցնեն
Աշունը «Խուլախուպի» ոճով. Երևանի կրկեսը ելույթ է ունենալու Տավուշի և Գեղարքունիքի մարզերում
Երևանյան կրկեսը Սյունիքի մարզում է
Երևանյան կրկեսի թատերախումբը համերգային շրջագայության կմեկնի ԼՂՀ