Դավիթ Մուրադյան. Այսօրվա ժամանակը մինչև վերջ իր կերպարը չի գտել
«Եթե Համլետի հետ ամեն ինչ լավ լիներ, գրելու բան չէր լինի, եթե Պեպոյի բարաթը չկորեր, գրելու բան չէր լինի»… : Հասարակ մարդը չի սիրում ճգնաժամային պահեր, իսկ արվեստը սիրում է»: Panorama.am-ի զրուցակիցն է Հայկական ազգային կիոնակադեմիայի նախագահ, կինոգետ, գրող Դավիթ Մուրադյանը:
-Հասարակարգի, արժեհամակարգի փոփոխությունները ինչպիսի՞ ազդեցություն գործեցին հասարակության կյանքի վրա:
-Ամերիկացի փիլիսոփա և քաղաքագետ Պատրիկ Բյուքենենն իր գրքերից մեկում ասում է, որ այսօր աշխահում չեք գտնի մի ժողովուրդ, որն ամբողջությամբ նման լինի ինքն իրեն ինչպես 100 տարի առաջ էր: Անպայման ուզում ես բանավիճել, բայց հետո հասկանում ես, որ գոնե ճշմարտության կեսն է ասում այն իմաստով, որ փոփոխվող ժամանակն իր հետ մարդուն էլ է փոխում, հարաբերություններ են փոխվում: Ժամանակը ժամանակով են չափում և ոչ էլ անցյալով, թեպետ անցյալի մեջ կուտակվում է արժեհամակարգ: Բյուքենենի ասած կես ճշմարտությանն ավելացնենք իր չասած կամ չնկատած կեսը` ժամանակի ընթացքում մարդու դիմագծերը փոխվում են, բայց դեմքը մնում է նույնը: Դիմագիծն այն է, ինչ բերում է վերափոխված աշխարհը: Դեմքը այն է, ինչ բերում ես պատմությունից:
Իմ սերնդի աչքի առաջ առնվազն երեք անգամ շրջապատող աշխարհը փոխվեց: Յուրաքանչյուրն իր հետ բերում է իր ժամանակի մարդուն: Այդպես հետաքրքիր է, թեև դժվար:
Ի՞նչ է փոխվել: Ամենամեծ փոփոխությունն ազատությունն է: Դա հիմնարար փոփոխություն է, որովհետև մեր սերնդի մեծ մասի կյանքն անցավ հարաբերական ազատության պայմաններում, շատ հարցերում նորմավորված ազատության պայմաններում: Բայց ազատությունը մեկ օրում չեղավ, կաթիլ-կաթիլ նախապատրաստվեց՝ Պարույր Սևակի բանաստեղծություններով, «Գարուն» ամսագրով և այլն: Այսօր այդ ազատության մեջ երկու սերունդ է ապրում. մեկը, որ դա վաստակելու համար իր կյանքը ծախսեց, մյուսը` դա ստացավ: Եթե պատրաստի ստանում ես, մի քիչ անփույթ ես վարվում, եթե կյանքը ծախսելով ես ձեռք բերում ու փոխանցում զավակներիդ, ուզում ես ավելի լավ պահես, որովհետև եթե ազատության միջից հանում ես կուլտուրան, ստանում ես քաոս: Ազատությունը կարևոր բան է, քանի որ հարաբերվում ես աշխարհի հետ իբրև լիարժեք սուբյեկտ:
Մյուս փոփոխությունը հասարակության սոցիալական բևեռացումն է, որն իր հետ բերեց խնդիրներ: Կշեռքի հավասարակշռության խնդիր ունի ցանկացած հասարակություն: Նման պայմաններում ապրելն ավելի բարդ է, և ծնում է ինչպես իր ճգնաժամային պահերը, այնպես էլ հնարավորություն է տալիս, որ մշակույթը, արվեստը զարգանա, քանի որ արվեստը ճգնաժամային պահեր սիրում է, այնտեղ է գտնում ստեղծագործական հետաքրքրություն. եթե Համլետի հետ ամեն ինչ լավ լիներ, գրելու բան չէր լինի, եթե Պեպոյի բարաթը չկորեր, գրելու բան չէր լինի: Նման վիճակներ սիրում է արվեստը, իսկ սովորական մարդը չի սիրում:
Իրոք, կյանքը կտրուկ է փոխվել: Սա ոչ թե էվոլյուցիոն, այլ հեղափոխական փոփոխություն է: Այդ փոփոխությունները բերել են լիքը նոր բաներ:
Այսօրվա ժամանակը բավականին հակասակ է ու մինչև վերջ իր կերպարը չի գտել: «Հայակ-2012» մրցանակաբաշխությունում առաջին մրցանակին արժանացավ երիտասարդ ռեժիսոր Մարիա Սահակյանի «Այդ ես չեմ» ֆիլմը: Հայկական կինոյի ամենախորհրդանշական ֆիլմերից մեկը 1960-ականներին նկարահանված «Բարև, ես եմ» կինոնկարն է` իր ժամանակի մեջ իրեն գտած, ինքն ու իր ժամանակի, հողի հարաբերությունները գտած կենտրոնաձիգ հոգեբանությամբ մարդու մանիֆեստն է՝ «Բարև, ես եմ: Անհատի միջոցով ժողովուրդը վստահորեն ասում է՝ ահա ես: Հիմա ասում է` ես չեմ: Այսինքն ժամանակը դեռ իր եսը չի ձևավորվել և ինքն անկեղծորեն ասում է: Երկու ֆիլմերի արժեքը չեմ համեմետում, այլ երկու ֆիլմերը դիտարկում եմ որպես յուրաքանչյուրն իր դարափուլի վկայություն:
-Պարոն Մուրադյան, այսօր կա՞ կինոքննադատություն:
-Կինոն հասարակական արվեստներից է, հետևաբար հասարակական կարծիքը նշանակություն ունի: Բայց հայկական կինոն ամեն օր չի մտնում մեր կյանքի մեջ, նվազել է հասարակության կյանքում: Պատճառները հայտնի են. սկսած նրանից, որ չունենք կինոթատրոններ, սակայն եթե ունենայինք էլ, գուցե այնպես չգնային, ինչպես առաջ էր, քանի որ լիքը ուրիշ գնալու տեղեր կան, հեռուստատեսությամբ, ինտերնետով կինոն գալիս է տուն: Բացի այս, կինոարտադրությունն էլ մի ամբողջ շրջան նվազեց: Մարդն այսօր 10-12 ժամ աշխատում է, ավելի քիչ է հարաբերվում մշակույթի հետ:
Եթե մենք կինոքննադատությունը դիտում ենք իբրև օրվա ֆիլմի մասին կարծիք, դա էլ է նորմալ, կարող է լինել, երբեմն լինում է: Կա դրա ավելի լայն ընկալումը, հիմնավոր, երբ ժամանակ առ ժամանակ կինոն անցնում է ինչ-որ մի ճանապարհ, կուտակվում է ինչ-որ մի գեղարվեստական զանգված, ահա այդ դեպքում գրվում են վերլուծական հոդվածներ, որոնք քննում են այդ պրոցեսն արդեն ամբողջությունը, կինոյի և ժամանակի համապատասխանությունը կամ անհամապատասխանությունը: Մամուլին սա չի հետաքրքրում: Այդ կուլտուրան մեզ մոտ չկա: Մյուս կողմից քննադատը չի կարող անընդհատ գրել, ֆիլմը պետք է ասելիք տա: Երբեմն այդ ասելիքը հինգ տողով վերջանում է, երբեմն հնարավորություն է տալիս ընդհանրացումների, լռությունը երբեմն նույնպես գնահատական է:
Հասարակական պահանջմունքը եթե մեծանա, հեղինակներն էլ կշատանան: Այլ բան է, որ հիմա հասարակական հետաքրքրությունների սլաքը ուրիշ տեղ է: Սոցիալական, ներքաղաքական, արտաքին քաղաքական խնդիրներն ավելի շատ են ուշադրություն գրավում: Մեր երիտասարդ ժամանակներում այդտեսակ խնդիրները խոհանոցում էին խոսում, ի՞նչ պրոբլեմ սովետական մամուլում: Արվեստի միջոցով կարող էիր պրոբլեմ լուսաբանել: Դրա համար էլ այն ժամանակ ամբողջ հասարակությանն էր հետաքրքրում որևէ գրքի շուրջ գրված հոդվածները, բանավեճերը կամ որևէ ֆիլմ: Հիմա կարող է այդքան հասարակական պահանջարկ չկա: Սարսափելի բան չկա դրա մեջ:
-Պարոն Մուրադյան, այսօր հայկական կինոարվեստը հեռացել է հայ գրականությունից, արվեստի այդ երկու ճյուղերի միջև խզում է առաջացել: Ինչո՞ւ:
-Եթե դիտարկենք մեր կինոյի պատմության ընթացքը, նշանակալի, արժեքավոր ֆիլմերի մի գերակշիռ մասը, եթե ոչ ամենագերակշիռը, սկսած «Նամուս»-ից ու «Պեպո»-ից մինչև «Մենք ենք, մեր սարերը», «Եռանկյունի», կտեսնենք, թե ինչ բարերար ազդեցություն է ունեցել հայ գրականությանը հայ կինոյի ներսից: Ես չեմ ասում կինոյի վրա, այլ ներսից, քանի որ ռեժիսորի անհատականության խնդիրը կա, որը գումարում է իր անհատականությանը գրականությանը ու ստանում նոր որակ: Եթե «Պեպո»-ն կարդաք, կտեսնեք, որ «Պեպո» ֆիլմի կեսը պիեսում չկա: Բայց Բեկնազարովն իր համախոհների հետ այնպիսի ներմուծումներ էր կատարել, որ մեզ թվում է, թե Սունդուկյանի գրքում էլ գրված է: Էական է գրականության դերը կինոյի վրա, նույնիսկ Փարաջանովը, ով իր ինքնուրույն կինոաշխարհի ստեղծողն է, ապացուցում է հայ կինոյի կապը հայ գրականության հետ:
Խորհրդային պայմաններում հեղինակային կինոն առանձնապես խրախուսված չէր, քանի որ անհատկան հայացք ունենալ չէր կարելի, և այդ կարգի վերացումից հետո բոլորը նետվեցին հեղինակային կինո հասկացողությունը: Այս դեպքում ամեն ինչ ինքնդ ես անում, առանց հաշիվ տալու` արդյո՞ք ամեն ինչ ինքնուրույն անելու համար ներաշխարհի ու տաղանդի չափը բավարար է: Ուսանողը, որը պետք է դեբյուտ անի, ինքն է ուզում իր սցենարը գրել, երբ կողքին կա իր նման երիտասարդ սցենարիստ:
Երիտասարդ կինոն պետք է երիտասարդ գրականության կողմը նայի, միմյանց կգտնեն, արդյունքում կստանանք ավելի հետաքրքիր որակ: Այսօր նկատվում է, որ կինոն ուզում է գրականություն տեսնել կամ գտնել: Գրականությունը շուտ է նկատում կյանքի փոփոխությունները և արտահայտում է, քանի որ ֆիլմ նկարելը ծախսատար է, քան գիրք գրելն ու տպագրելը: Դասական գրականության հիման վրա ֆիլմ նկարահանելը մեծ ծախսեր է պահանջում` համապատասխան ժամանակաշրջանի հագուստներ, կահ-կարասի, միջավայր: Նույնիսկ Երևանի դասական Աբովյան փողոցում այլևս դասական գրականության հիման վրա ֆիլմ չես կարող նկարահանել, որն այնքան էլ լավ բան չի: Նկարահանեցին «Խաչագողի հիշատակարանը», «Արտիստը», «Սպանված աղավնին», որոնք ունեն իրենց լավ ու վատ կողմերը, բայց ինչո՞ւ նույն Րաֆֆու «Ոսկե աքաղաղը» չնկարահանեցին, որտեղ ներկայացված է բուրժուազիայի ձևավորումը, ավելի ժամանակակից կլիներ: Ընտրության հարց է: Մեր գրականության մեջ կան հետաքրքիր բաներ, որոնք համատեղ արտադրության հիմքեր են տալիս այլ երկրների հետ: Ամենակարևորը՝ պատմականորեն այդպես է. յուրաքնաչյուր կինոսերունդ իր ժամանակի գրականության հետ պետք է կարողանա գտնել ներդաշնակություն և միասին անել հայկական կինո:
«ՄԱՐԴԸ ԱՐՎԵՍՏԻՑ ՆԵՐՍ ՈՒ ԴՈՒՐՍ» շարքի նախորդ հրապարակումները`
ՀՀ ժողովրդական արտիստ Ռուդոլֆ Խառատյան. Մեր երկիրը շատ ափսոս է
Արսեն Գրիգորյան (Մրրո). Հոգու տկարություն... Ուղղակի մի քանի հազար դոլարի համար մարդ իրեն ծախում է
ՀՀ վաստակավոր արտիստ Նորայր Դավթյան. … ես երևի այդպես էլ զարմացած հրաժեշտ կտամ այս աշխարհին
Ժամանակակից արվեստի «չհասկացվածությունը». Բացահայտում է գրականագետ Հասմիկ Խեչիկյանը
Դերասան Միքայել Պողոսյան. Քննադատելու շատ բան կա, բայց դա էլ բանաձև, ապրելաձև չէ
Արվեստաբան Արաքսյա Սարյան. Գավառական մտածողություն ու միջին շնորհալի «տաղանդներ»
Երիտասարդ ռեժիսոր Շուշանիկ Գևորգյանը մտահոգ է… «Այսօր թատրոնը պարտվում է սերիալներին»
Դերասան Տիգրան Ներսիսյան. Բառեր կան, որոնք մեր իրականությունից դուրս են եկել… պարկեշտ… ծիծաղեցիք չէ՞
Արվեստագետ Ռուբեն Բաբայան. Մարդը գնալով դառնում է ավելի միայնակ
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին