Բնակիչները` Փակ շուկայի շինարարության մասին. Պահանջում ենք վերջապես արձագանքեք և շտապ դադարեցնեք ապօրինությունը
Երևանի Կենտրոն վարչական շրջանի Պարոնյան փողոց, թիվ 4ա շենքի բնակիչները նամակ են հղել ՀՀ նախագահին, վարչապետին, մարդու իրավունքների պաշտպանին` ահազանգելով, որ Փակ շուկայի տարածքում աշխատանքները մեծ թափով շարունակվում են` խախտելով բազմաթիվ բնակիչների հանգստի իրավունքը և անդորրը: Բնակիչները պահանջում են դադարեցնել ապօրինությունը, կասեցնել շուկայի տանիքի վրա նոր հարկաբաժնի շինարարությունը, վերացնել դրա հետևանքները և պաշտպանելբնակիչների օրինական իրավունքներն ու հուշարձան շենքը, իսկ ամենակարևորը՝ վերականգնել մեր հավատը:
ՀՀ նախագահ
պարոն Ս. Սարգսյանին
ՀՀ վարչապետ
պարոն Տ. Սարգսյանին
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան
պարոն Կ. Անդրեասյանին
Երևանի Պարոնյան փող. 4ա շենքի բնակիչներից
Հարգելի պարոնայք,
Բազմիցս դիմել ենք Ձեզ Երևանի Մաշտոցի պողոտայի ծածկած շուկայի տարածքում իրականացվող ինքնակամ վերակառուցման աշխատանքների մասին, ինչի վերաբերյալ Երևանի քաղաքապետարանը սահմանափակվել է միայն տուգանքներ նշանակելով և ոչ մի միջոցառում չի իրականցրել կանխելու աշխատանքները և դրանք իրավական դաշտ բերելու համար: Ավելին, անընդհատ կատարվում են նորանոր շինարարական աշխատանքներ, որոնք լինելով նախորդներից ավելի անհավանական՝ օրինականությունը խախտելու իմաստով, կարծես մոռացության են մատնում նախորդ արվածները՝ շուկայի կամարների քանդումը, շուկայի շենքի արտաքին ծավալներից դուրս նոր բազմահարկի կառուցումը, շուկայի շենքի պարագծով ինքնակամ, առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի մոտ 7 մետր լայնքով և 6-8 մետր խորությամբ ու հարևան շենքերից անթույլատրելի հեռավորության վրա, դրանց հիմքերի հիմնատակերից անհամեմատ մեծ խորությամբ փոսորակի քանդումը ու շենքերի սեյսմակայունության վտանգումը և այլն։
Ամիսներ առաջ, չնայած կառուցապատողի բազմաթիվ խոստումների, որ մեր պատուհանների առաջ նոր հարկաբաժինը չի կառուցվելու, սկսվեցին այդ հարկաբաժնի սյուների կառուցումը, ինչը նախագահական ընտրությունների նախօրերին կանխվեց։ Հետագայում տեղի ունեցավ ՀՀ մշակույթի նախարարության գիտամեթոդական խորհրդի նիստը, որտեղ որոշում կայացվեց ապամոնտաժել ինքնակամ կառուցված հարկերը և վերականգնել հուշարձան շենքի կամարներն ու արտաքին տեսքը։ Դրանից հետո թվում էր թե հարցի լուծումը տեղից շարժվել է։ Սակայն վերջին օրերին շուկայի հետնամասում սկսվեց կառուցվել մի նոր կցակառույց ուղղակի շուկան շրջանցող ընդհանուր օգտագործման ճանապարհի վրա, փակելով այն, ինչը բնակիչների համար կստեղծի լրացուցիչ խնդիրներ հետագայում, վատթարացնելով տրանսպորտային իրավիճակը։ Հուսով ենք, որ քաղաքապետարանը, բոլոր գործող օրենքներին և քաղաքաշինական նորմերին հակառակ, չի կատարել նման հողահատկացում ընդհանուր օգտագործման ճանապարհի վրա, հակասելով հուշարձան շենքի արտաքին տեսքը պահպանելու պարտադիր պայմանի մասին Հանրապետական կուսակցության ավագանու թեկնածուների քաղաքապետի անունից արված բազմաթիվ նախընտրական խոստումներին։ Չնայած փորձը ցույց է տալիս, որ իշխանությունների խոսքն ու գործը չի համընկնում։ «Հավատանք, որ փոխենք» կարգախոսը չի կարող ազդել և համոզել մարդկանց, եթե երևանցիները, մասնավորապես շուկայի հարևանությամբ ապրող բազմնաբնակարան շենքերի բնակիչները, անընդհատ լսում են բազմաթիվ խոստումներ և հավաստիացումներ շուկայի հուշարձան շենքի ինքնակամ կառուցված մասերի քանդման և արտաքին տեսքի վերականգնման մասին, իսկ տեղում տեսնում են հակառակը՝ արագ տեմպերով շարունակվող շինարարական աշխատանքներ, հարկաբաժինների և կցակառույցների շինարարություն՝ նորանոր խախտոմներով։
Իսկ այսօր, կառուցապատողը կրկին խախտելով իր բոլոր խոստումները վերսկսել է վերը նշված հարկաբաժնի շինարարությունը մեր ննջարանների պատուհանների դիմաց, անթույլատրելի մոտեցնելով նոր ստեղծվող բազմաֆունկցիոնալ շենքի աղմկոտ և լուսավոր պատուհանները մեր ննջարանների պատուհաններին, խախտելով քաղաքաշինական նորմերն ու էապես վատթարացնելով մեր բնակարանների առանց այն էլ անբավարար լուսավորությունը և տեսանելիությունը, ինչպես նաև վերջնականապես խաթարելով հուշարձան շենքի կերպարը:
Ինչու պիտի 40 տարուց ավել այդ շենքում անհոգ ապրած բնակիչների բնակարանների որակների նվազեցման հաշվին կատարվի նման վերակառուցում, մեր շահերը, հանգիստն ու անվտանգությունը թողելով բախտի, ավելի ճիշտ կլինի ասել կառույցի սեփականատիրոջ քմահաճույքին։ Մի թե Հայաստանում այդ աստիճան անզոր է պետական համակարգը` բնակիչների օրինական իրավունքներն ու պահանջները պաշտպանելու համար:
Բնակիչների նախորդ դիմումին ի պատասխան ստացել ենք ՀՀ նախագահի աշխատակազմից գրություն, որ այն ուղարկված է քաղաքապետարան, սակայն քաղաքապետարանից 4 ամիս անց ուղարկած պատասխանը փաստում էր միայն, որ ինքնակամ շինարարության համար կառուցապատողը տուգանվել է, այն դեպքում երբ աշխատանքները չեն դադարեցվել, ավելին, ինքնակամ, հողազավթումով, նաև վերը նշված նոր աշխատանքները մեծ թափով շարունակվում են` խախտելով բազմաթիվ բնակիչների հանգստի իրավունքը և անդորրը:
Կրկին ու կրկին խնդրում և պահանջում ենք վերջապես արձագանքեք և շտապ դադարեցնեք ապօրինությունը, կասեցնեք շուկայի տանիքի վրա նոր հարկաբաժնի շինարարությունը, վերացնեք դրա հետևանքները և պաշտպանեք բնակիչների օրինական իրավունքներն ու հուշարձան շենքը, իսկ ամենակարևորը՝ վերականգնեք մեր հավատը:
Պարոնյան փողոց, թիվ 4ա շենքի բնակիչներ`
Նախորդող հրապարակումներ`
ՄԻՊ գրասենյակը հետամուտ է Փակ շուկայի հարցին
Փակ շուկա. Քաղաքապետարանը սպասում է մշակույթի նախարարության եզրակացությանը
«Ինչպե՞ս կարող է մարդ իր քաղաքն այդպես ատել»…Փակ շուկայում ապօրինի շինարարությունը շարունակվում է
Փակ շուկա. Հրապարակում ենք մշակույթի նախարարության գիտամեթոդական խորհրդի մասնակիցների անունները
«Փակ շուկայի» ճակատագիրը` փակ դռների հետևում
Մշակույթի նախարարություն. Ապամոնտաժել Փակ շուկայի նորակառույց ծավալի երկաթբետոնյա հիմնական հատվածն ընդունելի ծավալով
ՄԻՊ գրասենյակը կրկնակի գրությամբ դիմել է Երևանի քաղաքապետին` Փակ շուկայի հարցով
Ովքեր չեն ասում ու ովքեր են ասում ամբողջ ճշմարտությունը Փակ շուկայի մասին- մաս 2
Ովքեր չեն ասում ու ովքեր են ասում ամբողջ ճշմարտությունը Փակ շուկայի մասին- մաս 1
Փակ շուկա… Մինչ նախագիծը քննարկվում է, «վանդալը բարբարոսաբար ոչնչացնում է հուշարձանը»
Փակ շուկա-«ֆորսմաժոր». Ձեզ ո՞վ էր ասում շենքին ձեռք տալ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան