Պետք է լուծումներ գտնել, որ «Զվարթնոցի» հին շենքը իր երկրորդ կյանքն ապրի. Մկրտիչ Մինասյան
Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը շատ է կարևորում, որ «Զվարթնոց» օդանավակայանի հին (կլոր) շենքի հարցի շուրջ քննարկումներ են սկսվել մինչև շենքը քանդելը և սա հասարակության կարծիքի հետ հաշվի նստելու լավ նախադեպ կարող է լինել: «Հնարավոր է գան ընդհանուր հայտարարի բոլորի շահերը հաշվի առնելով, և առաջին հերթին հաշվի առնելով շենքի շահերը: Կտեսնեն շենքը ինչ լուծումներ ունի, որ կարողանա իր երկրորդ կյանքն ապրել»,- Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ճարտարապետը:
Նա նկատեց, որ շենքը այս վիճակին է հասել, քանի որ երկար ժամանակ է չի օգտագործվում: Մայրաքաղաքի բոլոր շենքերը վերջին քսան-երեսուն տարիներին կորցրեցին իրենց ռեսուրսները, նկատեց նա և շեշտեց, որ հիմա հարկավոր է, որ շենք առ շենք ամրացվի, եթե նոր ադապտացիայի անհրաժեշտություն կա, արվի և հասարակությանը վերադարձվեն այդ շինությունները:
«Զվարթնոց» օդանավակայանի հին շենքը սովետական ավանգարդի կարևորագույն մասնիկներից է: «Վերջերս Վիեննայում և Ստամբուլում կայացած ցուցահանդեսներում մտահոգություն հայտնվեց կապված սովետական մոդեռնիզմի շենքերի հետ. կան շենքեր, որոնք կարող է մտած չեն հուշարձանների պահպանման ցանկերում, բայց դրանք անհրաժեշտ է պահպանել: Դրանք մի ժամանակաշրջան են, եթե կորցնենք այդ շենքերը, ստացվում է, որ մենք անցել ենք այդ ժամանակաշրջանի կողքով»,- ասաց ճարտարապետը:
Հավելենք, որ նախօրեին Հանրային խորհրդում քննարկվում էր շենքի քանդման հարցը: «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունը, որ վարձակալում է տարածքը, որտեղ «Զվարթնոցի» հին շենքն է, այն պահպանելու գինը գնահատել է 10-12 մլն դոլար և ասում է, որ պատրաստ չէ նման ֆինանսական ծախսերի ու առաջարկում է քանդել շենքը:
Ճարտարապետները քննարկման ժամանակ միաձայն շեշտեցին, որ այն ճարտարապետական մեծ արժեք է ներկայացնում և քանդել չի կարելի: Քանդակ հիշեցնող շինությունը պահպանելու համար մասնագետները մի շարք առաջարկներ ներկայացրեցին, և ընդգծեցին, որ նշված գումարն այնքան մեծ չէ, որ դրա պատճառով կորցնենք ճարտարապետական նման կոթողը: Հավելենք, որ ՀԽ ավիացիոն հարցերով ենթահանձնաժողովը քանդմանը խիստ բացասական եզրակացություն է տվել ու շենքը պահպանելու և օգտագործելու մի քանի ուղիներ է մատնանշել:
Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը հիմնադրվել է 1961թ., նոր շենքը (կլոր) նախագծվել է 1974թ., շահագործման է հանձնվել 1982 թվականին, ճարտարապետներն են` Ա. Թարխանյանը, Ս. Խաչիկյանը, Ժ. Շեխլյանը, Լ. Չերքեզյանը: Օդանավակայանի նոր մասնաշենքը շահագործման է հանձնվել 2011-ի աշնանը:
Նախորդող հրապարակումներ`
«Կոլիզեյը կրկնակի կռիսանոց է, բայց պահում են». Քննարկում՝ «Զվարթնոցի» հին շենքի հարցի շուրջ
«Զվարթնոցի» հին շենքը չքանդել. ՀԽ ավիացիոն հարցերով ենթահանձնաժողովի խիստ բացասական կարծիքը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան