Ուղերձ. Ծածկած շուկայի դառը փորձից ելնելով՝ հսկողության ռեժիմ սահմանել «Զվարթնոցի» հին մասնաշենքի մոտ
«Զվարթնոց» օդանավակայանի հին (կլոր) մասնաշենքի գլխին կուտակված ապերը գնալով ավելանում են, իսկ մտավորականները փորձում են գործադրել բոլոր ջանքերը՝ կառույցը հողին հավասարեցնելուց փրկելու համար: Կոնցեսիոների ներկայացրած մաստեր-պլանը, որի մեջ նաև կառույցը քանդելու հարցը կա, ՀՀ քաղավիացիայի վարչությունը դրական եզրակացությամբ ուղարկել է կառավարության հաստատմանը, ինչը ստիպել է Հանրային խորհրդին ևս մեկ հանրային քննարկում նախաձեռնել:
Քննարկման ժամանակ ՀԽ քաղաքաշինության և ճարտարապետության ենթահանձնաժողովի նախագահ Գրիգոր Ազիզյանը նկատեց, որ կառույցը սիմվոլ է, սիրված է մեր քաղաքացիների կողմից և մեծ գնահատականների է արժանացել միջազգային կառույցների կողմից: Գրիգոր Ազիզյանը նկատեց, որ Քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանը որպես փաստարկ բերում է կառույցի սեյսմակայուն չլինելը և սեյսմակայության չափանիշներին չհամապատասխանելը:
«Եթե դրանով առաջնորդվենք, ապա ԱԺ-ն, Նախագահի նստավայրը, Կառավարության շենքը ներկա չափանիշներով սեյսմակայուն չեն: Ինքը տեղյակ չէ Հայաստանի վիճակի մասին: Եթե մենք խոսում ենք ուժեղացման մասին, 90-ականներին կառավարությունն ուշադրություն է հատկացրել, աշխատանքներ են տարվել, ուժեղացնելու համար մի քանի սխեմաներ կային: Այն ժամանակ բավարար միջոցներ չկային, դրա համար չարվեցին»,- ասաց Ազիզյանն ու հավելեց, որ իրենք կոնկրետ առաջարկներ ունեն:
Ճարտարապետն ընդգծեց, որ անթույլատրելի է շենքին ձեռք տալը. «Ինձ թվում է՝ վաճառքի պահից արդեն նպատակ կար շենքը քանդելու: Հետագա զարգացումները ցույց տվեցին, որ ամեն ինչ գնում է այդ ուղղությամբ և միայն այս տարի հայտարարեցին»:
Ճարտարապետ Սաշուր Քալաշյանի խոսքով, հարցը բոլորի համար ցավոտ է. «Կարծում էինք, որ շտկման ճանապարհները շատ ավելի դյուրին կլինեին: Օդանավակայանի հարցն առաջին անգամ ամռանը բարձրացրեցին քաղաքապետարանի քաղաքաշինության խորհրդում: Հանձնախումբը զարմացել էր, որ այդ հարցը ծագել է և միաձայն մերժեց: Մեզ թվում էր, որ արդեն վերջ: Բայց այն ժամանակ Ծածկած շուկայի հարցը կար, չէին ուզում իրավիճակը թեժացնմել, դրա համար մերժեցին»:
ՀՀ Նախագահին, վարչապետին և հանրությանը մտավորականները պատրաստվում են ուղերձ հղել և հայտնել, որ մտավորական հանրությունը խորապես վրդովված է հարցով:
Սաշուր Քալաշյանի ներկայացրած ուղերձով պահանջվում է մերժել թույլտվություն ստանալու վերաբերյալ Քաղավիացիայի վարչության կողմից Կառավարությանը ներկայացված դիմումը՝ որակելով հակամշակութային և հակաազգային քայլ:
Ուղերձով առաջարկվում է կառույցն օտարել և վաճառել աճուրդով՝ սկսած 400 դրամից, պայմանով, որ գնորդը կվերանորոգի այն՝ ըստ չափանիշների: «Պետք է դիմել մշակույթի հանդեպ սրտացավ ողջ հանրությանը և, Ծածկած շուկայի դառը փորձից ելնելով, հսկողության ռեժիմ սահմանել օդանավակայանի մոտ՝ անձեռնմխելիությունը պահպանելու համար»,- ուղերձը ներկայացրեց Սաշուր Քալաշյանը:
Կառույցի համահեղինակ Արթուր Թարխանյանի դուստրը՝ Անահիտ Թարխանյանը, իր հերթին ասաց. «Մի կազմակերպություն միտումնավոր որոշում է կայացնում քանդել շենքը, որը մեծ արժեք է ներկայացնում: Մենք պետք է քննարկենք ոչ թե «Զվարթնոցի» քանդման հարցը, այլ՝ այն, որ արդյո՞ք այսպիսի ներդրողներ անհրաժեշտ են Հայաստանին, թե՞ հրաժարվենք նրանցից»:
Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանի բնորոշմամբ, մեղավորը միայն Կառավարությունն է, որ կամազուրկ է մեր յուրաքանչյուր մշակութային օբյեկտի հարցում: «Մենք այսօր պայքարում ենք պետության դեմ, որպեսզի իր կողմից պահպանող օբյեկտներն իրենից պահպանենք: Եթե մենք անընդհատ կորցնենք մեր լավագույն շենքերը, դուրս կգա, որ մոտ հիսուն տարի հետո, այդ ժամանակաշրջանում մեծ նվաճումներ ունեցող ճարտարապետությունն ընդհանրապես չի եղել, դա աբսուրդի հասնող ինչ-որ բանի կբերի: Մենք մեզ պահպանելու ուրիշ զենք, մշակույթից բացի, չունենք»,- ասաց ճարտարապետը:
Նախորդիվ՝
«Զվարթնոցի» հին շենքի մասին ևս մեկ անձնական կարծիք. Արտյոմ Մովսեսյան
Հանրային խորհուրդը դեմ է «Զվարթնոցի» հին շենքի քանդմանը. «Հիմնավոր փաստարկներ չկան»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան