Թանկացումներ դեռ կլինեն. Պիպոյան
Դոլարի արժևորման հետևանքով ներմուծված ապրանքների թանկացումը կբերի նաև տեղական արտադրության ապրանքների, ինչպես նաև գյուղմթերքի թանկացման: Panorama.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը:
«Եթե գյուղացին նախատեսել էր 150-200 հազար դրամ Նոր տարվա սեղանի համար, ապա համատարած գնաճի պայմաններում նա ստիպված է իր ունեցած խոզի միսն ավելի թանկով վաճառել»,-բացատրում է ՀԿ նախագահն ու նկատում, որ Նոր տարվա սեղանի համար քաղաքացիները ստիպված են ծախսել 10-15%-ով ավելի շատ գումար, քան նախատեսել էին:
Պիպոյանի խոսքով, դա պետության կողմից համապատասխան լծակներ չունենալու և չկիրառելու հետևանք է. «Պետությունը գյուղացուն չի օգնել, ավելի շատ մթերք ստեղծելու համար: Նա այսօր չի կարող գյուղացուն ասել, մի թանկացրու: Երբ նախորդ տարի խոզի միսն էժանացել էր, գյուղնախարարությունը ուրախ-ուրախ հայտարարում էր այդ մասին, անտեսելով խնդիրը, իսկ եթե մի գյուղմթերքը թանկանում է, նախարարությունը շտապում է հայտարարել, թե դրա հետ ինքը ոչ մի կապ չունի: Որտե՞ղ է տրամաբանությունը»:
Հիշեցրեց նաև, որ եթե նախորդ տարի խոզի մսի մթերման գինը տատանվում էր 2000-2200 դրամի սահմաններում, ապա այսօր այն գերազանցում է 3300-3500 դրամը:
Ինչ վերաբերում է տեղական արտադրության այլ մթերքներին, օրինակ կաթնամթերքին, ՀԿ նախագահը բացատրում է, որ տնտեսվարողներն արտադրության համար հումքի մի մասը ներկրում են, ինչն էլ թանկացման պատճառ կդառնա:
Պիպոյանն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ որևէ ոլորտում ներդրված չէ որակի կառավարման համակարգ, ինչի հետևանքով էլ չկան հստակ տվյալներ, թե որ տնտեսվարողը արտադրանքի համար հումքի որ մասն է ներկրում:
Նրա դիտարկմամբ, այս պահին գրանցվել է 10-12 տոկոս գնաճ, իսկ մինչև ամանոր այս թիվը դեռ կբարձրանա. «Ամանորի հետ կապված ապրանքների ներմուծումը դեռ կշարունակվի, իսկ դա նշանակում է, որ տնտեսվարողները դրսից ապրանքը գնելու են բարձր գնով ու այն Հայաստանում վաճառելու են թանկով»:
Պիպոյանը նաև ավելացրեց. «Այս պահին իսկապես դժվար է փորձագիտական գնահատական տալ, թե ինչքանով է դոլարի արժևորումը համահունչ գնաճին»:
Նախորդող նորություններ`
Ինչո՞ւ արժևորվեց դոլարը, ի՞նչ զարգացումներ են սպասվում. Տնտեսագետի դիտարկումները
Ինչո՞ւ է մսամթերքը թանկացել. Պարզաբանում է գյուղատնտեսության նախարարության պաշտոնյան
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները