Ազիզյան. Եթե կոնցեսիոները չի ցանկանում կառավարել «Զվարթնոցի» հին շենքը, ուրեմն պետք է հանձնի պետությանը
Զվարթնոց օդանավակայանի հին (կլոր) շենքի վերաբերյալ կոնցեսիոների հայտարարությունները, թե այն կորցրել է իր ռեսուրսները, ճարտարապետներն անհիմն են համարում: Միգուցե կառույցը որպես օդանավակայան կորցրել է ռեսուրսները, բայց որպես շինություն, որպես ճարտարապետական արժեք, ըստ ճարտարապետների, իր նշանակությունն ու ռեսուրսները պահպանում է:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը գոհունակություն հայտնեց, որ կառույցի շուրջ քննարկումներ են սկսվել մինչև այն քանդելը և հույս հայտնեց, որ արդյունքում կգտնվի շենքն օգտագործելու լավագույն տարբերակն ու կպահպանվի:
Ինչ վերաբերում է ռեսուրսները կորցնելուն, ապա ըստ Մինասյանի, եթե նման մտածողությամբ շարժվենք, ուրեմն Երևանի շենքերի մեծ մասը, որոնք վթարային են, բայց շատ գեղեցիկ են, արժեք են ներկայացնում, պետք է քանդվեն: Նա ընդգծեց, որ ավիացիայի լավագույն մասնագետներն արդեն բերել են բոլոր այն փաստերը, որ այդ օդանավակայանն իր մեջ մեծ ռեսուրսներ ունի:
«Կորցնելով այդ շենքերը, մենք կորցնում ենք այն քաղաքը, որը բոլորս սիրում ենք: Պետության խնդիրն է արժեքները պահպանել, հակառակ դեպքում, մենք նոր մայրաքաղաք պիտի կառուցենք: Ինչպե՞ս կարելի է անընդհատ քանդել ու տասնամյակ հետո ափսոսանքով հիշել, որ փողոցներ կային, որ հուշարձան էին»,- ասաց նա:
Հայ նախագիծ ինստիտուտի տնօրեն, Հանրային խորհրդի քաղաքաշինության և ճարտարապետության ենթահանձնաժողովի նախագահ Գրիգոր Ազիզյանն ընդգծեց, որ շինության սեփականատերը պետությունն է, իսկ կոնցեսիոներն ընդամենը կառավարիչը: Նա նշեց, որ ՀԽ չորս ենթահանձնաժողովներ քննարկել են, շուտով կքննարկի նաև ՀԽ-ն: Ենթահանձնաժողովները միանշանակ պատասխանել են, որ չի կարելի քանդել այդ շենքը:
Անդրադառնալով ռեսուրսները կորցնելու հարցին, նա նախ հարց ուղղեց, թե որպես ինչ է այն կորցրել իր ռեսուրսները և հայտարարեց. «Որպես գործող միջազգային օդանավակայա՞ն, որը դեռ երկու տարի առաջ գործում էր: Որպես օդանավակայան, միգուցե կորցրել է, բայց որպես կառույց՝ իր հնարավորություններով, այլ հարց է: Երևանի շենքերի ճնշող մեծամասնությունը չեն համապատասխանում այսօրվա նորմերին: Եթե այս տեսանկյունից նայենք, ուրեմն պետք է շատ կառույցներ ուժեղացնել որպես հին շենք: Կան բազմաթիվ տարբերակներ Զվարթնոցի հին շենքն ուժեղացնելու: Քանդել ու նորը վերակառուցելը վերակառուցման համար պահանջվող 10-12 մլն դոլարից ավելի կարժենա»,- ասաց նա:
Գրիգոր Ազիզյանն առաջարկեց, որ մրցույթ հայտարավի և հնարավոր է շատ հետաքրքիր մտքեր հայտնեն շենքը շահագործելու վերաբերյալ: «Այն սովետական մոդեռնիզմի լավագույն կառույցներից է, քանդել չի կարելի: Խոսել նրա մասին, որ կորցրել է ռեսուրսը, ճիշտ չէ»,- ասաց նա:
Մկրտիչ Մինասյանն էլ նկատեց, որ հարկավոր է հանգել ամենառացիոնալ մտքին. «Միակողմանի ասել, որ եթե չքանդեն, այս նոր օդանավակայանը կիսատ կլինի, նոր տերմինալներ են հարկավոր, ճիշտ չի լինի: Մենք այս 90 տարիներին կարծես գերի լինենք ֆինանսական մեծ ներդրողներին, իրենք են թելադրում: Բայց մենք պետք է կարողանանք դուրս գալ այս վիճակից: Բացառվում է քանդվելը, քանդելն ամենահեշտ է: Ինչո՞ւ մենք գնանք այդ ճանապարհով, ինչո՞ւ մենք մեզ աղքատացնենք: Բա ամբողջ աշխարհում չե՞ն ասի՝ ինչ վանդալներ եք, որ չկարողացանք այդ հրաշալի շինությունը օգտագործելու տարբերակ գտնել»,-ասաց նա:
Panorama.am-ի խնդրանքով Գրիգոր Ազիզյանը մեկնաբանեց կոնցեսիոների հայտարարությունը, որ իրենք պատասխանատվություն չեն կրելու, եթե որևէ վթար լինի շինության տարածքում. «Եթե նա չի ցանկանում կառավարել այդ օբյեկտը, ուրեմն պետք է հանձնի պետությանը, իսկ պետությունն ուրիշ օգտագործող գտնի: Սեփականությունը պետությանն է, իսկ կառավարիչն ընդամենը ցանկություն է ներկայացրել: Եթե պետությունը հաստատի քանդելու որոշում, ուրեմն կտա քարդ բլանշ»:
Նախորդիվ՝
«Զվարթնոցի» հին շենքը ներառել պահպանվող հուշարձանների ցանկում. Դիմում` Մշակույթի նախարարությանը
Պետք է լուծումներ գտնել, որ «Զվարթնոցի» հին շենքը իր երկրորդ կյանքն ապրի. Մկրտիչ Մինասյան
«Կոլիզեյը կրկնակի կռիսանոց է, բայց պահում են». Քննարկում՝ «Զվարթնոցի» հին շենքի հարցի շուրջ
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում