Շանտաժ է. Պողոսյանը` «Զվարթնոցի» հին շենքը պահպանելուց հրաժարվելու վերաբերյալ կոնցեսիոների հայտարարության մասին
«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերության հայտարարությունը, թե իրենք ռեսուրսներ չեն տրամադրի «Զվարթնոց» օդանավակայանի հին (կլոր) շենքի պահպանման համար, ինչպես նաև պատասխանատվություն չեն կրի որևէ վթարի դեպքում, Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության և ճարտարապետության հանձնաժողովի նախագահ Հրաչ Պողոսյանը համարում է շանտաժ:
«Իրենք պարտավոր են պահպանել: Դա շանտաժի մի ձև է, որպեսզի ստիպեն, որ մարդիկ ասեն` հա, դե որ չես կարողանում պահպանել… Պարտավոր ես պահպանել, վերջացավ, գնաց: Պետությունն էլ պարտավոր է պահպանել, վարձակալողը կամ սեփականատերը` նույնպես: Որևէ շանտաժի պետք չէ տրվել»,- Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ճարտարապետը:
Նա ընդգծեց, որ եթե հանկարծ այդ շենքը փլուզվի, մեղավորն իրենք են: «Ո՞նց կարելի է այդպես: Եթե պետությունն իր սեփականությունը վարձակալությամբ տվել է մեկին, հիմա այդ մեկն ասում է` փլվում է քո շենքը: Է փլվո՞ւմ է, սարքի, բա ինչո՞ւ ես վարձակալել: Պետք է պետությունը նստի, պայմանագիրը կետ առ կետ նայի, որ եթե ժամանակից շուտ դու հրաժարվում ես քո վարձակալած շենքից, ուրեմն պիտի տույժեր տաս, ըստ երևույթին: Ինչ-որ բան պիտի արվի: Ինչի՞ համար են այդքան ժամանակով տվել, մնացած տարիների համար իրենք պատասխանատո՞ւ են, թե` ոչ: Այ քեզ բան, այդ ի՞նչ վարվելակերպ է, չեմ հասկանում»,- եզրափակեց Հրաչ Պողոսյանը:
Նշենք, որ կոնցեսիոները այս հայտարարությունը տարածել էր այն բանից հետո, ինչ ՀՀ Հանրային Խորհրդի ֆինանսաբյուջետային և տնտեսական հարցերով հանձնաժողովի ավիացիոն հարցերով ենթահանձնաժողովը խիստ բացասական որոշում էր կայացրել «Զվարթնոց» օդանավակայանի թիվ 1 շենքի քանդման առաջարկության վերաբերյալ:
Շինությունը քանդելուն դեմ է նաև Երևանի քաղաքապետարանին կից քաղաքաշինական խորհուրդը, իսկ Հանրային Խորհրդում օրերս տեղի ունեցած քննարկման ժամանակ էլ ճարտարապետները միաձայն կարծիք հայտնեցին, որ շենքը հայ և համաշխարհային ճարտարապետության մեջ մեծ արժեք ունի և չի կարելի քանդել:
Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը հիմնադրվել է 1961թ., նոր շենքը (կլոր) նախագծվել է 1974թ., շահագործման է հանձնվել 1982 թվականին, ճարտարապետներն են` Ա. Թարխանյանը, Ս. Խաչիկյանը, Ժ. Շեխլյանը, Լ. Չերքեզյանը: Օդանավակայանի նոր մասնաշենքը շահագործման է հանձնվել 2011-ի աշնանը:
Նախորդիվ`
Պետք է լուծումներ գտնել, որ «Զվարթնոցի» հին շենքը իր երկրորդ կյանքն ապրի. Մկրտիչ Մինասյան
«Կոլիզեյը կրկնակի կռիսանոց է, բայց պահում են». Քննարկում՝ «Զվարթնոցի» հին շենքի հարցի շուրջ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան