«Զվարթնոցի» հին շենքը չքանդել. ՀԽ ավիացիոն հարցերով ենթահանձնաժողովի խիստ բացասական կարծիքը
ՀՀ Հանրային Խորհրդի ֆինանսաբյուջետային և տնտեսական հարցերով հանձնաժողովի ավիացիոն հարցերով ենթահանձնաժողովը խիստ բացասական որոշում է կայացրել «Զվարթնոց» օդանավակայանի թիվ 1 շենքի քանդման առաջարկության վերաբերյալ: Այս մասին այսօր «Զվարթնոցի» հին շենքի քանդման հարցի շուրջ Հանրային խորհրդում ընթացող քննարկման ժամանակ հայտնեց ավիացիոն հարցերով ենթահանձնաժողովի ներկայացուցիչ Իզաբելլա Մուրադյանը:
«Կլոր շենքը հնարավորություն է տալիս մեծ ինքնաթիռներ ընդունելու համար, այն թույլ է տալիս դեպի ներս հրել օդանավը և սպասարկել մի քանի մեծ օդանավեր, ինչը չի կարող նոր շենքը: Կլոր շենքում կարող է բացվել նաև տրանզիտ տարածք: Խիստ բացասական կարծիք ունենք այդ շենքի քանդման համար, առաջարկում ենք աջակցել ընկերությանը՝ տարանցիկ գոտի ստեղծելու պլան մշակելու հարցում»,- ասաց նա:
Իզաբելլա Մուրադյանը նաև նկատեց, որ կառավարությունը նախատեսում է բացել նաև մի շարք փոքր օդանավակայաններ: «Կապանի օդանավակայանը կգործի, վաղ թե ուշ կգործի Ստեփանակերտի օդանավակայանը, մենք ունենք փոքր ավիացիայի զարգացման խնդիր, իսկ այդ շենքը շատ հարմար կլինի օգտագործել այդ նպատակներին ծառայեցնելու համար: Մենք մասնագիտական տեղեկանք ենք կազմել և հույս ունենք, որ Կլոր շինությունը կգործարկվի և կծառայի իր նպատակներին»,- ասաց նա:
Որոշմանը քննարկման ժամանակ արձագանքեց Քաղավիացիայի վարչության ներկայացուցիչ Աշոտ Ազիզյանը: «Չի կարող այնպես պատահել, որ հին օդանավակայանը կարողանա մի քանի մեծ օդանավ սպասարկել, նորը՝ ոչ: Նույն օդանավակայանը ավելի լավ պայմաններով է, ավելի շքեղ: Ձեր հանձնաժողովը մի քիչ էլ պետք է կոնցեսիոների տեսանկյունից նայի: Ահռելի ծախսեր է պահանջում միայն նորը սպասարկելու համար: Շատ մեծ ֆինանսական կորուստներ է կրել ընկերությունը, այս օդանավակայանը կարողանում է նաև այդ ծառայությունները իրականացնել: Ֆինասնապաես ձեռնտու չէ այն որպես տրանզիտային գոտի օգտագործելը»,- ասաց Ազիզյանը:
Իզաբելլա Մուրադյանն իր հերթին արձագանքեց, որ տարիներ առաջ կոնցեսիոները եկել էր և ասում էր, որ Կլոր շենքը տեսնում է որպես ազատ տնտեսական գոտի:
«Դրա համար մեծ տարածք են նախատեսել: Այնտեղ հարևանությամբ մեծ շենքեր կան, ընկերությունը անվճար նոր շենքեր է կառուցում, որ այնտեղի բնակիչները տեղափոխվեն և նոր տրազիտային գոտի կառուցվի»,- ասաց նա:
Ենթահանձնաժողովի որոշման մեջ ասված է.
«Հիմնվելով այն փաստի վրա, որ «Զվարթնոց» օդանավակայանի թիվ 1 շենքի քանդման առաջարկությունը խիստ հակասում է Հայաստանի Հանրապետության և ազգային շահերին,
նկատի ունենալով` «Զվարթնոց» օդանավակայանի թիվ 1 շենքի օգտագործման բազմաթիվ գործառույթները, այդ թվում «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության կողմից` 2002թ.-ից հնչեցված, կառավարությանը և հանրությանը բազում անգամ ներկայացված ծրագրերի` այդ թվում շինության և հարակից տարածքում Ազատ Տնտեսական Գոտի հիմնելու, զվարճանքների-հանգստյան գոտի ստեղծելու և այլ ծրագրերը`
ՀՀ ՀԽ ՖԲՏ հարցերով հանձնաժողովի ավիացիոն հարցերով ենթահանձնաժողովը որոշել է.
Առաջարկել Հանրային Խորհրդին ԽԻՍՏ ԲԱՑՍԱԿԱՆ ԿԱՐԾԻՔ տալ «Զվարթնոց» օդանավակայանի թիվ 1 շենքի քանդման առաջարկության վերաբերյալ;
Առաջարկել ՀՀ Նախագահին և կառավարությանը, «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությանը հետամուտ լինել և իրականացնել նախկինում հայտարարված նախագծերը;
Օգտագործել շինության և հարակից տարածքների որոշակի հատվածը որպես ներքին օդանավակայան՝ տարանջատելով արտաքին և ներքին թռիչքները;
Նախատեսել «Զվարթնոց» օդանավակայանի թիվ 1 շենքի օգտագործումը Հայաստանում փոքր ավիացիա զարգացնելու համար»:
Հիշեցնենք, որ Հայաստանի քաղավիացիայի գլխավոր վարչությունը վերջերս դիմել էր Հանրային խորհուրդ` տեղեկացնելով, որ ՀՀ կառավարությունն ու «Զվարթնոց» օդանավակայանի կառավարիչ «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն քննարկում են օդանավակայանի առաջիկա 5 տարիների զարգացման խնդիրները, որի շրջանակներում անհրաժեշտություն է առաջացել վերջնական գնահատական տալու հին ուղևորային համալիրի հետագա պահպանման կամ քանդման խնդրին:
Քաղավիացիայի վարչության կողմից Հանրային խորհրդին առաջարկվել էր համատեղ քննարկել հարցը, որպեսզի մինչև վերջնական որոշում կայացնելը հասկանալի լինեն այն գնահատականներն ու մոտեցումները, որոնք առկա են համալիրի նկատմամբ հանրության և ոլորտի մասնագետների կողմից:
Նախորդիվ՝
Հանրային խորհրդում վաղը կքննարկեն Զվարթնոցի կլոր շենքի հարցը
«Զվարթնոց»-ի հին շենք, Ծածկած շուկա. հիշողություններն ու պատմությունները քանդվում են (Տեսանյութ)
Ա. Շխյան. Եթե նախատեսում ենք 5-10 տարի անց մեծացնել օդանավակայանը, ապա հին մասնաշենքը կարող է խոչընդոտ առաջացնել
«Զվարթնոց» օդանավակայանն ուզում են քանդե՞լ. «Մի օրինակ չկա, որ սեփականատերը գներ ու աչքի լույսի պես պահեր»
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին