Կոնցեսիոներ. Ռեսուրսներ չենք ծախսի ռիսկային և օգտագործումից դուրս եկած «Զվարթնոցի» հին շենքի պահպանման վրա
«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերությունը հայտարարում է, որ «Զվարթնոց» օդանավակայանի հին (կլոր) շենքը ներկայումս շատ վտանգավոր կառույց է և ռեսուրսներ չի տրամադրի հնացած շինության պահպանման համար, ինչպես նաև պատասխանատվություն չի կրի որևէ վթարի դեպքում:
«Մենք մտադիր ենք և պատրաստ ենք արդիականացնել Զվարթնոց միջազգային օդանավակայանը, սակայն ռեսուրսներ և ժամանակ չենք ծախսի ռիսկային և օգտագործումից դուրս եկած շինության պահպանման վրա, որը չի համապատասխանում ժամանակակից աերոնավիգացիոն ստանդարտներին»,- ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ:
Հայտարարության մեջ նաև ասվում է. «2002թ հունիսին Հայաստանի Հանրապետության կառավարության և Կորպորասիոն Ամերիկա արգենտինական ընկերության միջև կնքված 30 տարի ժամկետով կոնցեսիոն պայմանագրով Զվարթնոց միջազգային օդանավակայանը հանձնվել է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ին:
Ի սկզբանե մեր հիմնական նպատակը և պարտավորությունն է եղել ապահովել ուղևորների ու թռիչքների անվտանգությունը և ապահովությունը: Այդ սկզբունքներից ելնելով էլ 2004թ.-ին Հայաստանի կառավարությունը հաստատեց մեր մաստեր պլանը, որով սահմանվում էր, որ պետք է կառուցվի նոր ուղևորային համալիր, որը կհամապատասխանի սեյսմակայունության պահանջներին, կունենա ջեռուցման և լույսի վերահսկման համակարգ, ուղևորների ապահովության համար ժամանակակից սարքավորումներ: Նոր շինությունը կառուցվել է հին շենքի հարևանությամբ, որը կառուցվել է 1982թ, սակայն այլևս չի օգտագործվում և չունի ներկայումս պահանջվող համապատասխան սեյսմակայունություն և օդանավակայանի հատակագծի վրա տեղաբաշխված է`ապահովության և անվտանգության ժամանակակից նորմատիվներին ոչ համապատասխան:
2007թ մենք գործարկեցինք առաջին համալիրը, իսկ 2011թ պաշտոնապես բացվեց նոր օդանավակայանը: Ռազմավարական առումով գտնվելով Եվրոպայի և Ասիայի խաչմերուկում Զվարթնոց միջազգային օդանավակայանը դարձել է տարածաշրջանային հաբ, որը կարող է տարեկան սպասարկել մոտ 3 միլիոն ուղևոր: «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն կառուցել է ավելի քան 19,000 քմ մակերեսով մեկնման և ժամանման նոր սրահներ (ստերիլ գոտի), կոմերցիոն տարածքներ, VIP սրահներ և ուղևորների նստեցման կամրջակներ»:
Նշենք, որ ՀՀ Հանրային Խորհրդի ֆինանսաբյուջետային և տնտեսական հարցերով հանձնաժողովի ավիացիոն հարցերով ենթահանձնաժողովը խիստ բացասական որոշում էր կայացրել «Զվարթնոց» օդանավակայանի թիվ 1 շենքի քանդման առաջարկության վերաբերյալ: Շինությունը քանդելուն դեմ է նաև Երևանի քաղաքապետարանին կից քաղաքաշինական խորհուրդը, իսկ Հանրային Խորհրդում օրերս տեղի ունեցած քննարկման ժամանակ էլ ճարտարապետները միաձայն կարծիք հայտնեցին, որ շենքը հայ և համաշխարհային ճարտարապետության մեջ մեծ արժեք ունի և չի կարելի քանդել:
Նախորդիվ`
Պետք է լուծումներ գտնել, որ «Զվարթնոցի» հին շենքը իր երկրորդ կյանքն ապրի. Մկրտիչ Մինասյան
«Կոլիզեյը կրկնակի կռիսանոց է, բայց պահում են». Քննարկում՝ «Զվարթնոցի» հին շենքի հարցի շուրջ