Քեսաբ. Հայկական պատվիրակության այցի նշանակությունը մեր հայրենակիցների համար
Սիրիայի հայաբնակ Քեսաբ գյուղաքաղաքի վրա տեղի ունեցած հարձակման, քեսաբահայության վիճակի և հայկական խորհրդարանական պատվիրակության այցի վերաբերյալ Panorama.am-ը զրուցել է փորձագետների հետ:
Ըստ արաբագետ Սարգիս Գրիգորյանի՝ Մարտի 21-ի վաղ առավոտյան Թուրքիայի հետ սահմանակից սիրիական հայաբնակ Քեսաբ բնակավայրի և շրջակա գյուղերի վրա մի քանի ուղղություններից հարձակումները լայնածավալ ռազմական գործողություններ էին, որի նմանը չի եղել սիրիական հակամարտության սկզբից ի վեր:
«Ակնհայտ է, որ ընդդիմադիր զինյալներին ուղղորդել է Թուրքիան՝ հարձակման ժամանակ աջակցելով դիպուկահար կրակահերթերով, հրետանային ռմբահարումներով, սիրիական դիտակետերի և կրակակետերի լռեցմամբ, ռազմաօդային օժանդակությամբ և այլն:
Հարձակումները սկսվեցին թուրքական տարածքից, որի հետևանքով Քեսաբի և շրջակա գյուղերի բնակչությունը (այդ թվում, ըստ 670 հայ ընտանիք) տարհանվեցին դեպի Լաթակիա և հարակից այլ բնակավայրեր: Իսլամականների կողմից համացանցում տեղադրված մարտի 24-ի տեսանյութում ընդդիմադիր զինյալները Քեսաբում էին, իսկ արդեն մարտի 25-ին հայտնված տեսանյութերում երևաց, որ իսլամականներն իրենց վերահսկողությունն են հաստատում ռազմավարական կարևոր բարձունքի վրա գտնվող N45 դիտակետի վրա և դուրս են եկել Միջերկրական ծովափ»,-նշում է արաբագետը:
«Քեսաբի վրա հարձակումները հաջորդեցին սիրիական կառավարական ուժերի կողմից Դամասկոսից հյուսիս ընկած հատվածներում տեղի ունեցող մարտերում հաջողություններ արձանագրելուց և մարտի 16-ին Յաբրուդը ազատագրելուց հետո: Ընդդիմադիր զինյալները, որոնք ներգրավված էին լիբանանա-սիրիական սահմանագծի մոտ տեղի ունեցող բախումներին, այստեղ պարտություն կրելով փորձեցին կոմպենսացնել անհաջողությունն ավելի հյուսիս-արևմուտք ընկած Լաթակիա նահանգում ակտիվ ռազմական հարձակման անցնելով՝ հստակ ուղղորդում ստանալով Անկարայից»,-ավելացրեց արաբագետը:
Գրիգորյանն մատանանշեց նաև գրոհի մասնակից ուժերի դրդապատճառները. «Հարձակումներին ներգրավված իսլամական ծայրահեղական ուժերը («Ջաբհաթ ալ-Նուսրա», «Ահրար աշ-Շամ», «Հարաքաթ Անսար աշ-Շամ», «Քաթաիբ ալ-Իսլամ» և «Ջաբհաթ Թհաուր Սուրիա» և այլ արմատական խմբավորումներ) երկար ժամանակ (մոտ 6-7 ամիս) պատրաստվել են Սիրիայի այդ հատվածի վրա հարձակման, ինչի մասին են խոսում որոշ իսլամական համացանցային ռեսուրսների հաղորդած տեղեկությունները, և, ըստ վերոհիշյալ աղբյուրների՝ արդեն խոսվում է Քեսաբի վրա 5000-ից ավել իսլամականների հարձակման մասին, որոնց մեջ արդեն կան 1000-ից ավել սպանվածներ»:
«Քեսաբը գտնվում է Սիրիայի միջերկրածովյան Լաթակիա քաղաքից մոտ 60կմ հեռավորության վրա, որի ռազմավարական դիրքը կարևոր է ներկայիս սիրիական իշխանությունների համար: Եթե ռազմական գործողությունների նոր թեժ կետեր ի հայտ գան Սիրիայում, իսկ ներկայիս զարգացումներում նման միտումներ նկատվում են, հատկապես նորից աշխուժացող Հալեպի հյուսիսային շրջաններում ու հարավային սիրիական ալ-Կունայտրայի, ալ-Սուվայդայի և Դարայի հատվածներում, ապա սիրիական կառավարական ուժերը ստիպված կլինեն կենտրոնացնել ուժերը երկրի այդ հատվածներում, և, ցավոք Քեսաբի և նրան հարակից այլ հայաբնակ գյուղերի մասին խոսելիս, ստիպված կլինենք խոսել սիրիական ընդդիմադիր զինյալների վերահսկողության տակ անցած նոր տարածքների մասին՝ նշեց Ս. Գրիգորյանը՝ հավելելով, որ ներկայումս ռազմական գործողությունները շարունակվում են Լաթակիայի հյուսիսում: Ստացված վերջին տեղեկությունները բավական հակասական են, և հստակ պատկեր դեռ չկա»,- նկատեց արաբագետը:
Մեկնաբանելով ՀՀ խորհրդարանական պատվիրակության այցը Սիրիա ու հանդիպումները Սիրիայի բարձրաստիճան ղեկավարության հետ՝ Ս. Գրիգորյանը նշեց. «Այցի կարևորությունը քեսաբահայերի և ընդհանրապես սիրիահայերի համար, որով ի ցույց դրվեց ՀՀ իշխանությունների պատրաստակամությունն այս ծանր իրավիճակում լինելու սիրիահայերի կողքին՝ ևս մեկ անգամ համաշխարհային հանրության ուշադրությունը սեևեռելով սիրիական հակամարտությունում Թուրքիայի անընդունելի պահվածքի վրա:
Արաբագետ Արմեն Պետրոսյանի կարծիքով՝ Քեսաբի դեմ տեղի ունեցած հարձակումը տեղավորվում է Սիրիայի տարածքում ծավալվող ռազմական գործողությունների և երկրից դուրս ընթացող աշխարհաքաղաքական զարգացումների տրամաբանության մեջ:
«Բոլորս ականատես ենք, թե ինչպես են սիրիական հակամարտության առանցքային դերակատար գերտերությունները ներգրավվել ուկրաինական հիմնախնդրի շրջանակներում, ականատես ենք նաև Ռուսաստանի դիրքերի որոշակի թուլացում միջազգային հարթակում, որը հնարավոր է՝ նաև կզգացվի սիրիական ճգնաժամի համատեքստում: Դրան հավելած՝ նկատելի է տարածաշրջանային «հակաասադյան» կոալիցիայի հիմնական դերակատարների, այդ թվում՝ նաև Թուրքիայի ակտիվացումը, որը հավուր պատշաճի չկարողանալով խաղարկել «թաթարական» խաղաքարտը Ղրիմում, փորձում է գոնե միջնորդավորված վերահսկողություն սահմանելու եղանակով իր հավակնությունները ներկայացնել մեկ այլ տարածքի՝ Քեսաբի նկատմամբ, որը դեռևս 1939 թ. Ֆրանսիայի հավանությամբ անջատվել էր Թուրքիային անցած Ալեքսանդրեթի սանջակից: Այս տեսանկյունից, լիովին ընկալելի է նաև այն իրողությունը, որ Քեսաբի դեմ տեղի ունեցած գրոհը մեկնարկեց Թուրքիայի տարածքից և դրա ողջ ընթացքը զուգորդվեց թուրքական զինուժի համակողմանի աջակցությամբ. այս առումով, կարծում եմ՝ Թուրքիայի նպատակները շատ ավելի հեռահար են՝ պայմանավորված նաև թուրքական պետությունում տեղի ունեցող զարգացումներով, ինչը մեկ այլ վերլուծության թեմա է: Իսկ Քեսաբի դեպքում, ըստ իս, Անկարան ուներ առավելագույն և նվազագույն նպատակներ. առավելագույնը, որը չիրականացավ անգամ բացահայտ ագրեսիայի պարագայում (թուրքական ռազմական կործանիչի կողմից սիրիական օդուժին պատկանող օդանավի խոցման միջադեպը, թուրքական հրետանու ներխուժման մի շարք փաստեր), Սիրիայի տարածք արտաքին ներխուժում հրահրելն էր, իսկ նվազագույնի դեպքում, թուրքական ծրագրերը կատարվեցին. շրջանը դատարկվեց բնակչությունից և դարձավ ռազմական գործողությունների թատերաբեմ՝ այդպիսով ավերի և թալանի սպառնալիքի տակ դնելով հազարամյակների պատմություն ունեցող հայերիս համար այդքան կարևոր բնակավայրը»,- մանրամասնեց Պետրոսյանը:
«Սիրիայի ներքին գործընթացների համատեքստում պետք է նշել որ երկրի հարավում և հատկապես հարավ-արևմուտքում հակակառավարական ուժերի կրած լուրջ անհաջողություններից հետո մեկ այլ ճակատում նույնարժեք հարված հասցնելու անհրաժեշտություն էր առաջացել. նման գրոհի համար նպաստավոր թիրախ էր երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող Լաթակիան՝ բնակեցված հիմնականում ալաուիներով (իսլամի այս ուղղությանն է պատկանում նաև Բաշար ալ-Ասադը), և որի անվտանգությունը սիրիական ճգնաժամի ողջ ընթացքում ապահովվում էր շատ բարձր մակարդակով. բացի դրանից թուրք-սիրիական սահմանի այդ հատվածը միակն էր, որ դեռևս վերահսկվում էր սիրիական իշխանությունների կողմից: Այս համատեքստում, գրոհը Քեսաբի դեմ կարևոր էր նաև և՛ մարտավարական, և՛ ռազմավարական տեսանկյունից, ուստի պատահական չէր, որ այն բավականաչափ մանրակրկիտ կերպով մշակված էր, և իրականացվեց Թուրքիայի ու նրա ազդեցությունը կրող արմատական իսլամական խմբավորումների կողմից»,- նկատեց փորձագետը:
Անդրադառնալով քեսաբահայության վիճակին և հայկական խորհրդարանական պատվիրակության այցի նշանակությանը՝ Պետրոսյանը նշեց, որ տեղահանված հայությունն այսօր համակողմանի աջակցության կարիք ունի, և խոսել նրանց հնարավոր շուտափույթ վերադարձի մասին ժամանակավրեպ է: Արդեն իսկ պարզ է, որ շրջանի անվանգության վերականգնումն ուղղակիորեն կախված է սիրիական ճգնաժամի հանգուցալուծման ժամկետներից, և հենց այս ելակետից պետք է ծրագրվեն հետագա անելիքները:
«Այս առումով, հայկական պատվիրակության այցը բավականաչափ կարևոր հոգեբանական և առարկայական նշանակություն կարող է ունենալ մեր հայրենակիցների համար՝ նրանց անվտանգության ապահովման և անհրաժեշտ օգնության ցուցաբերման հարցում ձեռք բերված պայմանավորվածությունների և երաշխիքների պարագայում: Այստեղ միանշանակ պետք է ընդգծել, որ թեպետ այցը պաշտոնական չէր, մասնավոր էր, այնուամենայնիվ, հայկական պատվիրկությունը հանդիպումներ ունեցավ նաև Սիրիայի բարձրագույն ղեկավարության, այդ թվում՝ նախագահ Բաշար ալ-Ասադի հետ և, սիրիացի ժողովրդի ու երկրի իշխանությունների կողմից սիրիահայ մեր հայենակիցների հանդեպ դրսևորած վերաբերմունքի համար հաղորդելով ՀՀ Նախագահի շնորհակալական խոսքը, նաև հետագայում սիրիահայերի խնդիրների լուծման համար երաշխիքներ և խոստումներ ստացավ անձամբ ՍԱՀ առաջնորդից:
Մյուս կողմից, կարծում եմ՝ Նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարությունից հետո միջազգային հարթակներում ՀՀ դիվանագետները ոչ հրապարակային շփումներ են ունենում նաև միջազգային կառույցների, արևմտյան և տարածաշրջանային մի շարք պետությունների ներկայացուցիչների հետ, որոնք որոշակի ազդեցություն ունեն սիրիական հակակառավարական ուժերի վրա: Քանի որ ներքին զինված հակամարտության պայմաններում սիրիահայության անվտանգությունն ու կարիքներն առավելագույնս հոգալու համար պետք է հնարավորինս պահպանվի հակամարտ կողմերի կամ նրանց հովանավորների հետ շփումների հավասարակշռությունը:
Կարդացեք նաև`
Al-Akhbar. «Քեսաբ. Հայկական ապահով հանգրվանի ամայացումը»
Այսօր, մենք կրկին օգնության կարիք ունենք. Քեսաբահայերի կոչը ողջ հայությանը
Իսկական ողբերգություն... միջազգային հանրությունը պետք է դատապարտի քեսաբահայության հետ տեղի ունեցածը. Ս. Ֆարմանյան (Տեսանյութ)
Հաստատվել է` Սիրիա ներթափանցած վարձկան զինյալների շարքերում կան նաև ադրբեջանցի վարձկաններ. Ս.Ֆարմանյան
Հայ խորհրդարանականները հանդիպել են Բաշար Ասադին
«Հարձակվեցին ու սկսեցին դիպուկահարներով խփել, մարդ չմնաց». Ինչպես տարհանվեցին Քեսաբի հայերը
Լաթաքիայի վրա հարձակում այս պահին չկա»
Քեսաբի հայ. Թուրքիայից մեքենաներով գալիս են, կողոպտում են տները և տանում մեր ունեցվածքը
Հայաբնակ Քեսաբի վրա հարձակման մեջ չեչեննե՞ր են ներգրավված
«Քեսաբ ներխուժումը հայության` մասնավորապես սիրիահայ համայնքի դեմ ուղղված քայլ էր»
Սիրիահայ. Ամեն վայրկյան սպասվում է Լաթաքիայի դեմ հարձակումը
Քեսաբի հայերին օգնություն է անհրաժեշտ, հայկական կողմը քայլեր ձեռնարկում է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան