««Զվարթնոցի» հին շենքի ճակատագրի հարցը վերաբերում է նախագծի հեղինակային իրավունքի իրավատերերի շահերին»
Ճարտարապետ Անահիտ Թարխանյանը «Զվարթնոց» օդանավակայանի հին (կլոր) շենքի վերաբերյալ բաց նամակ է գրել Հանրային Խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանին:
Նամակում ասվում է.
«Հարգելի պարոն Մանուկյան
Ողջունում եմ Հանրային Խորհրդի կողմից ձևավորված ավիացիայի հարցերով ենթահանձնաժողովի՝ «Զվարթնոց» օդանավակայանի հին մասնաշենքի քանդման դեմ որոշումը։ Գտնում եմ, որ այդ հարցի քննարկումները կլինեին ավելի բազմակողմանի, եթե քննարկումներին հրավիրված լինեին նաև «Զվարթնոց» օդանավակայանի ճարտարապետական նախագծի հեղինակային իրավունքի իրավատերերը։
Համաձայն 2003 թվականին ուժի մեջ մտած` Մալաթիա-Սեբաստիա համայնքի առաջին ատյանի դատարանի վճռի, «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ին պարտավորեցվել է ճանաչել նախագծի հեղինակների՝ Արթուր Թարխանյանի, Սպարտակ Խաչիկյանի, Ժորժ Շեխլյանի և Լևոն Չերկեզյանի անձնական ոչ գույքային իրավունքները։ Բնականաբար, «Զվարթնոց» օդանավակայանի հին մասնաշենքի ճակատագրի հարցը վերաբերում է նախագծի հեղինակային իրավունքի իրավատերերի շահերին։
Բացի այն, որ «Զվարթնոց» օդանավակայանի հին մասնաշենքը հանդիսանում է ազգային և միջազգային ճարտարապետության գոհարներից մեկը, դրա քանդման հարցը առնչվում է Հայաստանի Հանրապետության կարևորագույն գույքային իրավունքներին։ Բանն այն է, որ 2001թ․ դեկտեմբերի 17-ին ՀՀ կառավարության և «Կորպորասիոն Ամերիկա Ս․Ա»-ի միջև կնքված պայմանագիրը սահմանում է, որ «Զվարթնոց» օդանակավականը հանդիսանում է ՀՀ սեփականությունը, իսկ կոնցեսիոների կողմից կառուցածը՝ կոնցեսիոների սեփականությունը։ Այսինքն, կոնցեսիոները դիմել և պահանջում է ՀՀ կառավարությունից թույլտվություն՝ ոչնչացնել առնվազն 100 մլն դոլար արժեք ունեցող պետական անշարժ գույքը և դրա փոխարեն կառուցել այլ շենք, որը կհանդիսանա իր սեփականությունը։
Հարկ եմ համարում նշել, որ օդանավակայանի նոր մասնաշենք կառուցելու պատճառաբանությունը ժամանակին հիմնավորված է եղել միջազգային չափանիշներին համապատասխանող մաքսային ընթացակարգեր ապահովելու համար լրացուցիչ տարածքների անհրաժեշտությամբ։ Այդ պատճառաբանությամբ, կոնցեսիոները ժամանակին ոչ թե վերակառուցել էր հին մասնաշենքը, այլ կառուցել էր նորը։
Այսօր, երբ Հայաստանի Հանրապետության իշխանությունները նպատակադրվել են անդամակցել Մաքսային Միությանը, որի ներսում ապրանքների և մարդկանց ազատ տեղաշարժման պայմաններ են ստեղծված, բնական է, որ ի սկզբանե ներքին թռիչքների սպասարկման համար նախագծված «Զվարթնոց» օդանավակայանի հին մասնաշենքը առանց որևէ բարդության կարող է օգտագործվել այդ Միության ներսում թռիչքների սպասարկմանը։
Հաշվի առնելով նաև, որ Հայաստանը ջանքեր է գործադրում օդային կապ հաստատել Լեռնային Ղարաբաղի հետ, այդ` ըստ էության ներքին թռիչքների, սպասարկումը նույնպես կարող է իրականացվել հին մասնաշենքի միջոցով։
Այսինքն, այսօր առնվազն 100 մլն դոլար արժեցող պետական սեփականություն ոչնչացնելու ուղղությամբ որևէ ծրագիր հիմնավորված լինել չի կարող, քանզի հին մասնաշենքի ֆունկցիոնալ հատկությունները լիովին համապատասխանում են արդի պայմաններին։
Հուսով եմ, որ Հանրային Խորհուրդը հետայսու ևս հետամուտ կլինի այս հարցում և կօգտագործի իր բոլոր կարողությունները պետական սեփականություն հանդիսացող, ազգային և միջազգային ճարտարապետական արվեստի օբյեկտի պահպանման գործում»:
Նախորդիվ`
Պետք է լուծումներ գտնել, որ «Զվարթնոցի» հին շենքը իր երկրորդ կյանքն ապրի. Մկրտիչ Մինասյան
«Կոլիզեյը կրկնակի կռիսանոց է, բայց պահում են». Քննարկում՝ «Զվարթնոցի» հին շենքի հարցի շուրջ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան