Միջադեպ Գյումրու դատարանում. Վարդանիկի կողմնակիցները սպառնացել են պոկել Լուսինե Սահակյանի մազերը
Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացու Կարեն Եսայանի սպանության գործով դատավարության ժամանակ արտակարգ միջադեպ է տեղի ունեցել. Վարդան Ղուկասյանի կողմնակիցները սպառնացել են գործով ամբաստանյալ Հարություն Սարգսյանի պաշտպան, ՀՀ Փաստաբանների պալատի փաստաբան Լուսինե Սահակյանին:
«Կոնկրետ անուն-ազգանունները չեմ կարող ասել, որովհետև չեմ ճանաչում, բայց ասացին, որ Վարդան Ղուկասյանի կողմնակիցներն են: Դատարանում սկսեցին ահաբեկել ինձ, ասելով` մազերդ կպոկեմ, դատարանից դուրս էկար, գլուխդ կպոկեմ և այլն ու շատ ագրեսիվ», -Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց Լուսինե Սահակյանը:
Դեպքը տեղի է ունեցել մասնավորապես, մտավոր խնդիրներ ունեցող և գործով առանցքային վկա համարվող Հակոբ Մնացականյանի հարցաքննության ժամանակ: Սահակյանի ներկայացմամբ, Մնացականյանը մտավոր թերզարգացած երեխա է, և պաշտպանական կողմը դատավոր Մարտին Սարոյանին փաստաթուղթ է ներկայացրել, որ Մնացականյանը օժանդակ դպրոցի սան է եղել և օլիգոֆրենիա հիվանդությամբ է տառապում, ինչպես նաև համապատասխան բնութագիր այն մասին, որ նրա ընկալումները թույլ են: «Մինչև դատարանի դահլիճ գալը, մենք նկատեցինք, որ նրա նկատմամբ ճնշում է գործադրվում` դողում էր ամբողջ մարմնով: Հետո արդեն հարցաքննության ժամանակ պարզ դարձավ, որ նա լրիվ մտավոր թերզարգացած երեխա է և չի կարող ներկայացնել այն ամենը, ինչ իբրև թե գրել է նախաքննության ընթացքում: Բացի դրանից, չի էլ կարողանում խոսել, իր փոխարեն խոսում էր մորաքույրը», -ներկայացրեց Լուսինե Սահակյանը:
Փաստաբանի խոսքով, իր նկատմամբ դատարանում հնչեցված սպառնալիքը հնարավոր է` փորձ էր վախեցնել նաև վկա Հակոբ Մնացականյանին: Հնչեցված սպառնալիքների կապակցությամբ Լուսինե Սահակյանը միջնորդություն է ներկայացրել դատարանին` պարզել` ովքեր են այդ անձինք և համապատասխան միջոցներ ձեռնարկել: Սակայն, ինչպես փոխանցեց տիկին Սահակյանը, դատարանը որևէ միջոց չի ձեռնարկել:
Այս տարվա հունվարի 15-ից մեկնարկած Հարություն Սարգսյանի դատավարությունը Լուսինե Սահակյանի գնահատմամբ անկարգ է ընթանում: «Դատարանում կարգը բացարձակ չի պահպանվում տուժողի ներկայացուցիչը իրենց թույլ են տալիս անվայել արտահայտություններ կողմի հասցեին և բազմաթիվ մեր պահանջները, որպեսզի դատարանը կիրառի դատական սանկցիա, որպեսզի դատարանում կարգ ու կանոն պահպանվի, որպեսզի թույլ չտա, որ դատարանի դահլիճում անձինք խոսեն, սակայն դատարանը ոչինչ չի ձեռնարկում», -կարծիք հայտնեց Լուսինե Սահակյանը` նշելով նաև, որ դատական նիստերը անհարկի ընդմիջվում են:
Այսօրվա դատական նիստը, քանի որ վկան արդեն վատ էր զգացել իրեն մեղադրող կողմի միջնորդությամբ դարձյալ հետաձգվել է մինչև ապրիլի 15-ը: Լուսինե Սահակյանն ասաց, որ դատավորը հաշվի չի առել այն հանգամանքը, որ այդ օրը պաշտպանական կողմը մեկ այլ գործով դատական նիստ ունի: «Մենք դատարանում հայտարարել ենք, որ այդ օրը մենք հնարավորություն չունենք ներկայանալ դատական նիստին», -ասաց փաստաբանը:
Մեր զրուցակցի խոսքով, դատարանը նաև հաշվի չի առել պաշտպանական կողմի միջնորդությունը ըստ էության առողջական խնդիրներ ունեցող վկա Հակոբ Մնացականյանին դատակոչվածների ցանկից հանելու վերաբերյալ:
Նշենք, որ գործով վկա են նաև Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն ու նրա դուստրը` Մանյա Ղուկասյանը, որոնք դեռ մարտի 27-ից ծանուցագրով կանչվել են դատարան վկայություն տալու համար, բայց մինչև այսօր չեն ներկայացել նիստին:
Հիշեցնենք` Վարդան Ղուկասյանի փեսան` Կարեն Եսայանը սպանվել էր իր նշանադրությունից առաջ, ապրիլի 12-ին: Սպանության համար Հարություն Սարգսյանին, որը ոստիկանության Անիի տարածաշրջանի նախկին պետ Սամվել Սարգսյանի որդին է, մեղադրանք է առաջադրվել Քր. օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով՝ դիտավորյալ սպանություն և 188 հոդվածի 1-ին մասով՝ ապօրինի ձեռնարկատիրություն: Մեղադրանքի ծավալից նախաքննության ընթացքում հանվել էր Քր. օրենսգրքի 235 հոդվածով մեղադրանքը՝ ապօրինի զենք կրելու, պահելու վերաբերյալ:
Հարակից հրապարակումներ. «Նախկին ոստիկանապետի որդին հանցակիցներ է ունեցել». Նոր մանրամասներ Վ. Ղուկասյանի փեսայի սպանության գործով
Ղասաբ Բաբակեխյանի ձեռքի տակով անցնելուց հետո գլխիս վրա ուռուցքներ են հայտնվել. Նախկին ոստիկանապետի որդի