Դերասան Միքայել Պողոսյան. Քննադատելու շատ բան կա, բայց դա էլ բանաձև, ապրելաձև չէ
Կյանքը շարունակվում է … Իսկ արվեստը սփոփում ու ջերմացնում է մարդկանց: Panorama.am-ի զրուցակիցն է պրոդյուսեր, սցենարիստ, դերասան Միքայել Պողոսյանը:
-Մարդկային արժեհամակարգի ինչպիսի՞ փոփոխություններ ենք նկատել վերջին տարիների ընթացքում:
-Լավ կլինի, որ մարդը միշտ մնա մարդ: Մարդու շուրջ կարող է ամեն ինչ, տարբեր իրադարձություններ տեղի ունենալ, բայց մարդ պետք է կարողանա դիմակայել, չդավաճանել իր սկզբունքներին, պահել իր եսը: Արժեհամակարգի փոփոխություններն էլ ունեն իրենց օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառները: Համենայնդեպս, մարդ ապրելով այս իրականության մեջ, պետք է կարողանա ադապտացվել: Դժվարություններ, անարդարություն միշտ էլ կա, բայց կյանքը շարունակվում է ու պետք է փորձել ամեն ինչից դուրս գալ պատվով:
-Մարդիկ փոխվե՞լ են:
-Մարդիկ փոխվել են, դարձել են ավելի ինքնանփոփ, ֆիքսվել են իրենց վրա: Դա գալիս է կյանքի ոչ նորմալ պայմաններից: Առաջին հերթին` բարոյական պրոբլեմներ կան: Մարդը ձևափոխվում է, միշտ չէ, որ դեպի լավը:
-Ձեր մատնանշած խնդիրների լուծման գործում արվեստը ի՞նչ դերակատարում կարող է ունենալ:
-Արվեստով տալիս ես մի բան, որ կուզես լիներ իրականում, բայց չկա: Ստեղծագործելով փորձում ես շտկել այն իրավիճակը, որ կա քո շուրջ: Ես դեմ եմ բոլոր այն արվեստագետներին, ովքեր իրենց արվեստի միջոցով փորձում են բարձրաձայնել, մատնանշել այն թերությունները, որոնք կան, դա են համարում իրենց արվեստի միակ նպատակը: Եթե քեզ տրված է հնարավորություն կինոյի, թատրոնի միջոցով այնպես անել, որ իրավիճակ փոխվի, պետք է կարողանաս ամեն ինչից վեր լինել: Չեմ ասում իրականության վրա փակել աչքերը, այլ այսօր մարդ սփոփանքի, ջերմության կարիք ունի: Արվեստը կարող է ծառայել դրան:
-Ինչպիսի՞ մտահոգություններ ունեք:
-Այնքան շատ են: Նախ կարծում եմ, որ միշտ չէ, որ ամեն մեկս պետք է դիմացինին մեղադրի ինչ-որ բանում: Մենք պետք է մեր թերություններով ավելի շատ զբաղվենք, հասկանանք, թե ինչ կարող ենք անել և չենք անում, հետո նոր սկսենք քննադատել շրջապատին: Քննադատելու շատ բան կա, բայց դա էլ բանաձև, ապրելաձև չէ ամեն ինչ քննադատել:
-Ընդունո՞ւմ եք քննադատություն:
-Բնականաբար, եթե արվում է տեղին: Գիտենք, որ կան միջակներ, որոնք շատ ակտիվ են, միջակությամբ փորձում են լրացնել ավելի կարևոր բաները:
-Հայ հանդիսատեսը կարիք ունի՞ նորարարությունների, ընդունո՞ւմ է նորարար դրսևորումները, արտահայտչամիջոցները:
-Կարծում եմ, որ հայ հանդիսատեսը պատրաստ է ամեն ինչի, ուղղակի չենք կարողանում շատ անգամ մատուցել և տալ այն, ինչը պատրաստ է ընդունել: Շատ անգամ հետ ենք ընկնում մեր հանդիսատեսի ճաշակը բավարարելուց: Իրականում կա բարձր խավի հանդիսատես, որը սոված է մնում ու կարիք ունի այնպիսի բաների, որ շատ հաճախ չենք կարողանում իրենց մատուցել:
-Ինչո՞վ եք զբաղված այժմ:
-Աշխատում եմ նոր սցենարի վրա: Սցենարը գրել ենք ես և դերասան Վիգեն Ստեփանյանը: Պատրաստ է, սեպտեմբերին կսկսվի նկարահանումները: Ֆիլմ է: Կատակերգություն:
-Ինչի՞ կարիք ունի հանդիսատեսը՝ կատակերգության, թե ավելի խորը թեմաներ արծարծող ֆիլմերի, ներկայացումների:
-Հանդիսատեսը ամեն ինչ էլ ուզում է տեսնել, եթե արվում է որակյալ: Ժանրը ոչ մի դեր չի խաղում:
Նախորդող նորություններ`
Արվեստաբան Արաքսյա Սարյան. Գավառական մտածողություն ու միջին շնորհալի «տաղանդներ»
Երիտասարդ ռեժիսոր Շուշանիկ Գևորգյանը մտահոգ է… «Այսօր թատրոնը պարտվում է սերիալներին»
Դերասան Տիգրան Ներսիսյան. Բառեր կան, որոնք մեր իրականությունից դուրս են եկել… պարկեշտ… ծիծաղեցիք չէ՞
Արվեստագետ Ռուբեն Բաբայան. Մարդը գնալով դառնում է ավելի միայնակ
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին