Իրանի ԱԳ նախարար. Իրանը վերջին 8 տարվա ընթացքում 8 հատ ատոմային ռումբ ստեղծելու հումք է ունեցել
«Իրանը վերջին 8 տարվա ընթացքում 8 հատ ատոմային ռումբ ստեղծելու հումք է ունեցել»,-այդ մասին իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հայտարարել է ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը:
Իրանի արտաքին գերատեսչության ղեկավարն ամերիկյան «PBS» հեռուստաալիքին տված հարցազրույցում, անդրադառնալով Իրանի միջուկային ծրագրի հանդեպ ամերիկացիների ունեցած մտահոգություններին, մասնավորապես նշել է. «Եթե անհանգստացած եք միջուկային զենքով, ապա ինչո՞ւ ճնշում չեք գործադրում Իսրայելի վրա, որը շուրջ 200 հատ անօրինական միջուկային մարտագլխիկ ունի»:
Շարունակելով խոսքը՝ Իրանի ԱԳ նախարարը հավելել է. «Իրանը վերջին 8 տարվա ընթացքում 8 հատ ատոմային ռումբ ստեղծելու համար բավարար հումք է ունեցել, սակայն երբեք դա չի արել»:
Մոհամմադ Ջավադ Զարիֆը, անդրադառնալով միջուկային խնդրի շուրջ Իրանի և «5+1 խմբի» միջև ընթացող բանակցություններին, նշել է, որ բանակցությունների ընթացքում լուրջ առաջընթաց է արձանագրվել և հավելել. «Եթե բանակցությունները տապալվեն, ապա մեծ աղետ չի լինի, սակայն այդ դեպքում մենք մի կարևոր հնարավորություն ձեռքից բաց կթողնենք»:
Նշենք, որ Իրանի և «5+1 խմբի» վճռորոշ հանդիպումը տեղի էր ունեցել ապրիլի 2-ին՝ Լոզանում, որտեղ Իրանի միջուկային խնդրի լուծման սկզբունքների շուրջ կողմերը հանդես էին եկել համատեղ հայտարարությամբ:
Թեմայի առնչությամբ մեկնաբանություն՝
Իրանի և «5+1 խմբի» համատեղ հայտարարությունը՝ կամուրջ վերջնական համաձայնագրին հասնելու համար