Քաղավիացիայի վարչությունը դրական եզրակացություն է տվել «Զվարթնոցի» հին շենքը քանդելու հարցը ներառող մաստեր-պլանին
Վաղը տեղի կունենա Հանրային խորհրդի Մշակույթի, Քաղաքաշինության և ճարտարապետության, Օդային տրանպորտի քաղաքականության, Ազգային արժեքների պահպանման ենթահանձնաժողովների համատեղ նիստ, որի օրակարգում դարձյալ «Զվարթնոց» օդանավակայանի հին ուղևորային համալիրի հարցն է:
Դեկտեմբերի 10-ին քաղավիացիայի գլխավոր վարչությունում տեղի է ունեցել միջգերատեսչական նիստ, որին մասնակցել են նաև ՀԽ ներկայացուցիչները՝ ներկայացնելով ՀԽ դիրքորոշումը: Այնուհետև դեկտեմբերի 18-ին քաղավիացիայի գլխավոր վարչությունում տեղի ունեցած նիստի ընթացքում դրական եզրակացություն է տրվել կոնցեսիոների ներկայացրած մաստեր պլանին, որտեղ ներառված է նաև կառույցը քանդելու հարցը և եզրակացությունն ուղարկվել է ՀՀ կառավարություն:
Մաստեր պլանը դեռևս պետք է հաստատվի կառավարության կողմից, իսկ մինչ այդ Հանրային խորհուրդը կրկին կազմակերպում է հանրային քննարկում, որպեսզի հանրության կարծիքը կառույցը քանդելու վերաբերյալ ևս մեկ անգամ բարձրաձայնվի: Այս մասին Panorama.am-ին տեղեկացնում են ՀԽ մամուլի ծառայությունից:
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությանն առընթեր քաղավիացիայի գլխավոր վարչությունը օգոստոս ամսին դիմել էր Հանրային խորհուրդ` առաջարկելով համատեղ քննարկել օդանավակայանի հին ուղևորային համալիրի հետագա պահպանման կամ քանդման հարցը, որպեսզի մինչ վերջնական որոշում կայացնելն առավել հասկանալի լինեն հանրության և ոլորտի այլ մասնագետների տեսակետները:
Հարցը քննարկման էր դրվել նախ ՀԽ համապատասխան ենթահանձնաժողովներում, ինչպես նաև ՀԽ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողովում, և կառույցը քանդելու վերաբերյալ բացասական որոշումներ էին կայացվել, միաժամանակ ներկայացվել էին առաջարկներ դրա պահպանման, հետագա օգտագործման և այլ հարցերի վերաբերյալ:
Հոկտեմբերի 31-ին օրակարգային նույն հարցով Հանրային խորհրդում տեղի էր ունեցել փոքր խորհրդի նիստ, որին մասնակցել էին նաև քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանը, «Զվարթնոց» օդանավակայանի գլխավոր տնօրեն Մարսելո Վենդեն, օդանավակայանի այլ աշխատակիցներ:
Քննարկումների արդյունքներն ամփոփվել են ՀԽ համապատասխան աշխատանքային խմբի կողմից, և մշակվել էր որոշման նախագիծ, որն ընդունվել էր ՀԽ նոյեմբերի 11-ի լիագումար նիստում:
Որոշման նախագծի հիման վրա Հանրային խորհուրդը դիմել էր կառավարություն` չհամաձայնելու կոնցեսիոների կողմից «Զվարթնոց» օդանավակայանի հին ուղևորային համալիրը քանդելու առաջարկությանը, պահանջելու կոնցեսիոներից ներկայացնել հիմնավոր հաշվարկ գործող օդանավակայանի հետագա զարգացման վերաբերյալ, ինչպես նաև զարգացման այլընտրանքային ծրագրերի տարբերակներ համեմատության և վերջնական որոշում կայացնելու համար, կոնցեսիոների հետ համատեղ ուսումնասիրելու «Զվարթնոց» օդանավակայանի հին ուղևորային համալիրի պահպանման ու հետագա շահագործման հնարավորություններն ու ծախսերը, հանձնարարելու համապատասխան կառույցին քննարկել համալիրը պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում ներառելու հնարավորությունը:
Նախորդիվ`
«Զվարթնոցի» հին շենքի մասին ևս մեկ անձնական կարծիք. Արտյոմ Մովսեսյան
Հանրային խորհուրդը դեմ է «Զվարթնոցի» հին շենքի քանդմանը. «Հիմնավոր փաստարկներ չկան»
Պետք է լուծումներ գտնել, որ «Զվարթնոցի» հին շենքը իր երկրորդ կյանքն ապրի. Մկրտիչ Մինասյան
«Կոլիզեյը կրկնակի կռիսանոց է, բայց պահում են». Քննարկում՝ «Զվարթնոցի» հին շենքի հարցի շուրջ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին