Ժամանակակից արվեստի «չհասկացվածությունը». Բացահայտում է գրականագետ Հասմիկ Խեչիկյանը
Հայ հասարակությունը ժամանակակից արվեստին պատրաստ չէ...Հասարակության ճաշակով ուղղորդվելու դեպքում երբեք լավ արվեստ չենք ունենա: Ինչո՞ւ...
Panorama.am-ի զրուցակիցն է երիտասարդ գրականագետ Հասմիկ Խեչիկյանը:
-Երիտասարդ գիտնականները, ստեղծագործողները ինչպիսի՞ խնդիրների են այսօր հանդիպում: Իրոք, վիճակն այնքան վատ է, որ ինչպես պնդում են շատերը, գիտական ներուժը լքում է մեր երկրը: Ինչպիսի՞ հեռանկարներ կա մեր երկրում երիտասարդ գիտնականների համար: Կամ` կա՞ արդյոք:
-Չեմ սիրում բողոքական լինել, բայց կան լուրջ խնդիրներ: Այսօր, չգիտեմ մյուս ոլորտներում ինչպես, բայց հումանիտար ոլորտում ռեալ խնդիրներ կան, որոնք տարբեր բնույթի են. սկզբից կրթության հետ կապված, ի վերջո եվրոպական որակի կրթություն չենք ստանում: Պետհամալսարանն այսօր համարվում է լավագույն բուհը, քիչ թե շատ նորմալ կրթություն եմ ստացել, բայզ կուզենայի ավելի լավ կրթություն ստանալ: Այսօր շատ հարցեր մի քիչ պատահականության վրա են դրած. հանդիպես ճիշտ, լավ մարդկանց, որոնք քեզ ճիշտ կուղղորդեն, գոցե մի բան քեզանից դուրս գա: Հակառակ դեպքում, եթե հույսդ բուհի վրա դնես, լավ մասնագետ չես դառնա, ինքնակրթության վրա շատ բան է թողնված:
Արտահոսք կա, իհարկե: Կար ժամանակ, որ կատեգորիկ էի մոտենում այս խնդրին, մեջս հայրենասիրությունն էր խոսում: Այսօր ես ինքս դեմ չեմ գնալուն: Ուղղակի, երևի, հայ գրականությունն է իմ ոլորտը, ինչը ենթադրում է, որ դրսում հեշտ չես կարող ադապտացվել որպես մասնագետ, պետք է արտասահմանյան գրականությամբ զբաղվես: Ես այլևս չեմ մեղադրում ինչ-որ մեկին, որ գնում է: Մարդ նախ իր անձնական խնդիրները պետք է կարողանա լուծել, հետո նոր հայրենասիրությունը, մյուս բաները: Եթե մարդը կարող է դրսում ավելի լավ մասնագետ դառնալ, ավելի բավարարված զգալ իրեն, աշխատանքի ոլորտում անընդհատ զարգանալու հնարավորություն ունեն, ինչո՞ւ չպետք է գնա, ինչո՞ւ չպետք է այդ հնարավորությունից օգտվի:
Այսօր մեզ մոտ էլ սկսվել են քայլեր արվել, երիտասարդ գիտնականներին սկսել են աջակցություն ցուցաբերել (նկատի ունի` Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագիրը)` անցկացնելով տարբեր գրանտային ծրագրեր, որոնք կարող են լուրջ խթան հանդիսանալ երիտասարդ գիտնականների ու գիտական ոլորտի զարգացման համար: Ես ավարտելուց հետո երևի թե գիտությամբ դադարեցի զբաղվել: Մոտիվացիա չկա, ներքին մղումը քիչ է, դադարում ես առաջ գնալ: Լուրջ մոտիվացիա, ստիմուլ է պետք: Ավելի շուտ զբաղվում եմ կազմակերպչական աշխատանքներով, թեև արվեստի ոլորտի հետ եմ առնչվում, բայց մի բան ինձ մոտ պակաս է. թերիության զգացում կա:
-Ինչո՞ւ գիտնականները պետության կողմից պատշաճ ուշադրության չեն արժանանում, ինչ է` մեր երկրին գիտնականներ պետք չե՞ն:
-Ես էլ չեմ հասկանում: Բայց տարօրինակ է. մեր երկիրն այդքան ռեսուրսներ չունի, միակ պոտենցիալը մեր մտավոր ներուժն է, որը պետք է առավելագույնս օգտագործվեր: Փորձը ցույց է տվել, որ ունենք այդ մտավոր ներուժը, շատերը գնում են ու հեղինակավոր ընկերություններում աշխատում: Ափսոս չէ, որ այդ մարդկանց մենք թողնում ենք: Այդ ամեն ինչը մեր երկրում կարող ենք զարգացնել` մի քիչ պատկերացում ունենալով, որ ոչ թե միայն բիզնեսը պետք է զարգացնել, այլ գիտության ոլորտը մարտավորության մեջ ամենակարևոր կետը պետք է լինի: Ինձ այդ կերպ էր թվում: Ոչ մի կերպ չեմ հասկանում, որ մինչ օրս չի արվել ու նոր-նոր այդ ուղղությամբ փոքրիկ քայլեր են արվում:
- Ինչպիսի՞նն է այսօր գրող-գրականագետ կապը, գրականագետը ի՞նչ դերակատարում կարող է ունենալ գրողի ստեղծագործական կյանքում:
-Գրականագիտությունը կարող է լավ միջավայր, մթնոլորտ ստեղծել, որտեղ կծնվի լավ գրականություն: Գրող-գրականագետ համագործակցությունը կարող է լավ արդյունք տալ, բայց առաջատարը մնում է գրողը, գրականությունը: Գրականագետը գնահատողի դերում է, բայց ոչ պասիվ: Իսկ թե ուր է գնում ժամանակակից գրականությունը, գրողը, անհատը կորոշի: Այսօր երիտասարդ գրողների դաշտ է ստեղծվել, որտեղից կարող են խոշոր անուններ ծնվել: Չգիտեմ` հենց նրանց միջից դուրս կգա, թե նոր մեկը կգա, բայց այսօր ստեղծված դաշտը կտա այդ հնարավորությունը:
-Ասում են այսօր գրականության ոլորտում գլուխգործոցներ չեն ստեղծվում: Արդյո՞ք այդպես է, եթե այո` ի՞նչն է պատճառը:
-Մի շրջան կա, որ մեզ մոտ բաց է բոլոր ոլորտները: 1960-70 ականների սերունդը ուղղակի առանձնացավ` Հովհաննես Գրիգորյան, Հենրիկ Էդոյան, Արմեն Մարտիրոսյան, Վահագն Գրիգորյան: Շատ ուժեղ սերունդ է: Դրանից հետո լուրջ բաց առաջացավ: 90-ականներին ունեցանք արձակի հետաքրքիր սերունդ` Գուրգեն Խանջյան, Լևոն Խեչոյան, բայց այդ շրջանում ընդհանուր գրականության դաշտում, բոլոր ոլորտներում լուրջ բաց կար. մարդիկ ուղղակի չէին կարողանում զբաղվել արվեստով: Եկավ երիտասարդ սերունդ, որը նոր բան էր ուզում անել, ուներ քիչ թե շատ պայմաններ, որ զբաղվեր արվեստով: Բայց քանի որ իրենցից առաջ չկար սերունդ, իրենց թվաց, թե գյուտ են անում, բայց իրականում գնացին ու դարձան 1960-70 ականների անմիջական շարունակողը: Դրա համար պատահական չէ, որ այդ ժամանակվա ազդեցությունը մեր երիտասարդ սերնդի վրա շատ ուժեղ է:
-Գրականության ոլորտում քննադատությո՞ւն կա: Ընդունվո՞ւմ է: Ի՞նչ դեր կարող է կատարել առհասարակ քննադատությունը:
-Կարևոր դեր կարող է խաղալ: Երբ հավաքվում են երիտասարդ ստեղծագործողները, գրականագետները, պարզվում է, որ գրողներին հավասար քննադատներ ունեք: Գրող-քննադատ կապը ուժեղ է այսօր: Ես անցամբ խիստ եմ «Ցոլքեր» գրական խմբակի երեխաների հետ, որոնցից շատերը նախագահի մրցանակակիրներ են: Կարևոր է երիտասարդի համար քո խոսքը, բայց նաև ճակատագրական կարող է լինել: Եվ քննադատությունը, և գովեստը կարող է վնասել` կոտրել, կամ թևեր տալով` վնասել: Այս վտանգը կա ու հավասարակշռությունը, չափը պետք է պահպանել:
-Ինչպե՞ս կբնութագրեք այսօրվա գրականությունը, և ի՞նչ է ուզում այսօր կարդալ ընթերցողը:
-Ժամանակակից արվեստը` գրականությունը, ակադեմիական երաշտությունն իմ տարերքն է դարձել: Ինձ համար ամբողջ հայ գրականության մեջ ամենամեծ դասականների կողքին պակաս անուն չէ Հովհաննես Գրիգորյանը: Երիտասարդների մեջ կան անուններ, որոնք ինձ համար իսկապես հետաքրքիր են ու սպասում եմ նրանց նոր գործերին` Արամ Պաչյան, Հասմիկ Սիմոնյան, Մանե Գրիգորյան, Ռուզաննա Ոսկանյան: Հայ ժամանակակից, երիտասարդ կոմպոզիտորները դրսից պատվերներ են ստանում, դրսում պարբերաբար կատարվում է նրանց ստեղծագործությունները, մինչդեռ այստեղ…: Մեր հասարակությունը ժամանակակից արվեստին պատրաստ չէ, գրականությունը, երաժշտությունը մի քիչ առաջ է մեր հասարակությունից:
Հասարակության ճաշակով ուղղորդվելու դեպքում երբեք լավ արվեստ չենք ունենա, քանի որ հասարակության մեծ մասը փոփ արվեստի չափը կարող է ընկալել: Թեթև բանի են ձգտում, իսկ դա լուրջ արվեստ չէ: Այսօր բարձր արվեստը փոքր զանգվածի` հինգ հարյուր, հազար հոգու շրջանակներում է տարածված: Կան մարդիկ, ովքեր գալիս են ու միանգամից ժխտում են այսօրվա գրականությունը` Թումանյանին, Սևակին դեմ գրականություն է, կամ երաժշտությանը` Արամ Խաչատրյանին ժխտող երաժշտություն է: Նրանց ոչ ոք բան չի ասում, արժեքներ են, բայց քանի որ դպրոցում, համալսարանում սովորեցնում են հակադրել` թե այսօր Սևակ չի ծնվել, դրանով բացառում են այսօր ստեղծվածի արժեքավոր լինելը: Եթե մտավոր, որոշակի ներուժ ունեցող մարդիկ ծանոթանում են այսօրվա արվեստին, ընկնում է այդ միջավայր, դառնում է այդ գրականության ամենաուժեղ պրոպագանդողը:
-Ինչպիսի դերակատարում կարող է ունենալ այսօրվա գրողը մեր շուրջ առկա խնդիրների գոնե մասամբ լուծման գործում:
-Անմիջական ազդեցություն չի կարող ունենալ, նրանք իրենց գրականության մեջ արտացոլում են իրականությունը: Եթե կանգնի ու ճառեր ասի բեմահարթակից, այսօվա կեղտոտ պայմաններում վարկաբեկելու է դա իրեն: Լավ կլինի իր գրականությամբ ինչ-որ բանի ասի, իսկ հրապարակ դուրս գալն ու կոչեր անելը այսօրվա գրողին բնորոշ չէ: Արվեստագետի նպատակը պետք է լինի բարձր արժեք ստեղծելը: Դա, իմ կարծիքով, ավելի մեծ օգուտ է, քան գնալ ու կոչերով դիմել ժողովրդին:
Այսօր մտավորականի կերպարը վարկաբեկվում է: Ճիշտ է, մտավորականը սովորական մարդ է, բայց մի քիչ տարբերվում է, չէ՞. մի քիչ ուրիշ է, մի քիչ պետք է թողնել խորհրդավոր, հարգել մտավորականին, բայց մենք անընդհատ կոտրեցինք, կոտրեցինք այդ կերպարները: Այսօր սերիալային դերասաններին երկինք են հանում, իսկ հաղորդումների ընթացքում ձեռ են առնում գրողին: Դրանով հենց հասարակությանն են իջեցնում, իջեցնում: Մինչ ո՞ւր են իջեցնելու:
-Ըստ Ձեզ, ո՞վ է գրողը:
-Դժվար է ասել: Ինձ համար ժամանակակից պոեզիայի սիմվոլը Հովհաննես Գրիգորյանն է` և որպես բանաստեղծ, և որպես մտավորական նրա կերպարն առանձնանում է: Մեր սերնդի համար նա, Գուրգեն Խանջյանը թիկնունք են եղել, իրենք մեզանից սարքել են քննադատ, գրող, իրենք ստեղծել են այդ մթնոլորտը մեզ համար: Մտավորականի լավ տեսակը, իրոք, դա է: Մյուսներին չի հետաքրքում` իրենցից հետո թեկուզ ջրհեղեղ սկզբունքով են առաջնորդվում, իրենց գիրքը տպեն` հերիք է իրենց: Հովհաննես Գրիգորյանի կարծիքով` անտառը մի ծառով չի լինի, եթե չկան թփեր, այլ ծառեր, ուրեմն ինքն էլ մի օր ոչնչացման է դատապարտված: Այսինքն` իրենից հետո եկող սերունդը կապահովի հենց իր մնայնությունը:
Ի դեպ, նկատեմ, որ մեր զրույցը ընթանում էր Գրողների միությունում` հենց Հովհաննես Գրիգորյանի աշխատասենյակում:
«ՄԱՐԴԸ ԱՐՎԵՍՏԻՑ ՆԵՐՍ ՈՒ ԴՈՒՐՍ» շարքի նախորդ հրապարակումները`
Դերասան Միքայել Պողոսյան. Քննադատելու շատ բան կա, բայց դա էլ բանաձև, ապրելաձև չէ
Արվեստաբան Արաքսյա Սարյան. Գավառական մտածողություն ու միջին շնորհալի «տաղանդներ»
Երիտասարդ ռեժիսոր Շուշանիկ Գևորգյանը մտահոգ է… «Այսօր թատրոնը պարտվում է սերիալներին»
Դերասան Տիգրան Ներսիսյան. Բառեր կան, որոնք մեր իրականությունից դուրս են եկել… պարկեշտ… ծիծաղեցիք չէ՞
Արվեստագետ Ռուբեն Բաբայան. Մարդը գնալով դառնում է ավելի միայնակ
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին