Ինչպե՞ս են ծախսվում ներառական կրթությանն ուղղվող միջոցները
Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող (ԿԱՊԿՈՒ) անձանց կրթության մասին օրենքի համաձայն` պետությունը ավելացված ֆինանսավորման չափաքանակով է ապահովում ներառական դպրոցների գործառնությունը: Բայց խոսքը ոչ թե նրա մասին է, որ ներառականի կարգավիճակ ստանալուց հետո ողջ դպրոցի բյուջեի հաշվարկային բանաձևն է ենթարկվում փոփոխման, այլ սկսում են գործել ֆինանսավորման երկու բանաձևեր՝ մեկը ոչ ԿԱՊԿՈՒ երեխաների, մյուսը՝ ԿԱՊԿՈՒ երեխաների համար: Այս մասին կարդում ենք «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»-ի կողմից 2013թ-ին հրապարակված ՀՀ-ում ներառական կրթության իրականացման գնահատում հաշվետվության մեջ:
Ոչ ԿԱՊԿՈՒ աշակերտների համար շարունակում է գործել հանրակրթական դպրոցի ֆինանսավորման տիպային բանաձևը` ոչ ԿԱՊԿՈՒ աշակերտների ուսմանը հատկացվող տարեկան գումարը կազմում է մոտ 106.000 ՀՀ դրամ:
ԿԱՊԿՈՒ աշակերտների ֆինանսավորման պարագայում ի սկզբանե պաշտոնապես սահմանված չէ մեկ ԿԱՊԿՈՒ երեխային տարեկան հատկացվող գումարը: Այս դեպքում գործում է հետևյալ մոտեցումը. տվյալ ուսումնական տարվա սկզբին նախորդող ամսվա ընթացքում ԿԳՆ-ը Ֆինանսների նախարարությանն է ներկայացնում ուսումնական տարվա համար Հայաստանում գործող՝ պաշտոնապես ճանաչված ներառական դպրոցներում ներգրավված ԿԱՊԿՈՒ աշակերտների թիվը: Գոյացած ընդհանուր թիվը վերածվում է խմբերի՝ յուրաքանչյուրում 15-ական ԿԱՊԿՈՒ աշակերտ: Մեկ խմբի համար սահմանվում է հատուկ մանկավարժի, դաստիարակի, հոգեբանի, ինչպես նաև խոհարարի աշխատանքային ծանրաբեռնվածություն՝ մեկ դրույքի չափով: ՀՀ Կառավարության թիվ 1365 որոշման համաձայն պետությունը նաև ֆինանսավորում է ԿԱՊԿՈՒ աշակերտների սննդի և տեղափոխման, լույսի և ջրի համար նախատեսված ծախսերը: Մյուս ծախսերը կատարվում են հանրակրթական դպրոցի համար սահմանված կարգով:
Ֆինանսների նախարարությունը հաշվարկում է տարեկան բյուջե և գումարը ուղղորդվում է մարզային վարչություններ՝ վերաբաշխելու համար: ԿԳՆ և Ֆինանսների նախարության փորձագետների պնդմամբ ԿԱՊԿՈւ երեխաների կրթության ֆինանսավորան համակարգը չի սահմանում մեկ երեխային հատկացվող գումարի չափը: Մինչդեռ բոլոր 34 ներառական դպրոցների տնօրենները, որտեղ իրականացվել է ուսումնասիրություն հաշվետվության հեղինակների կողմից, ներառական դպրոցների ֆինանսավորումը մեկնաբանում են մեկ աշակերտին հատկացվող գումարների շրջանակներում: Այսպես, եթե ոչ ԿԱՊԿՈՒ երեխաների համար տարեկան հատկացվում է մոտ 100.000 ՀՀ դրամ, ապա ԿԱՊԿՈԻ երեխաների համար այդ թիվը գերազանցում է մոտ 4-5 անգամ՝ կազմելով յուրաքանչուրի համար՝ տարեկան 400-500.000 դրամ: Բոլոր տնօրենների հավաստմամբ գումարը ծախսվում է բացառապես ԿԱՊԿՈՒ երեխայի սննդի (օրական՝ 781 դրամ) , ճանապարհածախսի՝ օրական 200 դրամ և մասնագետների աշխատավարձերի վրա:
Անդրադառնալով այն խնդրին, թե որքանով է ներառական դպրոցների ֆինանսավորումը բավարար ԿԱՊԿՈՒ երեխաներին որակյալ կրթություն ապահովելու համար հեղինակները նշում են, որ ոլորտի փորձագետների մի մասի հավաստմամբ` ներառական դպրոցներին բյուջետային հատկացումները չեն կարող բավարար լինել որակյալ կրթություն մատուցելու համար, քանի որ նյութատեխնիկական և ֆիզիկական բազայի համալրման համար գումարային հատկացումներ պետությունը չի կատարում:
Մինչդեռ ուսումնասիրված ներառական դպրոցների տնօրենները և բազմամասնագիտական թիմի անդամները այդ դպրոցների ֆինանսավորումը համարում են հիմնականում բավարար՝ անընդհատ զուգահեռներ անցկացնելով ոչ ԿԱՊԿՈՒ աշակերտներին հատկացվող ֆինանսավորման հետ: Ավելին` տնօրենները ներառական դպրոցների ֆինանսավորման խնդիրը քննարկում են ոչ թե որակյալ կրթական ծառայությունների ապահովման, այլ միայն ծառայությունների ֆիզիկական հասանելիության տեսանկյունից՝ առանձնացնելով միայն ճանապարհածախսի վրա կատարվող բյուջետային հատացումների անբավարար քանակը: Մասնավորապես, այն դեպքում, երբ մեկ ներառական դպրոց սպասարկում է տարածաշրջանի մի շարք, այդ թվում՝ հեռավոր գյուղերի համայնքներ, հանրային տրանսպորտի բացակայության պարագայում ճանապարհածախսի վրա կատարվող փաստացի գումարները 10 և ավել անգամ կարող են գերազանցել պետականորեն հատկացվող՝ օրական 100-200 դրամը:
Հետազոտության արդյունքների համաձայն ուսումնասիրված ներառական դպրոցներում գործում են բյուջետային ծախսերի թափանցիկության և հաշվետվականության տարբեր մեխանիզմներ: Այսպես, ուսումնասիրված 34 դպրոցներից 16-ի տնօրինության համոզմամբ կարիք չկա ապահովելու ներառական կրթության բյուջետային ծախսերի թափանցիկությունը, քանի որ ծախսերն աշխատավարձային բնույթ ունեն: Խոսքը, հիմնականում, Տավուշի մարզի ուսումնասիրված ՆԴ-երի մի մասի, ինչպես նաև թիրախային մյուս մարզերի որոշ դպրոցների մասին է, որոնց տնօրինությունները բյուջեի թափանցիկության ներքո հասկանում են միայն պետության լիազոր մարմնին ժամանակին հաշվետվություն ներկայացնելը: Ուսումնասիրված 10 ՆԴ-ների տնօրենները ծախսերի թափանցիկությունն ապահովում են միայն ԿԱՊԿՈՒ ծնողների շրջանում՝ ավելորդ համարելով գործընթացում այլ խմբերի ներառումը՝ տարբերակված ընկալումներից խուսափելու նպատակով:
Եվ միայն 8 ներառական դպրոցերի տնօրինությունն է դպրոցի կառավարման խորհրդի առջև ներկայացնում ծախսերի հաշվետվությունները, կամ դրանք հրապարակավ փակցնում դպրոցի տեղեկատվական տախտակների վրա՝ ապահովելով գործընթացի մաքսիմալ թափանցիկությունը:
Հիշեցնենք, Հայաստանում ներկայումս թվով 117 դպրոց է իրականացնում ներառական կրթություն, որից 55-ը` Երևանում: Ուսումնասիրելով դպրոցների ցանկը տեսանելի է, որ Երևանից հետո մեծ թվով ներառական դպրոցներ կան Տավուշում` 15 դպրոց, Լոռիում` 12 և Շիրակում` 10: Մնացած մարզերում ուսումնական այդ հաստատությունների թիվը 10-ից ցածր է, իսկ օրինակ Արագածոտնում ընդամենը մեկը: Ըստ ԿԳ նախարարի հրամանի` առաջիկայում հանրակրթական ևս 22 դպրոց կիրականացնի ներառական կրթություն:
Նախորդող հրապարակում`
Ներառական կրթության երեկն ու այսօր. Ի՞նչ ունենք
Հայաստանում գործում է ոչ թե ներառական կրթության, այլ ինտեգրված կրթության մոդելը. Հետազոտություն
Ներառական կրթությունը հարիր է մեր քիմքին, մնաց լուծենք մնացած տեխնիկական խնդիրները
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները