Բըրբենքի կոնգրեսականը հորդորում է Սպիտակ տանը ցուցադրել հայկական գորգը
ԱՄՆ-ի կողմից հայոց ցեղասպանության ճանաչման հարցի քննարկումը վերջերս կենտրոնացել է որբ հայ աղջիկների ձեռքերով գործած գորգի վրա, որը նվեր էր տրվել ԱՄՆ նախագահ Քալվին Քուլիջին գրեթե մեկ դար առաջ: Հարավային Կալիֆորնիայի օրենսդիրը կոչ է անում Սպիտակ տանը թույլատրել գորգի ցուցադրությունը:
Գորգը, որը գործվել էր 10 ամսում և ունի չորս միլիոնից ավել հանգույց, շնորհակալական նվեր էր ամերիկացիներին, ովքեր օգնություն էին տրամադրել ավելի քան 100,000 հայ որբերի:
Գորգը նախատեսվում էր ցուցադրել Սմիթսոնյան թանգարանում, որտեղ կայանալու էր «Նախագահ Քուլիջը և հայ որբերի գորգը¦ վերնագրով գրքի շնորհանդեսը: Սակայն Սպիտակ տունը մերժել էր տրամադրել գորգը՝ պատճառաբանելով, որ այն չի կարող այժմ դուրս բերվել Սպիտակ տնից:
Հարավային Կալիֆորնիայի հանրային ռադիոյի (SCPR) տեղեկացմամբ Կոնգրեսական Ադամ Շիֆը (Բըրբենք) և նրա գործընկեր Դեվիդ Վալադաոն (Հանֆորդ) շրջանառում են «հարգելի գործընկեր» նամակը, որով նրանք խնդրում են նախագահին փոխել իր որոշումը: Մինչ այժմ հավաքվել է պատգամավորների ավելի քան երեսունհինգ ստորագրություն: Շիֆն ասում է, որ նախագահի մերժումն ունի միայն մեկ բացատրություն – նա չի ցանկանում նեղացնել Թուրքիային:
Շիֆը, ով ապրիլին ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Ներկայացուցիչների պալատում ելույթ էր ունեցել հայերեն լեզվով , ասում է, որ գորգը շատ շոշափելի միջոց է ցեղասպանության փաստի հետ հաշվի նստելու համար:
«Այս աղջիկները իրական էին, այն ամենն, ինչի միջով նրանք անցել էին, իրական էր, և կարծում եմ, որ ցուցադրությունը մերժելու պարճառներից մեկը հենց այդ գորգի զորությունն է», - ասել է Շիֆը:
Սպիտակ տան կայքէջում անցկացվում է առցանց ստորագրահավաք, որով կոչ է արվում թույլատրել գորգի ցուցադրությունը, սակայն մինչ այժմ ստորագրությունների թիվը չի հասել անգամ 700-ի:
Թեկնածու Բարաք Օբաման ասում էր «Ամերիկային պետք է այնպիսի առաջնորդ, ով ճշմարտացիորեն խոսի հայող ցեղասպանության մասին», սակայն նախագահ Բարաք Օբաման խուսափել է այդ տերմինն օգտագործելուց:
Նախորդիվ`
«Washington Post». «Սպիտակ տան պահեստում գտնվող հայ որբերի կողմից գործված գորգն այնքան մոռացված է, որքան ցեղասպանությունը»
Ամերիկայի Հայ դատի գրասենյակը Սպիտակ տանը կոչ է անում ցուցադրության հանել Հայոց ցեղասպանության որբերի գորգը
«The Huffington Post». Հայ որբերի գորգը ոչ միայն ցեղասպանության, այլ նաև Ամերիկայի ժողովրդի առատաձեռնության խորհրդանիշ է
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա